ՀՀ վարչապետն այցելել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայկական գյուղ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 9, 2011 12:00

Դոնի Ռոստով կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան այցելել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայկական գյուղ: ՀՀ կառավարության ղեկավարը, ում Չալթրի հայկական համայնքը դիմավորել է մեծ խանդավառությամբ, ծանոթացել է տեղի հայության գործունեությանը, կենցաղին, պատմությանը:

ՀՀ վարչապետն այցելել է Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցի, ապա ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված հայ ժողովրդի` պատմության ընթացքում տված բազմաթիվ զոհերին նվիրված խաչքարի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ: Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը եղել է Չալթրի պատմաազգագրական թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանն ունի 8 հայկական գյուղ: Մյասնիկյանի շրջանում ընդհանուր առմամբ բնակվում է 30 հազար հայ, միայն Չալթրում` 15 հազար: Սուրբ Համբարձում եկեղեցու հոգևոր հայր Տեր Թադևոս Հայբարյանը նշել է, որ այստեղ հայապահպանությունը բարձր մակարդակի վրա է. «Ընտանիքներում երեխաներին դեռևս մանկուց են սովորեցնում հայերենը, պահպանվում են հայկական ավանդույթները` սկսած արհեստներից վերջացրած ճաշատեսակներով»: Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում է գտնվում նաև Նոր Նախիջևան հայկական քաղաքը:

 

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply