Հարս ու սկեսուր հավերժական հակամարտությունը հայկական ընտանիքներում

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | July 7, 2011 18:24

«Դա հղիություն չէ, դա ուռուցք է»

«Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցա Մեծամորի կրակակետում: Այնտեղ ծանոթացա մի տղամարդու հետ, սիրահարվեցինք և ամուսնացանք: Սկեսուրս մեզ հետ էր ապրում: Նրա հետ հարաբերությունները ոչ մի կերպ չէին ստացվում: Սկզբում չէի հղիանում, և սկեսուրս չարախոսում էր, թե հիվանդ եմ ու ի վիճակի չեմ հղիանալու: Մեկ տարի հետո զգացի, որ հղի եմ: Ամուսինս չհավատաց և տեղյակ պահեց սկեսրոջս: Իսկ սկեսուրս, փոխանակ ուրախանալու, ասաց. «Ուզում  ես տղայիս վզովն ընկնե՞լ, դա հղիություն չէ, դա ուռուցք է»:

Ամուսնուս լացակումած ասում էի, որ երեխան արդեն խաղում է, իսկ նա պնդում էր, թե ստում եմ: Ինքնասիրությունս վիրավորված` հեռացա նրանց տնից: Աղջիկս ծնվեց միանգամայն առողջ:

Նախկին ամուսինս վերջերս ցանկություն հայտնեց հանդիպելու դստերը: Աղջիկս արդեն 14 տարեկան է և չի ուզում տեսնել հորը: Նա ասում է, որ եթե ինքը հիվանդ կամ արատավոր ծնվեր, հաստատ հայրը չէր ցանկանա տեսնել իրեն»:

 

Սկեսուրը հարսի հղիությունը էպիլեպսիա էր որակել

«Ամուսնացել եմ սիրելով: Հիմա էլ շատ եմ սիրում ամուսնուս: Ամուսնանալուց մեկ ամիս անց հղիացա: Հղիությունը շատ ծանր էի տանում, երբեմն ուշաթափություներ էին լինում: Մի օր, երբ ամուսինս տանը չէր, սկեսուրս կոպիտ տոնով ինձ ասաց, որ ունեցած-չունեցածս հավաքեմ ու հեռանամ, չարժե, որ իր տղային դժբախտացնեմ: Նա ասաց, թե ես էպիլեպսիկ հիվանդ եմ:

Ես լալիս էի, փորձում բացատրել, որ դա հղիությունից է, որ այդպիսի բան ինձ հետ նախկինում չէր եղել: Բայց նա խելագարի պես բռնեց մազերիցս ու ստիպեց զանգել ծնողներիս: Ես փորձում էի դիմադրել, չէի ուզում զանգել, մտածում էի` ճիշտ կլինի, որ ամուսինս տուն վերադառնա: Բայց սկեսուրս ինքը զանգահարեց մեր տուն և մորս ասաց այն ամենն, ինչ ինձ էր ասել: Քիչ անց մայրս և հորեղբայրս եկան իմ հետևից և ինձ տուն տարան: Ուշ երեկոյան ամուսինս եկավ մեր տուն. նա արդեն տեղյակ էր ամեն ինչից, մայրը պատմել էր իմ «հիվանդության» մասին:

Ամուսինս արցունքն աչքերին խնդրում էր ծնողներիս, որ ինքն էլ մնա մեզ մոտ, մինչև տուն գնի, ու մենք տեղափոխվենք:

Մի քանի ամիս հետո ծնվեց մեր երեխան: Այսպես կոչված «ընկնավորությունս» անցավ: Սկեսուրս ամուսնուս ասել էր, որ ինձ հետ տանի իրենց տուն, բայց ես չգնացի: Հետո սկեսուրս և սկեսրայրս մեկնեցին Ռուսաստան` իրենց մեծ տղայի մոտ: Հիմա ես, ամուսինս ու երեխաս ապրում ենք նրանց տանը»:

 

