Մանկավարժական համալսարանի ուսանողները ճանաչողական այցով մեկնել են Արցախ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2011 12:08

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 8-10-ն իրականացնում է «Այցելություն Արցախ» ճանաչողական ուխտագնացությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառման նպատակն է Մանկավարժական համալսարանի շուրջ 50 ուսանողներին, ովքեր չեն եղել Արցախում, ծանոթացնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձաններին, նրանց հնարավորություն ընձեռել այցելել ԼՂՀ թանգարաններ: Միջոցառումը կնպաստի երիտասարդների շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը եւ հնարավորություն կտա ճանաչել մեր հայրենիքը:

Ուխտագնացության մասնակիցները կծանոթանան նաեւ Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, կապեր կհաստատեն Արցախում գործող երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների հետ: Միջոցառման ընթացքում այցելություն կլինի Բերձորի թանգարան, Շուշի, Ստեփանակերտ, վերջերս պեղված Տիգրանակերտ քաղաքի ավերակներ եւ թանգարան, Գանձասարի եւ Ամարասի վանական համալիրներ: Նախատեսվում է երիտասարդների հանդիպում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի, ինչպես նաեւ մի շարք ուսանողական եւ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Միջոցառման շրջանակներում կլինի նաեւ այցելություն Ստեփանակերտում տեղակայված զորամասերից մեկը:

 

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply