Հայաստանի բռնցքամարտիկները լրջորեն են նախապատրաստվում աշխարհի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2009 18:47

milano_mondiali_boxeՍեպտեմբերի 1-ին Միլանում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի 9 մարզիկ: Մրցավայր ուղևորվելուց առաջ այս մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը «Անկախ»-ին հայտնեց, որ թիմը լրջորեն է նախապատրաստվել և բոլոր բռնցքամարտիկներից էլ սպասելիքներ ունի:

Հավաքականի միայն մեկ մարզիկ` 54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանն է հովանավորների միջոցներով մրցավայր ուղևորվել և մասնակցելու ստւգատեսին: Նա Հայաստանի առաջնության 3-րդ մրցանակակիր է: Իսկ մյուս բոլոր մարզիկները հավաքականի հնաբնակներ են, փորձությունների բովով անցած, տիտղոսներ նվաճած:

Ռինգ դուս կգան նաև օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (60 կգ), Եվրոպայի չեմպիոններ`Հովհաննես Դանիելյանը (48 կգ),Էդիկ Համբարձումյանը (64 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (81 կգ), աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ): Աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավարների թվում կլինի միջազգային կարգի մրցավար Սուրեն Ղազարյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը: Միլան է ուղևորվել նաև բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ, Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply