Համագործակցության նոր եզրեր
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 8, 2011 10:44
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն երեկ ընդունել է Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, ոսկրի մետաբոլիկ հիվանդությունների բաժնի տնօրեն, թերապիայի և ֆարմակոլոգիայի բաժինների պրոֆեսոր Ջոն Փ.Բիլեզիկյանին:
Հյուրը նախարարին է ներկայացրել Հայաստանին նվիրաբերած դենսիտրոմետրիա սարքերի առավելությունները և նշել, որ ախտորոշիչ բժշկական սարքերը կարող են նաև կանխարգելիչ նշանակություն ունենալ: Ախտորոշելով օստեոպորոզը վաղ շրջանում՝ պրոֆեսորի հավաստմամբ հնարավոր է զերծ մնալ հիվանդության բարդություններից՝ չունենալով կոտրվածքներ:
Ջոն Փ.Բիլեզիկյանը առաջարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավիրել ինժեներ-փորձագետի, որը սարքերը գործարկելուց բացի, կուսուցանի հայաստանցի մասնագետներին դրանք ճիշտ կիրառելու:
Ինչպես հաղորդում է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, նախարար Քուշկյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Բիլեզիկյանին Հայաստանի առողջապահության համակարգին աջակցելու համար և հակիրճ ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նախարարը նշել է, որ Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում և բժշկական սարքերով հագեցվում են մարզային բուժհաստատությունները, իսկ Գյումրու բժշկական կենտրոնը, որը նորակառույց շինություն է, մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի:
Հյուրը պատրաստակամություն է հայտնել դենսիտրոմետրիա սարք նվիրաբերել նաև Գյումրու բժշկական կենտրոնին: Նա առաջարկել է ձևավորել համագործակցության ուղղությունները և քննարկել:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի օր, կողմերը պայմանավորվել են կազմակերպել միջազգային համաժողով՝ ներգրավելով հանրության լայն խավերին:






Facebook
Tweet This
Email This Post
