Ե. Բոզոյան. «Պաշտոնական Երեւանը չի գնա այնպիսի լուծման, որը կվտանգի ԼՂՀ-ի անվտանգությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 8, 2011 15:38

Պաշտոնական Երեւանը չի գնա այնպիսի լուծման, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը’ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին:

Քաղաքագետի կարծիքով’ ադրբեջանցիները բանակցային այս փուլում փորձելու են անել հնարավորը բանակցային գործընթացն արհեստականորեն ձգձգելու համար, որպեսզի ինչ-որ բան կորզեն: Նա նկատեց, որ ոչ պաշտոնական մակարդակով խոսակցություններ էին տարվում, թե այդ հիմնարար սկզբունքները չաշխատող են:

«Կարծում եմ’ ադրբեջանցիները նման ձեւով հույս ունեն ճնշումներով, շանտաժով հասնել իրենց համար ցանկալի մի վիճակի»,-ասաց Ե. Բոզոյանը’ ավելացնելով, որ գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում: Ադրբեջանցիները պետք է որոշում կայացնեն’ իրենք պատրաստ են այդ սկզբունքների ներքո ստորագրել, թե ոչ:

«Մոսկվան հույսը չի կորցրել, որ մի հանգրվանի կհասնի: Եթե ոչ հիմնարար սկզբունքների, ապա որեւէ միջանկյալ մի փաստաթղթի ստորագրման հույս այնուամենայնիվ ունի: Կարծում եմ’ Մոսկվան ամեն ինչ կանի, որ իր առաքելությունը դրական արդյունք ունենա»,-ավելացրեց Ե. Բոզոյանը:

Անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Ընդհանուր արտաքին եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այն հայտարարությանը, ըստ որի’ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Մինսկի խմբին, Ե. Բոզոյանը նշեց, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձեւաչափով:

«Ադրբեջանը փորձում է խնդիրը տեղափոխել տարբեր կառույցներ, սակայն դրանք տակտիկական մոտեցումներ են, եւ բոլորն էլ հասկանում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին այլընտրանք չկա»,-ասաց Ե. Բոզոյանը:

 

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply