«Ոսկե ծիրանը» մեկնարկում է. Մոսկվա կինոթատրոնի տոմսերն այս տարի կարժենան 500 դրամ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 8, 2011 15:50

Այսօր երեկոյան հինգ հոգանոց խմբով Երևան կժամանակի հանրահռչակ պարսիկ ռեժիսոր Աբաս Քյառոսթամին: Այդ մասին այսօր լրագրողներին ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Նա պտտվելու է Հայաստանի տարբեր վայրերում և կիրականացնի վաղեմի երազանքը»,- ասաց նա:

Խաչատրյանն նախափառատոնյան վերջին ասուլիսում նշեց այն հիմնական բացը, որն առկա է. կինոթատրոնների ու տեղի սակավությունը:

«Դահլիճները չեն մեծանում, աթոռները չեն շատանում, հանդիսատեսը չի շատանում, բայց այդ խնդիրը կլուծվի,- ասաց նա,- ես հույս ունեմ, որ փառատոնի տասնամյակին այդ խնդիրը կլուծվի»:

Փառատոնի տնօրենն իրեն խոստացել է  խնդիրը լուծել. «Մենք կդիմենք կառավարությանը, պատկան մարմիններին, որպեսզի մենք ունենանք մեծ կինոթատրոն, որտեղ կտեղավորվեն մեր բոլոր հյուրերն ու կլինեն բացման ու փակման արարողությունները:

Կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: 60-ից ավել ֆիլմերում նկարահանված դերասանուհին «Մոսկվա» կինոթատրոնում ինքը կներկայացնի իր երկու` «Մոխիր և արյուն»  և «Բացակա երազներ» ֆիլմերը:

Նախապես հայտարարված Բերտրան Տավերնիեի այցը չի լինելու, քանի որ ռեժիսորը հիվանդ է:

Այս տարի Փարաջանովյան «Թալերներ» կստանան Ռոման Բալայանը, Բելա Տարը և Ֆանի Արդանը:

«Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ ցուցադրվելու է ֆիլմերի հիմնական մասը, տոմսի արժեքը նախորդ տարիների 300 դրամից դառնալու է 500 դրամ, քանի որ կինթատրոնի տնօրինությունը նորացրել է տեխնիկան: «Մնացած 1000 դրամը, ինչպես միշտ, փոխանցնում է Վիվասելը»,- ասաց Խաչատրյանը:

Երևանյան պրեմիերաների շարքում այս տարի հանդիսատեսին կներկայացվի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրներին` Թերենս Մալիքի «Կենաց ծառը»` «Ոսկե արմավենու ճյուղ», Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»` «Գրան պրի», Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա»` «Լավագույն դերասանուհի» Քիրսթեն Դանսթ:

8-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիները:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի հանրահայտ «The Guardian» –ի և «London Evening Standard»–ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը:   Ժյուրիի մյուս անդամներն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Չհո Յոուն-չուն, Հայաստանից Վահագն Տեր-Հակոբյանը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթը կդատի բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովի գլխավորած ժյուրին: Մյուս անդամներն են Ալես Դոկտորիչը (Իտալիա), Ամիր Էսֆանդիարին (Իրան), Պավել Կոստոմարովը (Ռուսաստան) և Նունե Հախվերդյանը (Հայաստան):

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթողին կորոշեն ժյուրիի նախագահ Ելենա Ստիշովան (Ռուսաստան), Արմեն Դովլաթյանը (Հայաստան), Նիրմալ Դհարը (Հնդկաստան), Օզջան Ալփերը (Թուրքիա) և Սվետլանա Գուլյանը (Հայաստան):

«Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) և Օլգա Շերվուդը (Ռուսաստան):

Բացի վերոնշյալներից, ֆիլմերը կդատեն նաև FIPRESCI և Էկումենիկ ժյուրիները: FIPRESCI ժյուրիի կազմում ընդգրկվում են Կինոգետների և կինոքննադատնեի միջազգային կազմակերպության անդամները:  Էկումենիկ ժյուրիի կազմում Եկեղեցիների համաշխարհային անկախ կազմակերպության անդամներն են:

 

 

 

Դիտվել է 1872 անգամ:
Print Friendly

Leave a Reply