ՀՀ վարչապետն այցելել է Դոնի Ռոստովի «Ռոստսելմաշ» կոմբայնների գործարան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | July 8, 2011 14:20

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակներում այցելել է Դոնի Ռոստովի «Ռոստսելմաշ» կոմբայնների գործարան: ՀՀ կառավարության ղեկավարը Ռոստովի փոխնահանգապետ, գյուղնախարար Վլադիմիր Չերկեզովի և «Ռոստսելմաշ»-ի գլխավոր տնօրեն Վալերի Մալցևի ուղեկցությամբ եղել է լազերային և կոմբայնների հավաքման արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային գործընթացներին, արտադրական հզորություններին:

«Ռոստսելմաշ»-ի ղեկավարության հետ արդեն իսկ առկա է նախնական համաձայնություն` լիզինգային տարբերակով` ցածր` տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով և 7 տարի ժամկետով տեխնիկայի ձեռքբերման համար: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում «Ռոստսելմաշ»-ը հայկական կողմին կներկայացնի տեխնիկայի առաքման վերջնական սակագներն ու պայմանները:

«Ռոստսելմաշ»-ը ներկայում արտադրում է 20 տեսակի գյուղտեխնիկա, ունի 11 հազար աշխատող: Ձեռնարկության արտադրանքն արտահանվում է 26 երկիր: Վերջին 25 տարիների ընթացքում ռուսական ընկերությունը Հայաստան է առաքել 974 կոմբայն: Այս ձեռնարկությունը հանդիսանում է գյուղտեխնիկա արտադրող աշխարհի 5 հզոր ձեռնարկություններից մեկը: Այն ունի մասնաճյուղեր ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ուկրաինայում և Ղազախստանում:

Նշենք, որ նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինի հետ: Տիգրան Սարգսյանն այնուհետև կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Հաջորդիվ նախատեսվում է Տիգրան Սարգսյանի և Իգոր Լևիտինի համատեղ մամուլի ասուլիսը:

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply