Աշխատանքի տոնավաճառներ` Գյումրիում եւ Վանաձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 10:52

Oգոստոսին աշխատանքի տոնավաճառներ կանցկացվեն Գյումրիում եւ Վանաձորում: Դրանք կազմակերպում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը, մինչ աշխատանքի տոնավաճառը, նախապես ուսումնասիրություն է կատարվում տվյալ տարածքում’ պարզելու համար’ ինչ թափուր աշխատատեղեր կան:

«Յուրաքանչյուր մարզում էլ, իհարկե, աշխատանքի պահանջարկի առումով որոշակի տարբերություն կա, սակայն հիմնականում պատկերը նույնն է լինում: Պահանջվում են սպասարկման ոլորտի աշխատողներ, կար անողներ, հաշվապահներ եւ այլն»,-ասաց Ց. Բեժանյանը: Նրա խոսքով’ պահանջարկ ունեցող աշխատանքի տեսակի առումով տարբերություն կա Երեւանի եւ մարզերի միջեւ: Մայրաքաղաքում սպասարկման ոլորտի, բանվորական աշխատանքից բացի, պահանջվում են նաեւ բարձր որակավորում ունեցող, կառավարման օղակի մասնագետներ:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն այս տարվա ընթացքում արդեն 2 աշխատանքի տոնավաճառ անցկացրել է Սեւանում եւ Հրազդանում: Այս տարվա ընթացքում Գյումրիից եւ Վանաձորից բացի նախատեսվում է անցկացնել եւս 2 աշխատանքի տոնավաճառ, որից մեկը կլինի Երեւանում, մյուսը’ մարզերից մեկում, որը կհստակեցվի առաջիկայում:

2010թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել 6 աշխատանքի տոնավաճառ’ Գավառ, Վանաձոր, Իջեւան, Գյումրի, Աբովյան եւ Երեւան քաղաքներում: Ընդհանուր առմամբ 2010թ-ին կազմակերպված աշխատանքի տոնավաճառներին մասնակցել է շուրջ 280 գործատու եւ 17 հազար 800 աշխատանք փնտրող: Գործատուների կողմից ներկայացվել է շուրջ 1461 առկա եւ 825 սպասվող թափուր աշխատատեղ:

Զբաղվածության կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն’ տոնավաճառների արդյունքում աշխատանքի է տեղավորվել շուրջ 590 աշխատանք փնտրող:

 

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply