Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 12, 2011 15:00

Միջնադարյան Հայաստանի պատմության ամենանշանավոր գործիչներից է Գրիգոր Պահլավունին: Նա աչքի է ընկել մշակույթի, կրթության, փիլիսոփայության, բժշկության, ռազմարվեստի, քաղաքականության բնագավառներում և անուրանալի ավանդ ունի հայ միջնադարյան գիտամշակութային մտքի զարգացման գործում:

Գրիգոր Պահլավունին ծնվել է 991 թ.: Նա հայոց սպարապետ Վասակ Պահլավունու միակ որդին էր: (Սպարապետը մի դուստր էլ ուներ` Սեդա անունով, որ դավաճան Վեստ Սարգսի կինն էր:) Առհասարակ Պահլավունիների տոհմը X-XI դարերում Բագրատունիներից հետո ամենաազդեցիկն էր Հայաստանում, և ժառանգաբար նրանց էին պատկանում երկրի սպարապետության և իշխանաց իշխանի պաշտոնները:

Գրիգոր Պահլավունին մանկուց հիանալի կրթություն է ստացել: Նա ծանոթ էր անտիկ և արևելյան գրականությանը, սերտ կապեր ուներ ժամանակի գիտական աշխարհի նշանավոր գործիչների հետ, քաջածանոթ էր բյուզանդական, հույն, վրացի, աղվան, պարսիկ և արաբ մտածողների աշխատություններին, ստեղծագործում էր և զբաղվում գործնական գիտությամբ: Մեծ է հատկապես նրա դերը մանկավարժության ասպարեզում: Նրա ջանքերով Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում աշխարհիկ դպրոցներ բացվեցին, որտեղ ուսուցանվում էին բնագիտական առարկաներ: Ինքը` Պահլավունյաց իշխանը, դասավանդում էր Հաղբատի, Սանահինի, Անիի բարձրագույն դպրոց-համալսարաններում:

1021 թ.  թյուրքական դելմիկներ ցեղի դեմ մղած Սերկևիլի ճակատամարտում (Արայի լեռան մոտ) Վասակ Պահլավունի սպարապետը հաղթանակ է տոնում և հոգնած քուն մտնում լեռան լանջին` ժայռի վրա: Մոտակայքով անցնող գյուղացիներից մեկը (հավանաբար թոնդրակեցիների աղանդին պատկանող) քարով զարկում է քնած զորավարին և սպանում: Գրիգոր Պահլավունին հորից որպես ժառանգություն ստանում է Բջնին իր շրջակայքով, Ազատ գետի հովիտներից մինչև Աղստև ընկած տարածքը, Սևանա լճից մինչև Արագած լեռը….

Այս պահից Գրիգոր Պահլավունու համար, բացի կրթական և մշակութային ասպարեզներից, բացվում են նաև քաղաքական և ռազմական կյանքի հեռանկարները:

Նա ակտիվորեն ներգրավվում է Հայաստանի քաղաքական կյանքում և մեծ դեր խաղում արքունական ինտրիգներում, Հայաստանի նեքաղաքական կյանքի խմորումներում:

Նա Հայաստանում կառուցել է Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցին, Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչը, Հավուց թառի Ս. Ամենափրկիչը:

Գրիգորը, Բագրատունյաց թագավորության ամենաազդեցիկ իշխանավորներից մեկը լինելով, Վեստ Սարգիս դավաճան իշխանի և Պետրոս Գետադարձ հայրենածախ կաթողիկոսի հետ մեկտեղ գլխավորում էր հունասերների խմբակցությունը, որոնք Հայաստանի ապագան կապում էին Բյուզանդական կայսրության հետ: Պետք է նշել, սակայն, որ եթե այդ կողմնորոշման մեջ  հայոց դավաճան կաթողիկոսին առաջնորդում էր շահամոլությունը, իսկ Վեստ Սարգսին` փառամոլությունը, քանզի բյուզանդացիները նրան հայոց գահն էին խոստացել, Գրիգոր իշխանն առաջնորդվում էր սոսկ իր համոզմունքներով, որոնց ձևավորման մեջ քիչ դեր չէին խաղացել նրա վատ հարաբերությունները հայոց Գագիկ Երկրորդ արքայի հետ:

Հանուն ճշմարտության պետք է նշել, սակայն, որ Գրիգոր Պահլավունին երբեք իր անունը չարատավորեց դավաճանի խարանով և գործնականում, անկախ դրդող հանգամանքներից, միշտ հանդես եկավ պետականության ամրապնդման ազգանվեր դիրքերից: Պատահական չէ, որ 1037 թ., երբ Հովհաննես-Սմբատ Գ արքան կալանավորում է Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, հենց Գրիգոր Պահլավունուն է հանձնարարում նրա հսկողությունը: Եվ իշխանը կաթողիկոսին իր Բջնու ամրոցում պահում է պատվո գերության մեջ:

1041 թ. մահանում է Հովհաննես-Սմբատ Գ թուլամորթ արքան: Բյուզանդացիները փորձում են զենքի ուժով տիրանալ իրենց «ժառանգությանը», քանզի Պետրոս Գետադարձ կաթողիկոսը 1021 թ. Տրապիզոնում հայոց արքայի անունից Անին կտակել էր Բյուզանդական կայսրությանը:

Սակայն հայոց բանակը, խմբվելով հայրենանվեր սպարապետ Վահրամ Պահլավունու շուրջը, որ Գրիգոր իշխանի հորեղբայրն էր, Անիի տակ չորս անգամ ջարդ է տալիս թշնամուն և վտարում երկրից:

Շուտով հայոց ավագանին Պահլավունի իշխանների գլխավորությամբ համախմբվում է և որոշում հայոց թափուր գահին նստեցնել Հովհաննես-Սմբատ Գ արքայի եղբոր` Աշոտ Դ թագավորի տասնութամյա որդուն` Գագիկին: Եվ Գագիկ Երկրորդը 1042 թ. բազմում է հայոց գահին: Պատմիչների վկայությամբ` այս գործում մեծ էր Գրիգոր Պահլավունու դերը: Տակավին պատանի արքան, բնականաբար, իր գահակալման սկզբում պետք է հենվեր հենց Պահլավունիների ռազմական և քաղաքական հեղինակության վրա: Այդպես էլ եղավ: Մինչ Գագիկ Երկրորդի գահ բարձրանալը հայոց միաբանության դեմ ապստամբել էր բյուզանդական գործակալ Վեստ Սարգիսը, որ թալանել էր արքունի գանձարանը և ամրացել Սուրմալի բերդում: Սակայն Գագիկ Երկրորդը, որ հոր պես ռազմատենչ էր, ինչպես նաև հմուտ գիտական գործերում, ճնշում է ապստամբին, և երկրում կարճ ժամանակով վերականգնվում է անդորրը:

Շուտով Հայաստանը հայտնվեց արտաքին վտանգի առջև: Հարավից երկիր թափանցեցին և մինչև միջնաշխարհ հասան թյուրքական հրոսակները: Հենց Պահլավունիների ոստան Բջնիի մոտ Գագիկ Երկրորդը և Գրիգոր Պահլավունին միասին ջարդեցին թշնամու զորաբանակն ու վտարեցին երկրից:

Թվում էր` ամեն ինչ լավ է ընթանում երկրում: Սակայն շուտով երկպառակություն է սկսվում հայոց արքունիքում: Վեստ Սարգսի դրդմամբ` Գագիկ Երկրորդը, վախենալով Պահլավունիների ազդեցությունից ու հեղինակությունից, սկսում է չվստահել Գրիգոր Պահլավունուն: Արքան չէր կարող որևէ  որոշակի մեղադրանք առաջադրել նրան, բայց մեկուսացնում է բոլոր պետական գործերից: Նեղսրտած իշխանը քաշվում է իր Բջնիի բերդն ու այնտեղից հետևում իրադարձությունների զարգացմանը:

Իր «Թղթերում» Գրիգոր Պահլավունին արտահայտում է վիրավորանքը հայոց արքայի հանդեպ` նրան անվանելով «տղա, մանկամիտ»… Նրանն է նաև «Վայ քեզ քաղաք, զի թագավորդ է մանուկ» արտահայտությունը:

Չնայած վիրավորվածությանը և իր բյուզանդամետ կողմնորոշմանը` Գրիգոր Պահլավունին ճշմարիտ հայրենասեր էր և ամեն ինչ արեց երկիրը կործանումից փրկելու համար: Տեսնելով, որ Հայաստանում այլևս անելիք չունի` Գրիգոր իշխանը տեղափոխվեց Հայաստանի բյուզանդահպատակ մաս և ծառայության անցավ Կոստանդնուպոլսի արքունիքում: Բյուզանդական կայսր Կոստանդին Մոնոմարխը, բնականաբար, գրկաբաց ընդունեց Պահլավունուն: Նա նրան շնորհեց Մագիստրոսի տիտղոս և Վասպուրականի ու Միջագետքի դուքսի կոչում` այդ շրջանների զինվորական կառավարումը հանձնելով Գրիգոր Մագիստրոսին:

1045 թ. Գագիկ Երկրորդը հայտնվում է Վեստ Սարգսի և կաթողիկոս Պետրոս Գետադարձի սարքած ծուղակում: Նա, հավատալով բյուզանդական կայսեր խոստումներին, ուղևորվում է Կոստանդնուպոլիս, ուր նրան արգելում են այլևս հայրենիք վերադառնալ: Գործին փորձում է միջամտել Գրիգոր Մագիստրոսը, սակայն ապարդյուն: Հայոց արքան ստիպված էր Անիի փոխարեն Սեբաստիայում ստանալ Կոլոն-Պեղատ փոքր կալվածքը և գահընկեց լինել:

Դրանից հետո Գրիգոր Մագիստրոսը փոխանակում է իր հայրենի կալվածքները և վերջնականապես հաստատվում Բյուզանդիայում: 1049 թ.  նա մասնակցեց Բյուզանդիայի մղած Բասենի ճակատամարտին սելջուկ-թուրքերի դեմ:

Շուտով պայքար սկսեց թոնդրակյան աղանդավորական շարժման դեմ: 1053 թ. արյան մեջ խեղդեց շարժումը, գրավեց Թոնդրակ քաղաքն ու ավերակների վերածեց այն` դրանով արմատախիլ անելով աղանդավորությունը Հայաստանում ու Բյուզանդիայում:

Նա մահացավ 1058 թ., Միջագետքում:

Հարուստ է հատկապես Գրիգոր Մագիստրոսի գրական ժառանգությունը: Գիտական մեծ արժեք են ներկայացնում նրա «Թղթերը», իսկ գեղարվեստի իսկական գլուխգործոց են «Տաղասացությունքը» և «Առ Մանուչէ» պոեմը, որ իրենից ներկայացնում է Աստվածաշունչը` չափածո: Համաձայն պատումի` Գրիգոր Մագիստրոսը արաբ էմիր Մանուչեի հետ, որ եկել էր Կոստանդնուպոլիս որպես դեսպան, վիճում է քրիստոնեության և իսլամի դավանաբանական խնդիրների շուրջ: Երբ Մանուչեն պնդում է, թե Ղուրանն Ալլահն է իր ձեռքով գրել, Պահլավունի իշխանը առարկում է, թե դա մարդու գրած է և ամեն ոք կարող է ստեղծել նման աշխատություն: Եվ որպեսզի ապացուցի իր ճշմարտացիությունը, մի գիշերվա մեջ ստեղծում է այդ գլուխգործոցը:

Գրիգոր Մագիստրոսի որդին Գրիգոր Վկայասեր հայոց կաթողիկոսն էր (1069 – 1105): Իսկ ավելի ուշ նրա ժառանգները փայլեցին իրենց ռազմարվեստով հայրենիքից շատ հեռու` շուրջ 100 տարի իրենց ձեռքում պահելով Եգիպտոսի կառավարումը:

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

Դիտվել է 5897 անգամ:
Print Friendly

Leave a Reply