Սկեսուրն ու սկեսրայրը ստիպում էին հարսին ընդհատել հղիությունը

«Մշտապես նվաստացման եմ ենթարկվում սկեսուրիս և սկեսրայրիս կողմից: Մի օր էլ նրանք իրենց տղային ու թոռանը տուն թողեցին, իսկ իմ առաջ դուռը փակեցին: Պատճառն այն էր, որ որոշել էի ունենալ երկրորդ երեխան: Սկեսրայրս ու սկեսուրս ինձ ստիպում էին ընդհատել հղիությունս, իսկ ես չէի համաձայնում: Ամուսինս նույնպես ցանկանում էր երկրորդ երեխա ունենալ, սակայն չէր կարողանում կանխել ծնողների գործողությունները և ասում էր, որ հարմարվեմ ճնշումներին:

Ես չգիտեմ, թե ինչպես վերականգնեմ իմ իրավունքները: Ինձ անընդհատ ճնշում են, վիրավորում, թույլ չեն տալիս ձմռան ցրտին ջեռուցիչ միացնել, տաք ջուր օգտագործել: Ձեռքիցս վերցնում են նվեր ստացած ոսկյա զարդերը: Ես չեմ ուզում դիմել ոստիկանություն, քանի որ սկեսրայրս այնտեղ ծանոթներ ունի: Ամուսինս ոչ մի վճռական քայլ չի կատարում և ինձ ազատ գործելու հնարավորություն է տվել»:

 

«Զարդերդ հանի´…»

«Նոր էի ավարտել բժշկական ուսումնարանը, երբ հանդիպեցի նրան ու հրապուրվեցի: Բայց ծնողներս, իմանալով, որ բանտից նոր է դուրս եկել, դեմ էին մեր ամուսնությանը: Ի վերջո, հակառակ ամեն ինչի, մենք ամուսնացանք:

Մեղրամիսն ավարտվելուց հետո հանկարծ նրա քույրը ինձ դիմեց. «Զարդերդ հանի´»: Ես շատ զարմացա և հարցրի պատճառը: Ասաց. «Որովհետև դա քոնը չէ, դա իմն է»: Մեր վեճին միջամտեց սկեսուրս, որը նույնպես նույն բանն էր կրկնում:

Ես ամբողջ ոսկեղենս տվեցի նրան: Վիրավորանքից լաց էի լինում: Երեկոյան եկավ ամուսինս: Ես նրան պատմեցի եղելությունը, իսկ նա ձառքը թափ տվեց ու ասաց. «Որ իրենն է, պետք է տայիր»: Երբ զարմացա, ասելով, թե մի մատանու է՞լ արժանի չեմ, ասաց. «Եթե շարունակես, դանակը կողդ կմտցնեմ»:

Ես հասկացա, որ իմ ընտրության հարցում շատ եմ սխալվել: Որոշեցի թողնել ու հեռանալ, բայց քանի որ իմ բախտը ես էի որոշել, ոչ մի տեղ էլ չգնացի:

Օրեցօր վիճակս ավելի էր ծանրանում: Ամենօրյա վեճերը, ծեծն ու արհամարհանքը բզկտում էին հոգիս, բայց ելք չունեի, երեխայի էի սպասում: Ինձ խաբված ու անարգված էի զգում և իվերջո, վերադարձա հորս տուն, որտեղ էլ ծնվեց տղաս:

Երեխան շուտ էր ծնվել և առողջական խնդիրներ ուներ: Պահում էին հիվանդանոցում: Ամուսինս որոշեց, որ պետք է տեր կանգնի որդուն և խնդիրեց ինձ` քարը փեշիցս թափեմ ու հետ վերադառնամ: Ես էլի խաբվեցի, մտածեցի, որ եթե միանամ, որդիս անհայր չի մեծանա, և համաձայնեցի: Երեխային դուրս գրելիս սկեսուրս էլ էր հիվանդանոց եկել: Երբ նստեցինք մեքենան, ամուսինս սկսեց հետս վիճել, թե ինչո՞ւ երեխային մոր գիրկը չտվեցի և մոր հետ շշուկով խոսելուց հետո ինձ ապտակեց: Ես հասկացա, որ կրկին սխալվել եմ: Մի շաբաթ անց արդեն դեմքիս կապտուկներ էին հայտնվել: Զանգահարեցի մորս և ընդմիշտ հեռացա նրանից»:

 

Պատմությունները տրամադրել է «Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

 

 

Դիտվել է 4181 անգամ:
Print Friendly

Leave a Reply