462 վարկ` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 8, 2011 10:59
«Երիտասարդ ընտանիքին’ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում այս տարվա հունիսի 30-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 462 վարկ’ 3,584 մլրդ ՀՀ դրամի չափով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ-ից, այդ վարկերից 269-ը’ 2,484 մլրդ դրամի չափով, վերաֆինանսավորվել է Երեւանում, իսկ 193-ը’ 1,1 մլրդ դրամի չափով’ՀՀ մարզերում: Նշենք, որ ծրագրից օգտվելու չափորոշիչներում կատարված փոփոխությունների համաձայն’նախկին 2 տոկոսի փոխարեն, ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը. այսինքն’ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը ստացվում է 6.5-7 տոկոս:Նախկին 30 տոկոսի փոխարեն, մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաեւ այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում’ այս պայմանի առկայության դեպքում,տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 11 մլն 200 հազար դրամը’ անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից:
Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), եւ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող: Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունները կատարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
