Ա. Ավալյան. «Հանրային լողափերը կնպաստեն ներգնա տուրիզմի զարգացմանը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 8, 2011 15:39
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ’ Սեւան ազգային պարկի համապատասխան գոտում առանձնացվել են տարածքներ’ երկու հանրային լողափ ստեղծելու համար: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի կոորդինատոր Աշոտ Ավալյանը, երկու լողափերում էլ շինարարական աշխատանքները եւ կահավորումն ավարտված են, եւ մոտ մեկ շաբաթ է’ ինչ շահագործվում են: «Այդ աշխատանքների, լողափերի կարգաբերման համար հատկացվեց 66 մլն դրամ: Գումարներն այդ նպատակների համար ամբողջությամբ ծախսվել են»,- ասաց բանախոսը: Նրա հավաստմամբ’ հանգստացողների մոտ ծագած խնդիրներին շտապ արձագանքում են եւ լուծում տալիս: «Օրինակ’ լողափային թախտերի պակաս էր զգացվում, արդեն 100 հատ ձեռք ենք բերել եւ տեղադրել լողափերում»,- ասաց Ա. Ավալյանը’ տեղեկացնելով, որ խնդիրներին արձագանքելու համար գործում է «թեժ» գիծ’ 519182, 077 267044 հեռախոսահամարներով:
Ի դեպ, բացի պետական բյուջեից տրամադրված միջոցներից, կառուցել ենք երեք այլ հանրային լողափեր’ Շորժայում, Մարտունիից 6-7 կմ դեպի Վարդենիս ընկած հատվածում, Չիկալովկա գյուղի սահմաններում. այս լողափերում ծառայություններ դեռեւս չկան, բայց կա հարթ տարածք, իսկ մուտքն անվճար է: «Հանրային լողափերում բոլոր ծառայություններն անվճար են’ հանդերձարան, ավտոկանգառ, լողափային թախտերից օգտվել»,- ասաց նախարարության ներկայացուցիչը’հույս հայտնելով, որ այն կնպաստի ե’ւ ներգնա տուրիզմի զարգացմանը, ե’ւ արտասահմանցի զբոսաշրիկների թվի ավելացմանը. հանրային լողափերը ոչնչով չեն զիջում մասնավոր լողափերին, որտեղ բոլոր ծառայությունները վճարովի են:






Facebook
Tweet This
Email This Post
