Մարտունի քաղաքում իրականացվում են լայանածավալ շինարարական աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 8, 2011 11:04
Մարտունի քաղաքի սեփական միջոցներով’ հինգ միլիոն դրամ ներդրմամբ, Երեւանյան, Մյասնիկյան, Շահումյան, Նարեկացու փողոցներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ի Գեղարքունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Խաչիկ Խլղաթյանը, քաղաքի տարածքում կատարվում են նաեւ հողածածկ փողոցների հարթեցման աշխատանքներ՝ մեկ միլիոն դրամի ներդրմամբ, եւս երկու միլիոն նախատեսվել է ծախսել Երեւան-Վարդենիս մայրուղուն հարող, դեպի հարավ ընկած Երեւանյան փողոցի երկու ճամփեզրյա եզրաքարերի բարձրացման, փոխման, աղբահեռացման, կանաչապատ գոտիների զատման աշխատանքների իրականացման նպատակով:
Աշխատանքներն իրականացնում է Մարտունի քաղաքի կոմունալ ծառայություններ իրականացնող հիմնարկը, որտեղ ընդգրկված են համայնքի շուրջ 30 բնակիչ-աշխատողներ: Աշխատանքներն սկսվել են հունիսի սկզբին եւ կավարտվեն հուլիսի առաջին տասնօրյակում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ այս տարի ավարտին են հասցվել նաեւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները Շահումյան, Երեւանյան, Մյասնիկյան փողոցներում: Լուսավորվել են նաեւ Մյասնիկյան հրապարակն ու քաղաքապետարանի շենքի դիմացի կանաչապատ գոտին: Լուսավորության ցանցի ապահովման նպատակով տեղական բյուջեի միջոցներից ներդրվել է 2.3 միլիոն դրամ:
Այս տարվա ընթացքում Մարտունու քաղաքապետարանը քաղաքացիներին 12 ճարտարապետահատակագծային առաջադրանք է տվել, որոնց հիման վրա քաղաքում կառուցվում են նոր բնակարաններ կամ սպասարկման օբյեկտներ:






Facebook
Tweet This
Email This Post
