Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Մալայզիայի նորանշանակ դեսպանը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 8, 2011 14:23

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավ-արևելյան Ասիայի երկրներում հեղինակություն վայելող և այդ տարածաշրջանում խաղաղության, վստահության, անվտանգության մթնոլորտ ստեղծելու գործում կարևոր դերակատարություն ունեցող Մալայզիայի հետ խորացնելու քաղաքական երկխոսությունը, զարգացնելու տնտեսական և մշակութային հարաբերությունները:

Դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ձգտում է աշխարհի բոլոր պետությունների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հետաքրքրված է նաև Հայաստանի հետ կապերի խորացմամբ:  Դեսպանը վստահություն է հայտնել, որ հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զգալի ներուժ կա և հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` այդ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները միջազգային կազմակերպությունների շրջանակում ևս երկխոսությունն ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ունեն, որի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել:

 

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply