Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով եղել է Սանկտ Պետերբուրգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2011 11:57

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով հուլիսի 6-ից 8-ը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնական այցի առաջին օրը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից կազմակերպվել է ընդունելություն Սանկտ Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչների, գործարար շրջանակների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը հյուրերին է ներկայացրել Երևանի զարգացման հիմնական ուղղությունները, ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է հատկապես Երևանում բարենպաստ և հարմարավետ ներդրումային դաշտի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հուլիսի 7-ին կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Ընդգծելով կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ գործնական այս հանդիպումը նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:Ողջունելով  հայկական կողմին, Վալենտինա Մատվիենկոն էլ իր հերթին վստահեցրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել, և երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտ է:Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագիր: “Մենք այսօր ստորագրել ենք ծրագրային մեծ փաստաթուղթ Սանկտ Պետերբուրգի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև, որը իրականում կարող է շատ լուրջ հիմք հանդիսանալ: Ինչ խոսք, մեր առօրյա աշխատանքից է կախված  կիրառական արդյունքը: Այսօր մենք մեր գործընկերների հետ խոսել ենք և պայմանավորվել, որ յուրաքանչյուր կողմը առավելա•ույն ջանք կ•ործադրի, որպեսզի այդ փաստաթուղթը զուտ փաստաթուղթ չմնա: Կարծում եմ մենք կունենանք բավականին հետաքրքիր շարունակություն”,-նշել է Երևանի քաղաքապետը: Քառամյա ծրագիրը, որն ուղենշում է կոնկրետ ուղղություններ, նախատեսում է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև իրականացնել փորձի փոխանակման և ներդրումային ծրագրեր` մշակույթի, կրթության, աղբահանության, բնապահպանության, սպորտի և մի շարք այլ բնագավառներում:  Մասնավորապես աշխատանքներ կտարվեն առևտրատնտեսական ոլորտում կլոր սեղանների կազմակերպման, Սանկտ Պետերբուրգում և Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման, քաղաքային կառավարման և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման, ռազմավարական պլանավորման և սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ստորագրված ծրագրի համաձայն, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև աշխատանքներ իրականացնել Սանկտ Պետերբուրգում   ‘Երևան’ առևտրի տան հիմնման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ‘Երևան” և Երևանում “Սանկտ Պետերբուրգ” հյուրանոցների կառուցման մասով:Երկուստեք կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը: Ծրագիրը, ինչպես նշել են կողմերը կնպաստի Երևանի և Սանկտ Պետերբուրգգի միջև համագործակցության ամրապնդմանը. “Համոզված ենք, որ այս փաստաթուղթը  ճանապարհ կբացի տարբեր ոլորտներում համագործակցության համար: Մենք բաց ենք  գործակցելու` հյուրանոցների կառուցման, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության, առողջապահության և շատ այլ ոլորտներում: Արդար, հարմարավետ և գործնական  բիզնես միջավայրի ապահովումը  մեր թիմի առաջնային խնդիրն  է: Մենք ուզում ենք, որ մեր այցելությունը և  հանդիպումները նպաստեն մեր հետագա համագործակցությանը: Սանկտ-Պետերբուրգը մեզ համար եղել է և մնում է մշակույթի մեծագույն կենտրոններց մեկը: Եվ մենք, բնականաբար, ուզում ենք համագործակցել նաև մշակույթի ոլորտում: Ես ցանկանում եմ, որ մեր հանդիպումները լինեն պարբերական, և մեր պետերբուրգյան  գործընկերներին հրավիրում եմ Երևան:  Երևանը ունի հետաքրքիր  էներգետիկա: Ես համոզված եմ, որ ձեզ համար հետաքրքիր կլինի այնտեղ”,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետին է վերապահվել նաև Պետրոպավլովյան ամրոցից կեսօրն ազդարարող թնդանոթային համազարկի իրականացումը: Սա մի ավանդույթ է, որը սկիզբ է առել դեռևս Պետրոս առաջինի ժամանակաշրջանից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply