Forbes-ի սկանդալային վարկանիշն ու Հայաստանը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 8, 2011 12:54
Հեղինակավոր Forbes պարբերականի կազմած սենսացիոն վարկանիշը դարձյալ ստիպեց կասկածի տակ դնել այդպիսի «սենսացիաների» օբյեկտիվությունը: Հիշեցնենք, որ աշխարհի 10 վատագույն տնտեսությունների շարքում Հայաստանը զբաղեցրել էր 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Մադագասկարին: Հայաստանին հաջորդում են Գվինեան, Ուկրաինան, Ճամայկան, Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան եւ Իրանը:
Դասակարգման համար չափանիշ են ծառայել 177 երկրների երեք տարիների, այդ թվում 2012-ի կանխատեսումները ՀՆԱ-ի, գնաճի, արտաքին առեւտրի սալդոյի եւ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը: Այս մի քանի ցուցանիշն էլ թույլ է տվել Հայաստանին դասել ամենավատագույնների շարքին:
Սակայն աբսուրդ է այն, որ սովից երեխաների մահացության բազմաթիվ դեպքեր ունեցող երկրները չեն հայտնվել այդ տասնյակում, իսկ Հայաստանը հայտնվել է: Մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավարը հայտարարեց, որ աշխարհում սովի է ենթարկված երեք միլիոն երեխա, եւ ամեն օր սովից մահանում է 18 հազարը: Այլ աղբյուրներից հայտնի է, որ սովի ենթարկված հետամնաց երկրներում լինում են նաեւ մարդակերության դեպքեր: Սակայն Forbes-ի վարկանիշում այդ երկրները չկան:
Իհարկե, Հայաստանի ժողովրդի բարեկեցությունն ամենեւին փայլուն չէ: Կա աղքատ եւ շատ աղքատ ընտանիքների շերտ: Սակայն մեր երկրում չկան կործանված տնտեսության, էթնիկ հակամարտությունների եւ սովի հետեւանքներ: Այնպես որ վարկանիշը թողնենք Forbes-ի խղճին: Իսկ մեր չինովնիկները, սկանդալային վարկանիշի օբյեկտիվությունը հերքելով, մոռանում են սեփական մեղքերի մասին: Հայաստանի ժամանակակից տնտեսությունը ձեւավորվել է երկու տասնամյակում եւ խեղումները պետական գերատեսչությունների վատ աշխատանքի հետեւանք են: 2009-ին ֆինանսների նախարարը հսկայական անկումը բացատրեց մասնավոր փոխանցումների կրճատումով: Սակայն նախարարը լռեց, թե ում մեղքով են այդ տասնյակ հազարավոր հայերը հայտնվել այլ երկրների վարձու աշխատողների թվում եւ չբացատրեց, թե ինչի հետեւանքով է մեր տնտեսությունը կախվածության մեջ ընկել այլ երկրների տնտեսությունների վիճակից:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
