ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 9, 2011 14:17

Հուլիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը: Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, զորամասի, գումարտակի, դիվիզիոնի, վաշտի, մարտկոցի հրամանատարներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթում մասնավորապես ասել է.

«Հարգելի հյուրեր,

պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

կոնֆերանսի մասնակիցնե՛ր

Ողջունում եմ բոլորիդ երիտասարդ սպաների համաբա­նա­կային անդրանիկ կոնֆերանսում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման գրեթե 20 տարիների ընթացքում առաջին անգամն է անցկացվում նման ընդգրկուն հավաք-կոնֆե­րանս, որին մասնակցում են և՛ բանակի ստեղծման ակունքներում կանգնած, և՛ միջին սերնդի, և՛ տակավին երիտասարդ սպաներ, և, այս իմաստով, այսօր հիրավի հիշարժան օր է:

Այսպիսի համաժողովի կազմակերպումը Օպերայի ու բալետի ազգային ակա­դե­միական թատրոնի դահլիճում և ՀՀ Նախագահ, Գերագույն գլխավոր հրամա­նատարի մասնակցությունը, ինքնին վկա­յում են, որ մեր բանակի երիտասարդ սպաների ծառայո­ղա­կան, կենցաղային ու մյուս բոլոր հիմնախնդիրներն իսկապես գտնվում են պետու­թյան ղեկավարության, պաշտպանության նախարարու­թյան ղեկավար կազմի և ողջ հրամանատարության հոգածության ներքո: Պարզ է նաև, որ կոնֆերանսի կազմա­­կեր­պումն ինքնա­­նպատակ չէ: Այն առաքելություն ունի հաստատելու երի­տա­սարդ սպայի վիթխարի տեղն ու դերը հայոց զինված ուժերի մար­տունակության և ընդհանրապես պետության պաշտպանունա­կու­թյան գործում և հավաստելու մեր զինված ուժերի ողջ անձնա­կազմի միակամության, փոխադարձ վստահության և հարգանքի, սերնդափո­խության առողջ ընթացքի մասին:

Բովանդակության առումով կոնֆերանսի անցկացումն ինձ համար կրկնակի կարևոր ու անհետաձգելի է, քանի որ մենք այսօր հստակ որոշում ենք կայացրել` «Դեմքով շրջվել դեպի երիտա­սարդ սպան»: Ըստ իմ անկեղծ կարծիքի` մարտունա­կության բարձրացման չափազանց ճկուն մե­խա­­նիզմ, որը մեծ արդյունավե­տու­թյամբ կգործի, եթե երիտա­սարդ սպան գիտակցի, որ հիմա` հենց այս երիտասարդ տարիքում ինքը պիտի անխնա աշխատի, որ միայն հիմա է ի վիճակի կրելու ծառա­­յության բոլոր դժվարու­թյունները և ամենամեծ պահանջները դնելու իր անձի առջև:

Ես կուզենայի երիտասարդ սպաներիդ որոշ ուղեցուցային խորհուրդներ տալ, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, ուրվագծել մեր զինված ուժերում այսօր իրակա­նաց­վող հիմնական գործըն­թաց­ները: Ինչպես սպայական ուսադիրներ կրող յուրաքանչյուր ոք, դուք ևս պետք է հստակ պատկերացնեք, թե ինչ ծրագրեր են իրագործվում զինված ուժերում և ինչու` դրանց շարունակա­կա­նությունն ապահովելու համար:

Սկսեմ նրանից, որ լավ սպային բնութագրող առաջին հատ­կանիշն է պետության ներսում և հասարակության մեջ իր տեղի և դերի խորը գիտակցությունը: Համոզված եմ, որ բոլորդ արդեն գերազանց պատկերացնում եք արհեստավարժ զինվորականի և հատկապես սպա-հրամանատարի մասնագիտությանը զուգակցվող դժվարություններն ու զրկանքները: Եվ այս պայմաններում մասնա­գի­տության նշանակության և ստանձնած պարտավո­րու­թյան գիտակցությունն է, որ ուժ ու եռանդ է տալիս երիտասարդին իր ճանապարհը հարթելու գործում: Նշյալ ահռելի պարտավո­րու­թյունն առավել պատկերավոր ներկայացնելու համար կցանկանայի բերել հետևյալ օրինակը. եթե ուսուցիչն ու դասախոսը պատաս­խանատու են կրթության որակի համար, իսկ բժիշկը` անհատի առողջության համար, ապա դուք պատասխանատու եք մի ամբողջ ազգի անվտանգության և այդ ազգի` արյան գնով ձեռք բերած պետակա­նության պահպանման համար: Այդ հսկայական պատաս­խանատ­վությունը հավասարաչափ բաշխված է բոլորիս միջև, և միաժա­մա­նակ յուրաքանչյուրինս է ամբողջովին: Եվ միայն նա, ով ծառայում է այդ պատասխանատվության խորը գիտակցությամբ, սպա կոչվելու իրավունք ունի:

Ներկայումս ՀՀ զինված ուժերում իրականացվում են նախ­կինում նախադեպը չունեցող ծավալուն աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են Հայոց բանակի հզորացմանն ու վերջինիս կարողությունների համապատասխանեցմանը առկա մարտահրա­վեր­ներին: Նշյալ ծավալուն գործըն­թացը մենք հակիրճ անվանում ենք «զինված ուժերի զարգացում», որի որակից ու արդյունքներից է կախված մեր երկրի անվտանգությունը: Խոսելով զինված ուժերի զարգացման մասին` կուզենայի նշել, որ այդ գործընթացի համար հիմք հանդիսացավ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ պաշտ­պանական գերատեսչության կող­մից իրականացված «Պաշտ­պա­­նության ռազմավարական վերանա­յումը»: Այս գործընթացի ա­վար­տը, որը տեղի ունեցավ մոտ մեկ ամիս առաջ, թույլ տվեց ուրվա­գծել մեր զինված ուժերի զարգաց­ման հետագա ուղղությունները` ըստ առաջնայն­ությունների: Չնայած բարեփոխման ու վերանայ­ման են ենթարկ­վում մեր զինված ուժերի բոլոր բնագավառները, դրանցից առավել առաջ­նայիններն են զորային պլանավորման, ռազմական արդյու­նաբե­րու­թյան, նյութատեխնիկական ապա­հով­ման, կադրերի կառա­վար­ման համա­կար­գերի ու պրակտի­կայի կատարելագործումը, ինչպես նաև պահեստազորի անձնակազմի և մարտական պատրաս­տության ծրագրերի բարելավումը: Կուզե­նայի ձեզ տեղեկացնել ռազմական կրթու­թյան ոլորտում իրակա­նացվող բարեփոխումների մասին. մենք կընդլայնենք բազմաս­տիճան ռազմական կրթություն ապահովելու մեր ազգային կարողու­թյունները` հարթելով ձեր առաջ­խաղացման ուղին: Ոչ պակաս կարևորում եմ պայմանա­գրային սերժանտական համակարգի ներդրումը, որը կրտսեր հրամանա­տա­րական լիովին նոր ավան­դույթներ կստեղծի զինված ուժերում` զգալիորեն թեթևացնելով սպաների աշխատանքը և հնարավո­րու­թյուններ տալով նրանց առավել կենտրոնանալ ենթակա ստորա­բա­ժանումների մարտու­նակության բարձրացման խնդիրների վրա:

Տվյալ նպատակների իրականացումը ակտիվ ջանքեր ու անձ­նվեր աշխատանք է պահանջելու ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներից, այլև զինված ուժերի ամբողջ անձնակազմից: Եվ այդ աշխատանքի բեռը, ինչպես նաև դրա որակի պատասխանատվությունն ընկնելու է հատկապես երիտասարդ սպայի ուսերին: Այստեղ նստածներիդ մեծամաս­նու­թյունը վաշտի, մարտկոցի հրամանատարներ են և պետք է լիովին գիտակցեն իրենց աշխատանքի կարևորությունը: Ես միշտ ասել ու հիմա էլ կրկնում եմ` որպեսզի մենք կարողանանք զինված ուժերի հրամանատարական կազմի միտքը` պլանավորված միջո­ցա­ռումները, իրապես կենսագործել, պետք է կայացնենք այն օղակ­ները, որոնց վրա է հիմնականում դրված գործնական աշխա­տան­քի ծանրությունը: Դա վաշտ-մարտկոց օղակն է: Անտիկ շրջանի հռո­­մե­ացի մի փիլիսոփա գրել է. «Այն, ինչ պիտի ելնի ամենաբարձր տեղը, սկիզբ է առնում ամենաներքևներում»: Կենսականորեն անհրա­ժեշտ է, որ պաշտպանության նախարարի կամքն ու նպա­տակը ամրապնդվեն նրանից բազմաթիվ աստիճաններ հեռու, իր ամենօրյա մտորումներում իշխող մարտական յուրաքանչյուր միա­վորումում` հատկապես գումարտակում, դիվիզիոնում, վաշտում, մարտկոցում, դասակում, ջոկում, հաշվարկում, անձնակազմում: Համոզվա՛ծ եղեք` հաջողություն ունենալու համար հենց այս` ամենացածր օղակներից է պետք սկսել` ձեր ենթակայության տակ գտնվող օղակներից, այսինքն` հաջողության կամ ձախողման հիմքը դնում եք հենց դուք: Իսկ հաջողությունը կամ ձախողումը միայն մերը չեն, դրանք մեր դեպքում համապետական ու համա­հայկական են: Կարելի է վստա­հա­բար ասել` ոչ մի բարեփոխում չի կարող արդյունավետ լինել, եթե այն չընկալվի կրտսեր հրամանա­տարի կողմից, քանի որ հենց նա է այդ բարեփոխումներն իրակա­նացնողը: Բացի այդ, նշյալ առաքելու­թյունը կյանքի կոչելու համար երիտասարդ հրամա­նա­տա­­րից կպահանջվի մի շարք որակական հատկանիշների առկա­յու­թյուն: Հայրենիքին, զինվորական երդմանը նվիրված, բարեկիրթ, խելա­ցի, պատվախնդիր, սկզբունքային, պա­տաս­­խա­նա­տու, համար­ձակ, համբերատար, ազնիվ, աշխատասեր, համեստ, բարոյապես անա­ղարտ, արդարամիտ, հռետորական ձիր­քով և հումորի զգացումով օժտված, ենթակայի նկատմամբ խստապահանջ ու միաժամանակ բարյացակամ ու հոգատար. միայն այսպիսի հատկանիշներ կրող անհատները կարող են իրակա­նացնել հայ սպայի ռազմական առաքելությունը: Այստեղ տեղին կլինի հնչեցնել Հանրապե­տու­թյան նախագահի հետևյալ խոսքերը. «Միջնադարյան հայ ազնվակա­նու­թյան առաքե­լության այսօրվա կրողները, ռազմա­կան ավան­դույթ­ների ժառան­գորդը Հայաստանի Հանրապետու­թյան զինված ուժերի երիտա­սարդ սպաներն են, որոնք մեր հասա­րա­կության ամենա­պատ­րաստված շերտն են` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիք­նե­րով, թե՛ ֆիզիկապես: Սպայա­կազմը պետության ողնա­շարն է: Այն ամուր է և ուղիղ այնքանով, որքան նրա սպայակազմը»:

Շատ կարևոր է, որպեսզի հրամանատարը կարողանա հաս­կանալ ենթակայի հոգսերն ու աջակցել վերջինիս: Ենթակաները պետք է զգան, որ հրամանատարը հոգատար է իրենց հանդեպ, մտածում է իրենց մասին: Ցանկալի է, որպեսզի հրամանատարը կա­րողանա երբեմն իրեն զգալ ու հանդես գալ որպես զինվոր, այսինքն` մտնել զինվորի վիճակի մեջ, հասկանալ նրան, պատ­կերացնել այն դժվարությունները, որոնք զինվորները պետք է հաղթա­հարեն: Զինվորը պետք է տեսնի, որ հրամանատարն իր հետ կիսում է ծառայության ողջ դժվարությունը: Օրինակ` հիշենք 2008 թվականի այն դեպքը, երբ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Մարտիրոս­յանը (ներկայումս` ՄՊՎ-ում ավագ սպա) իր մարմնով նռնակի բեկորներից ծածկել էր ենթակա զինվորին, կամ 2010 թվականի մայիսին տեղի ունեցածը, երբ 21127 զորամասի դասակի հրամա­նատար, լեյտենանտ Արմեն Հարու­թյունյանը (ներկայումս` նույն զորամասում վաշտի հրամա­նա­տար, ավագ լեյտենանտ) երկու վիրավոր ենթականերին դուրս էր բերել ականապատված դաշտից: Հիմա, դո՛ւք դատեք, ինչպե՞ս կարող են ծառայության ինչ-որ հարցում զլանալ նույն այդ հրամա­նա­տար­նե­րի ենթակայությամբ ծառայող մյուս զինվորները, ովքեր ականատեսն են այս ամենի:

