Երեք նվիրյալի անմահության ճամփան
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | July 9, 2011 13:00
Հուլիսի 3-ին լրացավ Արցախյան ազատամարտի երեք նվիրյալ զավակների՝ Վարդան Ստեփանյանի (Դուշման), Արմեն Երիցյանի (Երո), Արայիկ Ավագյանի մահվան 19-րդ տարելիցը:
Արցախյան գոյամարտի տարեգրության օրացույցում մի տխուր էջ էլ ունեցանք. 1992 թ. հուլիսի 6-ին հայոց մայր հողն իր գիրկն առավ ազնվական և ըմբոստ երեք զավակներին: Նրանք միասին անցան հաղթանակի ու անմահության ճամփան: Հուլիսյան այդ օրը նրանք զոհվեցին ականի պայթյունից Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մատույցներում: Ցավոք, Արցախյան պատերազմում նման դեպքերը շատ են: Առհասարակ դժվար, անչափ դժվար է ազգի նվիրյալների մասին հոդված գրելը մի պարզ պատճառով. դժվար է մեկ նյութում մեկտեղել նրանց գլխով անցած ու գնացած իրադարձությունները:
Դասակի հրամանատար Վարդան Ստեփանյանը (Դուշման) ծնվել է 1966 թ. մարտի 9-ին, Երևանում: Ավարտել է Հովհ. Թումանյանի անվան դպրոցը: Ծառայել է Աֆղանստանում: 1985-ին ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, բայց այն ավարտել չհասցրեց: Եկան փորձության, ինքնահաստատման օրեր, ոտքի կանգնեց հայ ժողովուրդը, հավատաց արդարության, ճշմարտության վերածնությանը: Արցախը մեծ ճանապարհի սկիզբ եղավ նրա համար: Մասնակցեց Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի, Լաչինի ազատագրմանը:
Գաղտնիք չէ, որ մենք այդ պայքարը սկսեցինք ռազմական փորձ ու հմտություն ունեցող սակավաթիվ զինվորներով: Վարդանն ու Աֆղանստանում ծառայած նրա ընկերներն այդ քչերից էին: Վերջերս ձեռքս ընկավ 2009 թ. Մոսկվայում տպագրված «Աֆղանական պատերազմի մարտական օրագիրը» գիրքը: Ուշադրությունս գրավեց հեղինակ Նիկոլայ Ստարադումովի խոստովանությունը, ըստ որի՝ 1985 թ. հոկտեմբերի 8-ին նրանց դիվիզիան, շրջափակելով մոջահեդների զենք- զինամթերքով զինված քարավանը, ոչ միայն մեծ ավար բռնագրավեց, այլև գերի վերցրեց: Նրանց 13 հոգին ինքնահրկիզվեց: Ինչպես խոստովանում է հեղինակը, մեր կողմից զոհեր չեղան: Այդ գործողության համար «Կարմիր աստղ» շքանշանի արժանացան ավագ լեյտենանտն ու շարքային Վարդան Ստեփանյանը…»:
Արմեն Երիցյանն (Երո) ուրախ, ժպտադեմ, կատակասեր տղա էր: Ինչպես մայրը՝ տիկին Զինան է հիշում, քեֆ անելու համար խելքն իրենը չէր: Գուցե հորեղբոր՝ Կիմ Երիցյանի գենն էր փոխանցվել, լավ կիթառ էր նվագում, երգում: Նաև «Այաս» ակումբի անդամ էր, յոթ ծովով նավարկության դուրս գալու խենթ երազողներից մեկը: Ու եթե ճակատագիրն այդչափ դաժան չլիներ, ապա այսօր նրա երազանքն էլ կատարված կլիներ, և «Կիլիկիա» նավով այդ ծովերը թրատողներից մեկն էլ, հավանաբար, նա կլիներ: Մոր մինուճարն էր, լավ շահած, պահած, ապրած: Բայց այդ ամենը չխանգարեց, որ շատերի նման բռնի ազատության ճանապարհը: Կռվի դաշտում կապավոր էր: Երբ ընկերների կողքին էր, ուրեմն կապն անխափան էր: Կապավոր էր, բայց նաև գնում էր այնտեղ, ուր զինվորի կարիք կար: Այդ չարաբաստիկ օրը կարող էր նաև չգնալ, բայց դա, իհարկե, նրան չճանաչողներն են ասում: Նա չէր կարող հույժ կարևոր հանձնարարության գնացող հրամանատարին մենակ թողնել, թեև Վարդանի հետ ծանոթացել էր Շուշիի ազատագրումից հետո: Մարտի դաշտում մեկ օրն էլ բավական է, որպեսզի հազար թելերով կապվեն ու ցամաք հացը միմյանց մեջ հավասար բաժանեն: Գնաց՝ իրենից հետո թողնելով մեկ դուստր ու բարի անուն:
Արայիկ Ավագյանը վարորդն էր: Արցախ էր եկել Շուշիի ազատագրումից հետո: Եկել էր Շուշին տեսնելու: Տեսել էր, հիացել, հպարտացել ու նաև մեղքի զգացում ապրել. «Ես ումից եմ պակաս, որ Շուշիի ազատագրմանը չեմ մասնակցել»: Ու այդպես մնացել է Արցախում: Լուռումունջ կատարել է իրեն տրված յուրաքանչյուր հանձնարարություն՝ ղեկը միշտ անխափան պահելով: Սակայն այդ չարաբաստիկ օրը ղեկը ոչ միայն իրեն, այլև ընկերներին դավաճանեց: Շատերի նման Արայիկն էլ ամուսնանալու և ընտանիք կազմելու ժամանակ չունեցավ: Ուներ աշխատանք, անհոգ կյանք, սակայն նրա սիրտը այլ բան թելադրեց. վտանգի տակ է հայրենիքը, և ինքը պետք է յուրայիններին:
Մյուրիշեն գյուղը հայոց ազատամարտի երեք նվիրյալ զավակների վերջին հանգրվանը դարձավ: Երեք դարի պատմություն ունեցող լեռնային այս փոքրիկ գյուղի համար խորհրդային տարիներն ասես չեղածի հաշիվ լինեին մի պարզ պատճառով: Եթե գյուղը համեմատենք ընդամենը 3 կմ հեռավորությամբ գտնվող Ավդալ-Գյուլափլի գյուղի հետ, անվարան կարող ենք ասել, որ այստեղ միջնադար էր: Պարզ մի համեմատություն: Ըստ գյուղի տարեցների` Ավդալ-Գյուլափլիի հողատարածքները պատկանել են Ավդուռ (Ավոյի դուռ) կոչվող գյուղի մի մեծահարուստ հայի, որտեղ նրա թուրք հովիվները արածեցնում էին ոչխարները: Նրա թույլտվությամբ քոչվորներն իրենց համար մի քանի փոքրիկ հոլիկ են պատրաստել: Եվ ահա, 30-ական թթ. ծնունդ առած գետնափոր այս հյուղակները խորհրդային տարիներին դարձան մեծ գյուղեր՝ յուրաքանչյուրը միջնակարգ և ութնամյա դպրոցներով: Նույնիսկ միութենական նշանակության առողջարան էլ ունեցան: Իսկ Մյուրիշենը մնաց 30-ական թթ.կառուցված ութնամյա դպրոցի հույսին:
1989-1992 թթ. թուրք-ադրբեջանական հրոսակները, ինչպես Աղդամից, այնպես էլ Ավդալ-Գյուլափլիի հենակետերից անդադար հրետակոծության տակ էին պահում Մարտունի քաղաքն ու հարակից Ավդուռ, Հարավ և Մյուրիշեն գյուղերը: Մեծ ավերածություններ էին պատճառում: Խաղաղ բնակիչներ զոհվեցին: Այդ շեների վրա ճնշումն ավելի ահագնացավ հատկապես Շուշիի ազատագրումից հետո: Բայց, ի վերջո, գյուղն անառիկ մնաց:
Այո, դաժան են պատերազմի օրենքները: Կյանքից հեռացան Վարդանի, Արմենի, Արայիկի նման շատ ու շատ տղաներ, վաղվա օրվա գիտնականը, իրավաբանը, ինժեները, բժիշկն ու պարզապես լավ մարդը, որի պակասն այսօր շատ ունենք…






Facebook
Tweet This
Email This Post
