Հաջորդ ուսումնական տարվանից առնվազն երեք առարկայից կլինի շտեմարանային քննություն
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 10:48
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը լուրջ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հաջորդ ուսումնական տարվանից սկսած ընդունելության քննություններն անցկացվեն շտեմարանային սիստեմով:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, «Շտեմարան» ստեղծելու աշխատանքներով ԳԹԿ-ն զբաղվում է շուրջ 2 տարի: « ԳԹԿ-ն հավաքագրել է առաջադրանքների բազա, բայց պահանջվող քանակը լրացնելու համար մենք արդեն խնդրել ենք նաեւ ԿԳ նախարարությանը, որ իրենք էլ օգնեն»,- ասաց նա’ հավելելով, որ նախարարությունն էլ իր հերթին դիմել է դպրոցներին, որպեսզի նրանք օգոստոսին ներկայացնեն առաջադրանքների բազա’ յուրաքանչյուր առարկայից: «Դրանից հետո համապատասխան մասնագետները կնայեն դրանք, կընտրվեն լավագույնները, որոնք համապատասխանում են դպրոցական ծրագրերին, եւ կընդգրկվեն շտեմարանում»,- ասաց ԳԹԿ տնօրենը’ հույս հայտնելով, որ դպրոցները կներկայացնեն անհրաժեշտ որակի թեստեր :»Երբեմն ներկայացվում են արդեն տպագրված թեստեր, ինչն անթույլատրելի է»,- շեշտեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե հաջորդ ուսումնական տարում արդյոք բոլոր առարկաները կանցնեն ընդունելության այդ սիստեմին, Գ. Խաչատրյանը նշեց, որ եթե դա չվերաբերի բոլոր առարկաներին, գոնե հիմնականներին կվերաբերի: Նրա խոսքով’ դրանք են «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա» եւ «Ֆիզիկա» առարկաները: «Օրինակ ‘ աշխարհագրության դեպքում հնարավոր չէ պահանջվող քանակը լրացնել»,- նշեց նա’ հավելելով, որ պահանջված քանակ ասելով’ առայժմ հասկացվում է 5 հազար առաջադրանքը:






Facebook
Tweet This
Email This Post