Վերը նշվածը նաև անձնական օրինակի փայլուն դրսևորում է, իսկ դաստիարակության այս մեթոդը նույնպես անչափ արդյունա­վետ է և զինվոր-հրամանատար հարաբերություններում մեծ դեր է խաղում: Ցանկացած բանակի մարտունա­կության բարձրացման ամենագլխավոր ու թերևս անփոխարինելի գրավականը եղել ու մնում է ազնիվ գաղափարներով թրծված և իր ծառայողական ու մասնագիտական պարտականություններին լավագույնս տիրապե­տող զինվորը: Իսկ նման որակներով օժտված զինվոր դաստիա­րակելու համար առաջին հերթին ինքներդ պիտի լինեք այդպիսին` օրինակ ծառայելով ձեր ենթակաների համար:

Անկասկած, բոլոր հաջողությունները, մանր ու մեծ ձեռքբերում­ները կայանում են հրամանատար-ենթակա ամուր կապի, փոխա­դարձ հարգանքի ու վստահության շնոր­հիվ: Եվ ընդհակառակը` գրեթե բոլոր դժբախտ պատահարների ու թերացումների պատ­ճառը բոլոր կարգի հրամանատարների ու ենթակաների ոչ ճիշտ փոխհ­ա­րա­բերություններն են, մի դեպքում` հրամանատարի ոչ ճիշտ մոտե­ցումը, մի այլ դեպքում` ենթակայի ոչ գիտակցական վերաբերմունքը:

2011 թվականի առաջին կիսամյակը հայտարարվել է «Կարգա­պահության ամրա­պնդման կիսամյակ»: Կուզենայի հատուկ ընդգծել Ձեր` երիտասարդ սպաներիդ մեծ դերը զինված ուժերում կարգա­պահության ամրապնդման առումով: Այստեղ ձեզանից իսկապես շատ բան է կախված, քանի որ հենց երիտասարդ սպան է զինվո­րին ամե­նա­մոտը կանգնած: Ինչպես նշեցի, դուք, զինվոր­ների համար հանդիսանալով հրամանա­տար և առաջնորդ, նաև օրինակ եք ծառայում: Ուստի ձեր կարգապահության լավագույն դրսևո­րու­մը ինքնակարգապահությունն է, որը ներքին մտազգաստության հետ մեկտեղ, ձեզ համար պետք է դառնա կենսաձև: Միայն այդ դեպքում դուք բարոյա­կան իրա­վունք կունենաք զինվորների հան­դեպ լինելու խստա­պահանջ և զերծ կմնաք կամայա­կանություն­ներից: Տարվա սկզբին ես խոստացա առաջին կիսամյակից հետո պարգևա­տրել կարգա­պա­հության մեջ աչքի ընկած լավագույն­ներին, որը կկազմի մեր բոլոր գու­մար­տակների ու դիվիզիոնների, վաշտերի ու մարտ­կոց­ների ընդհանուր թվի 19 տոկոսը: Այսօր ես մեծ ուրախու­թյամբ կկա­տա­րեմ իմ խոստումը` հայտարարելով նաև, որ բոլորիս նվիր­ված աշխատանքի շնորհիվ այս կարևոր ոլորտում, իրոք, հաջողու­թյունն առկա է:

Զինվորներն են բանակի ամենամեծ արժեքը, ում դուք պիտի փայ­փա­յեք ու սովորեցնեք այն ամենը, ինչ ժամանակին սովո­րեց­րել են ձեզ, վերացնեք ձեր և ենթակաների միջև առաջացող հոգե­կան անջրպետն ու նրանց դարձնեք ո՛չ թե նսեմացած և «կույր» ենթա­կաներ, այլ ինքնուրույն մտածող, նախաձեռ­նող ու համար­ձակ մարտիկներ: Հավատացնում եմ, որ այդպիսի ենթականեր ունեցող պետն է միայն ունակ իր ստորաբաժանման կազմով մեծ հաջո­ղու­թյան հասնելու: Ինձ վրա մեծ տպավորություն է գործել ռուսական պատմությունից մի դրվագ: 1725թ. Հյուսիսային պատե­րազմում փա­ռաբանված իշխան գեներալ-ֆելդմարշալ Գոլիցինը Շլիսելբուրգի (Նոտեբուրգի) գրավման ժամանակ` երկու անհաջող գրոհից հետո, ստանում է թագավորի կտրուկ հրամանը` անհա­պաղ նահանջել ամրոցի պատերից: Հրամանը չկատարելու դեպ­քում թագավորը սպառնում է, որ գլուխը կպոկի ուսերից (այսինքն` մահապատժի կենթարկի): Սակայն իշխանը չվախեցավ պատաս­խանել, որ իր գլուխը վաղը ևեթ կլինի թագա­վորի տրամադրության տակ, իսկ այսօր նա դեռևս կծառայի իրեն, և երրորդ գրոհով վերց­րեց ամրոցը: Արդյունքում գլուխը կորցնելու փոխարեն` իշխանը մեծարվում է:

Երբեք մի՛ մոռացեք, որ ձեզ բարձրացնո՛ղն էլ, նսեմացնո՛ղն էլ զինվորն է: Նրա հետ են կապված ձեր հաջողությունները և, ամենակարևորը, անխուսափելիորեն միմյանց են փոխկա­պակց­ված նաև ձեր ճակատագրերը: Այս մասին շատ դիպուկ է ասել ռուս մեծ իշխան և զորավար Դմիտրի Դոնսկոյը` Կուլիկովյան հայտնի ճակատամարտից առաջ հանդես գալով զորքի առջև. «Իմ սիրելի՛ եղբայրներ, ահեղ օրը մոտեցել է,- ասել է նա,- մենք վաղը ճակա­տամարտելու ենք, և բոլորս խմելու ենք նույն գավաթից»: Ահա սա՛ պիտի գիտակցի յուրաքանչյուր հայ սպա, որ Աստվածա­շնչում հիշա­տակվող «դառնության բաժակը» ինքը անհրաժեշ­տության դեպ­քում իր զինվորի հետ պիտի խմի:

Զինվորների համար դուք պետք է լինեք ուսուցիչ ու առաջ­նորդ, այն մեկը, ով արևի, անձրևի թե ձյան տակ մշտապես քայլում է բոլորի առջևից, ծառայության ընթացքում խստորեն պահանջում, իսկ դժվար պահին` թիկունք կանգնում զինվորին: Այդպիսին եմ  պատկերացնում մեր բանակի սպային ու հրամանատարին: Դուք եք մեր բանակի ապագան, մեր բանակի ապագայի բարձրաս­տի­ճան հրամանատարները: Այժմ մշակվում են զինվորական պաշ­տո­նի նշանակման և առաջ­խա­ղացման առավել արդար, ճկուն ու թա­փանցիկ մեխանիզմներ, զարգացվում է զինծառայողների սոցիա­­լա­­կան խնդիր­ների լուծման ասպարեզում հանրապետության ղեկավա­րու­թյան և պաշտպա­նու­թյան նախարարության որդեգրած ուղե­գիծը: Մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպա­յի կերպարն ու նրա վարքա­գիծը լինեն ամենադրվատելին ու ամե­նա­օրինակե­լին, և չեմ խուսա­փում այս բառերն ասելուց, հասա­րակության մեջ դուք պիտի իրա­պե՛ս բարի նախանձ առաջացնող դիրք ունենաք: Մենք ընտրել ենք այս ճանապարհը, և տարա­կու­սանք չունենաք, որ հասնելու ենք մեր նպա­տակներին: Հույս ունեմ, որ դուք ևս ջանքեր կգործադրեք դրանք իրագործելու համար:

Հայ ժողովուրդը սիրում է իր բանակն ու հավատում նրան: Արժանի՛ եղեք այդ վստահությանը ձեր անմնացորդ ու նվիրված ծառայությամբ: Մեջբերեմ լուսահոգի Վազգեն Սարգսյանի դիպուկ խոսքերը. «Հայոց բանակի սպան պետք է ամենա­արտոն­յալ խավը լինի հանրապետությունում: Դա ոչ այնքան սպային է պետք, որքան` հասարա­կությանը»: Հավատացա՛ծ եղեք, որ հանրա­պետության ողջ ռազմաքա­ղաքական ղեկավարությունը, ողջ հասա­րա­կությունը կանգնած են ձեր թիկունքին և չեն խնայում ձեզ համար ոչինչ:

Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ բոլորիս միասնական կամք ու եռանդ, նվիրում և պատվախնդրություն: Համոզված եմ, որ դուք կլինեք Հայրենիքի արժանի պաշտպանները և մեր ընդհանուր գործի իսկական նվիրյալները:

Շնորհակալությո՛ւն ուշադրության համար»:

 

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply