Գյումրու քաղաքապետարանի հավաստիացմամբ «Չերքեզի ձորի» որոշ հատվածներ վարձակալությամբ տրված են հանգստյան գոտիներ ստեղծելու նպատակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2011 13:12

Գյումրու «Չերքեզի ձոր» կոչվող, երբեմնի ծառապատ ու գեղատեսիլ տարածքի, գյումրեցիների միակ հանգստյան գոտուն սպասվող ճակատագրի, ինչպես նաև ձորում տասնյակ անօթևան ընտանիքների կողմից տեղադրված տնակների և ձորի հարակից տարածքում կառուցված քարաշեն ու կիսաքարաշեն բնակելիների օրինականացման խնդրի վերաբերյալ «Շիրակ կենտրոնը» անցած ամիս հանդես էր եկել հայտարարությամբ, ինչպես նաև տեղեկատվության հարցում էր հղել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ի զարմանս մեզ և ի տարբերություն նախորդ մեր հարցումների, քաղաքապետարանը այս անգամ բավականին արագ արձագանքեց, թեև ոչ բոլոր հարցերին է տվել սպառիչ պատասխան:

«Շիրակ կենտրոնի»  հունիսի 28-ին հրապարակած հայտարարությունում մասնավորապես ասվում էր (http://shirakcentre.org/hy/-/1010-shirak-centre-ngo).

«Վերջերս «Չերքեզի ձոր» են այցելել ինչ-որ անձինք և իբր թե սեփականաշնորհման համար բնակելիների ու զբաղեցրած տարածքների չափագրումներ են իրականացրել, դրա համար յուրաքանչյուր ընտանիքից գանձել են 20.000 – 30.000 դրամի չափով գումարներ: Բնակիչների պնդմամբ գումարների գանձման վերաբերյալ որևէ փաստաթուղթ իրենց չեն տվել, թաղամասում էլ ինքնակամ կառույցների օրինականացման գործընթաց  մինչև օրս չի սկսվել:
– Արդյո՞ք Գյումրու քաղաքապետարանը տեղյակ է «Չերքեզի ձոր» թաղամասի բնակչությունից չափագրման և քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու դեպքի մասին,
– եթե կատարվել է անօրինական գործողություն,  արդյո՞ք այդ մասին տեղյակ  է պահվել իրավապահ մարմիններին,
– Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով ո՞ր կազմակերպություններն են իրականացնում չափագրման և քարտեզագրման աշխատանքները,

– Գյումրու քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր ունի այդ թաղամասի բնակելիների օրինականացման և առհասարակ «Չերքեզի ձորի» վերականգնման ու զարգացման համար,

– արդյո՞ք «Չերքեզի ձորի» տարածքից որոշ հատվածներ տրված են երկարաժամկետ վարձակալության որևէ անհատի կամ կազմակերպության: Եթե այո, ապա ու՞մ, ի՞նչ հիմքով և քանի՞ տարի ժամանակով,
– եթե կանաչ տարածքը վերականգնելու նպատակով այնուամենայնիվ   բնակելիները ենթակա են քանդման, ապա ինչպե՞ս են լուծվելու այդ թաղամասում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպե՞ս է լուծվելու նաև այդ տարածքում գործող, Գյումրու ռուսական ռազմակայանին պատկանող հսկայական լվացքատունը տեղափոխելու հարցը, որի ծառայությունից օգտվող օրական  տասնյակ բեռնատար մեքենաներ են մուտք գործում «Չերքեզի ձորի» կանաչ տարածք»:

 

Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը մոտ մեկ շաբաթ անց` հուլիսի 7-ին «Շիրակ կենտրոնի»  էլեկտրոնային հասցեով և մեր կայքում հրապարակման խնդրանքով, ի պատասխան Գյումրու «Չերքեզի ձոր» տարածքում ինքնակամ կառույցների օրինականացման խնդրի վերաբերյալ մեր տեղեկատվության հարցմանն ի պատասխան ուղարկել է պարզաբանում, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Գյումրիի քաղաքապետարանը պարզաբանում է, որ Չերքեզի ձորի տարածքի բնակչությունից չափագրման և քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու կապակցությամբ, քաղաքապետարանն ահազանգ չի ստացել, հետևաբար չէր կարող այդ հարցի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին:

Գյումրու ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով չափագրման և քարտեզագրման աշխատանքներն իրականացվում են հանրապետությունում արտոնագրով գործող մի քանի կազմակերպությունների կողմից: Ուստի նշված տարածքի բնակիչների կողմից առաջ քաշած հարցերը սեփական նախաձեռնությամբ չափագրումների նպատակահարմարության վերաբերյալ, պետք է ուղղվեն նշյալ կազմակերպություններին:

Գյումրու քաղաքապետարանը Չերքեզի ձորի հետագա վերականգնումը և զարգացումը իրականացրել և իրականացնելու է հավատարիմ մնալով քաղաքի գլխավոր հատակագծին` որպես հանգստի գոտի:

Տեղեկացնենք, որ Գյումրու քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն, ժամանակավոր կառույցները միանշանակ չեն օրինականացվելու, դրանք ենթակա են տեղահանման, իսկ ձորի մեջ գտնվող տները, միանշանակ, չեն օրինականացվի:

Եվս մեկ անգամ շեշտենք, որ ձորի միայն վերևի հատվածում 50-60-ականներին կառուցված տների օրինականացման հարցը քաղաքապետարանը միշտ էլ պատրաստակամ է լուծելու:

Հարկ ենք համարում նշել, որ միայն հանգստի գոտիներ ստեղծելու նպատակով, թաղամասի որոշ հատվածներ քաղաքապետարանի կողմից տրված են վարձակալության: Ինչ մնում է թաղամասում բնակվողների բնակարանային խնդիրներին, ապա դրանք կլուծվեն համաձայն գործող օրենքի: Ի դեպ, ինչպես նշված է «Շիրակ կենտրոն» ՀԿ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցման մեջ, թաղամասի բնակիչների գերակշիռ մասը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:

Հարցման մեջ նշված տարածքում գործող ռուսական ռազմակայանին պատկանող լվացքատան շենքի խնդիրը կկարգավորվի ըստ տարածքի կառուցապատման և կազմակերպման նախագծի»:

 

 

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

 

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply