Ինչպե՞ս հայկական տեսակետը լսելի դարձնել արտերկրում. քննարկում են մասնագետները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 8, 2011 6:00

«Նորաթուխ անկախ պետություն», «երիտասարդ  բանակ» և նման արտահայտությունները, որոնք ամեն օր հնչում են ԶԼՄ-ներում և լրատվական այլ աղբյուրներում, սխալ տերմինաբանություն և գիտակցություն են  տարածում:

«Ունենք պետականության ավելի խոր ավանդույթներ, որոնք կարողացել էինք պահպանել երկրորդ հանրապետության ժամանակ: Ունեցել ենք նաև պետական մտածելակերպ, ռազմական ավանդույթներ,  որոնց  շնորհիվ նաև հաղթեցինք Արցախյան ազատամարտը»,- «Հայկական տեղեկատվական ռեսուրսների  համագործակցության խնդիրները  տեղեկատվության անվտանգության համատեքստում» կլոր սեղան-քննարկման ժամանակ  ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ թյուր է այն ընկալումը, թե հայությունը Կիլիկիայից հետո կորցրել է անկախությունը. այն միշտ գոյատևել է մելիքությունների տեսքով կամ այլ եղանակներով:

Հարությունյանն ասում է, որ անցյալը, անգամ ոչ հեռավոր, հաճախ ենք մոռանում, մինչդեռ պատմական անցյալի վերլուծության միջոցով է, որ հնարավոր է կրկնել հաջողությունները կամ խուսափել սխալները կրկնելուց:

Տեղեկատվական պատերազմներում Հայաստանը հաջողություններ ունենում է, սակայն  կան նաև կորուստներ,  օրինակ` այս տարի ապրիլի 24-ին առաջատար եվրոպական և ռուսական ալիքները չլուսաբանեցին խնդիրը: Վերջերս Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթին նույնպես համարժեք պատասխան չտրվեց:

«Հաճախ թվում է, որ տեղեկատվական պայքարում հաղթելու համար պետք է շատ գրել,- ասում է Հարությունյանը,- բայց մոռանում ենք հիմնական դոգման. ճնշել հակառակորդի տեղեկատվական ռեսուրսները սեփականի զարգացման շնորհիվ»:

Հարությունյանն արձանագրում է, որ հայկական կողմը տեղեկատվական դաշտում կորուստներ է ունենում. 1992-1994 թթ. տեղեկատվական դաշտում Հայաստանը գերակայություն ուներ, Խորհրդային Միության մտավորականությունը հայկական կողմին էր պաշտպանում, մտավորականություն ունեինք, որն այսօր չունենք: «Մեր ինտելեկտուալ  ռեսուրսները նվազել են, եթե այն ժամանակ մոտ 30 հազար գիտաշխատող ունեինք, հիմա հազիվ 5 հազարն են, եթե այն ժամանակ 1 մլն մարդ բարդ տեխնիկական աշխատանք էր կատարում, այսօր նրանց թիվը 100 հազար է»: Հարությունյանը մատնանշում է նաև գաղափարախոսական դաշտում առկա բացերը. այն երկրներն են մրցունակ, որտեղ երեք գաղափարներին էլ տեղ կա. ազգային, ազատական և սոցիալիստական: Մեզ մոտ երրորդը բացակայում է:

Ըստ Հարությունյանի` գաղափարական տարբեր դաշտերի վերլուծաբանները միմյանց չեն առնչվում, մինչդեռ «ազատական արժեքների կրողները նույնպես պետք է արժեք լինեն, պարզապես պետք է լինեն հայ ազատական»:

«Արմատ» մամուլի ակումբի ղեկավար Վահրամ Միրաքյանի խոսքով` պետք է ուղիներ փնտրել, թե ինչպես կարելի է արտերկրում հայկական տեսակետն ավելի լսելի և հնչեղ դարձնել:

Միրաքյանն  առաջարկում է դեսպանատներին ավելի ակտիվ գործունեություն ծավալել. կազմել հայամետ լրագրողների և կարծիքի առաջնորդների ցանկ, որոնց հետ պարբերաբար պետք է աշխատել. կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ: Տեղեկատվությունը տարածելու միջոց է նաև դեսպանատներին կից մամուլի ակումբներ ստեղծելը, որոնք կկազմակերպեն ասուլիսներ, կտարածեն մամուլի հաղորդագրություններ: Նա առաջարկեց նաև միջազգային մասշտաբով լրագրողական մրցույթներ կազմակերպել, օրինակ` «Հայաստանի մասին ամենաօբյեկտիվ լուսաբանումը» խորագրով, բացի այդ, հայամետ լրագրողների համար շրջայցեր կազմակերպել դեպի Հայաստան, որպեսզի երկրի մասին գրելու հնարավորություն ունենան:

Լրագրող Վարդան Օհանյանը կարևորում է ազգային գաղափարի խնդիրը. եթե XIX դարում ողջ հայությունը միավորված էր Արևմտյան Հայաստանը ազատագրելու խնդրի շուրջ, 1988-ին համախմբողը Արցախի ազատագրումն էր, ապա այսօր նման միասնական գաղափար չկա. «Մեկի համար ազգային գաղափարը ժողովրդավարական Հայաստանն է, մյուսի համար` հզոր արդյունաբերական Հայաստանը, երրորդի համար մեկ այլը և այդպես շարունակ»: Խնդիր է նաև տեղանունների սխալ օգտագործումը, որին հաճախ նպաստում են նաև ԶԼՄ-ները. «Այդպես էլ չսովորեցինք, որ Լենինականը Գյումրին է, Կիրովականը` Վանաձորը, Աղդամը` Ակնը: Հեռուստատեսությունը հզոր ուժ է, որը չի օգտագործվում: Միայն սերիալներ են ցուցադրվում:  Երրորդ  հանրապետության 20-ամյակն է, բայց երկրին ու նրա ձեռքբերումներին  նվիրված որևէ հաղորդում չկա»:

Մասնակիցները կարևորեցին նաև լրատվական ռեսուրսների  համախմբման պլանի մշակումը. պատերազմի դեպքում համակարգված և արդյունավետ գործելու համար գործողությունների պլան է անհրաժեշտ:

 

 

 

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply