Տիգրան Սարգսյան. «Պետական փողերն ուղղվելու են այն համալսարաններին, որոնք որակյալ կրթություն են ապահովելու»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 9, 2011 21:53

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր մասնակցել է Ծաղկաձորում հուլիսի 3-ին մեկնարկած «Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցի փակման արարողությանը։ Կառավարության ղեկավարը հանդիպել է շուրջ 15 երկրի ավելի քան 100 ուսանող-ներկայացուցիչների, պատասխանել է նրանց հարցերին։

Տիգրան Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ներակայացրել է հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Ըստ նրա` ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի հարատև, շարունակական։ «Մարդն իր կյանքի ընթացքում պետք է մշտապես սովորի, հետևապես պետության կրթության համակարգն էլ պետք է կառուցված լինի այդ եղանակով»,-նշել է կառավարության ղեկավարը` շեշտելով, որ կրթական համակարգը պետք է կառուցվի ժամանակակից գիտելիքի վրա։ Նրա խոսքով` այդ շղթայում կենտրոնական դեր են կատարում համալսարանները։ Վարչապետը, ուշադրություն հրավիրելով լիսաբոնյան հռչակագրին, որը նկարագրում է թե համալսարաններն ինչ նշանակություն ունեն հասարակության մեջ, հայտնել է, որ դրանք ոչ միայն կրթելու, այլև գիտելիքը հասարակությանը կապելու համար են։ Տիգրան Սարգսյանի խոսքով` կրթված է համարվում այն հասարակությունը, որը տարվա ընթացքում ավելի շատ նորարարություններ է կարողանում գրանցել։ «Հայաստանում մենք ունեինք պետական և մասնավոր համալսարաններ, որոնց թիվը հասնում էր 100-ի, բայց կրթության որակի տեսանկյունից դրանք չէին համապատասխանում տարրական չափանիշներին։ Կրթական բարեփոխումների շրջանակում մեր առաջին քայլը խիստ չափանիշների սահմանումն էր։ Այս պայմանները ներառում են ինչպես տարածք, ենթակառուցվածքներ, այնպես էլ որակյալ դասախոսական կազմ ունենալու հարցեր։ Նման պարագայում խնդիր է առաջանում. եթե նման չափանիշներով համալսարաններ հայտնվեն շուկայում, ինչպիսի՞ մրցակցություն պետք է լինի նրանց միջև։ Մենք ասում ենք, որ մրցակցությունը պետք է լինի արդար և ազնիվ։ Պետությունն էլ իր պահվածքով իրավունք չունի շուկայական շեղումներ մտցնել այդ գործընթացում` ֆինանսական «ներարկումը» դարձնելով արդար ու ազնիվ»,- ասել է վարչապետը` ընդգծելով, որ նման պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է նաև այլ ծառայություն` ակրեդիտացիայի մատուցում, որը սահմանում է հստակ չափանիշներ ակրեդիտացիայի համար։
Վարչապետի խոսքով` հավատարմագրող այդ սուբյեկտը պետք է ունենա համապատասխան կարողություններ` գործընթացը կազմակերպելու համար։ «Իսկ հավատարմագրում կնշանակի, որ այդ համալսարանները ունեն բարձր որակներ։ Հավատարմագրված համալսարանները ազդակ են ապագա ուսանողների համար` լավագույն բուհերի միջև ընտրություն կատարելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը` հաջորդ շահագրգիռ սուբյեկտը համարելով համալսարաններին, որոնք անցնելով ակրեդիտացիա շատ հեշտությամբ կարող են իրականացնել ուսանողների փոխանակում` նպաստելով երիտասարդների` համաշխարհային կրթական ցանցում հայտնվելուն։
Տիգրան Սարգսյանը հատկանշական է համարել ուսանողների դերն ու նշանակությունը, շեշտելով, որ այդ պատճառով է կարևորվում նման միջոցառումների անցկացումը։ Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ նման դպրոցների կազմակերպումը Հայաստանի կողմից շարունակական բնույթ է կրելու։ Վերջում վարչապետը դիմել է ուսանողներին, ասելով. «Ստացե’ք որակյալ կրթություն, ձեռք բերեք գիտելիքներ, և դուք անպայման աշխատաշուկայում կգտնեք ձեր տեղը»։
Ամառային դպրոցի կազմակերպման աշխատանքներում Կրթության և գիտության նախարարությունից բացի, ակտիվ ներգրավված են եղել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիան։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Բոլոնիայի գործընթացը համանախագահում են Հայաստանը և Լեհաստանը։

 

 

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply