Թեժ աշնանը սպասելիս կամ քաղաքացու սահմանադրական իրավունքների շուրջ
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | July 7, 2011 15:41
Այսօր Հայաստանի շատ քաղաքացիների համար հուլիսի 5-ը ավելին չէ, քան պարզապես ոչ աշխատանքային օրը: Եվ ՀՀ կառավարության` տոնին նախորդող երկուշաբթին նույնպես ոչ աշխատանքային օր դարձնելու նախաձեռնությունն ամենևին չի բարձրացնում Սահմանադրության օրվա նշանակությունը: Քննարկումներն այն հարցի շուրջ, թե ինչքանով է լավն արդեն իսկ մեկ անգամ բարեփոխված 16-ամյա Սահմանադրությունը, ոչ մի տեղ չեն տանում, քանի որ հայ քաղաքացու սահմանադրական իրավունքները ոչ մի կերպ պաշտպանված չեն անգամ սահմանադրության նման բովանդակության պայմաններում:
Սահմանադրական փոփոխություններն էլ, որոնք միտված էին որոշակիորեն հավասարակշռելու իշխանության ճյուղերի գործառույթներն ու վերահսկողության մեխանիզմները, եթե տվել են արդյունք,ապա շատ չնչին. այսօր օրենսդիր և դատական մարմինները շատ ուղղակի սերտաճած են գործադիր իշխանությանը:
Սակայն խնդիրն ավելի լուրջ է: Սահմանադրությամբ ամրագրված այն կետը, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, հայաստանյան իրականության պայմաններում ոչինչ չի ասում: Հասարակությունն օտարված է իշխանությունից և նույնիսկ ավելի լայն քաղաքական համակարգի հիմնական ուժերից: Քաղաքական ուժերն այնքան են տարվել ներքաղաքական ինտրիգներով, պատգամավորական աթոռների բաշխման մրցավազքում առավելագույնը պոկելու խաղով, որ իրականում մոռացել են ժողովրդի մասին`չնայած անընդհատ խոսում են հասարակական վստահությունից, հանրության շահը ներկայացնողի դիրքերից:
Իշխանությունն ամենևին չի նկատում արտագաղթի ահագնացող տեմպերը, որի հիմնական պատճառն այն է, որ պետությունը չի ապահովում իր հիմնական գործառույթը` իր քաղաքացիների` բարեկեցիկ ու արժանավայել ապրելու իրավունքի ապահովումը: Դեռ մի քանի ամիս առաջ նախագահն ու վարչապետը հեռուստացույցի էկրաններից շարունակ պնդում էին, թե Հայաստանի իշխանություններն ամեն կերպ աջակցելու են հայ գյուղացուն, կասեցնելու են գնաճը: Բայց այս ամենը գեղեցիկ խոստումներից այն կողմ չանցավ: Ու, բնականաբար, բիզնեսի համար անբարենպաստ պայմանները, մոնոպոլիզացիան, սոցիալ-տնտեսական սուր բևեռացվածությունը չեն կարող հիասթափություն չառաջացնել ու չխթանել արտագաղթը:
Իսկ արտագաղթը իշխանությունների կողմից մեկնաբանվում է , որպես բնական տեղաշարժ, որն ամենևին լուրջ մտահոգության տեղիք չի տալիս: Անգամ երկրի վարչապետը կարող է հայտարարել, թե «ինչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի»: Բայց չէ՞ որ ամեն ինչ չէ, որ կարելի է կատակի տալ:
Ու չնայած որոշ շրջանակներից հնչած քննադատությանը, այս հայտարարությունը ոչ մի լուրջ հետևանքներ չի առաջացնում, քանի որ հայտնի է, որ
Հայաստանում որոշումները հանրության կարծիքը հաշվի առնելով չեն ընդունվում: Հետևաբար, բարձրաստիճան պաշտոնյան իր հայտարարությունների համար պատասխանատու չէ բնակչության առջև: Մյուս կողմից` նրա այս հայտարարությունը լրիվ համապատասխանում է վարչապետի «Հայկական աշխարհի» տեսլականին. ցրվենք աշխարհով մեկ ու ստեղծենք վիրտուալ հայկական աշխարհ`դիվերսիֆիկացնելով հայկական պոտենցիալը: Ու ոչ մի կերպ չի խոչընդոտվում, երբ Ռուսաստանի Դաշնությունն այստեղից հավաքագրում է աշխատող ձեռքերին, իսկ Արևմուտքը` մտածող ուղեղներին. ամեն մեկը` ըստ իր պետության զարգացման պահանջմունքների:
Իշխանություններին հուզում է ոչ թե բնակչության բարեկեցությունը, այլ ժողովրդավարական բարեփոխումների իմիտացիան: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե իրապես բնակչության սահմանադրական իրավունքներն ապահովելուն, այլ քաղաքական դաշտը ըստ ցանկության վերաձևելուն իշխանության վերարտադրողականությունն ապահովելու նպատակով: Հայտարարությունները ընդդիմության հետ հարաբերման նոր քաղաքակիրթ ձևերի ու նոր քաղաքական մշակույթ ստեղծելու մասին ոչ մի կերպ չեն վերաբերում հանրության կարծիքը հաշվի առնելուն, այլ կուլիսային առավել քաղաքակիրթ քաղաքական պայմանավորվածությունների խնդիր են լուծում`դաշտում վտանգավոր հեղափոխական ուժերի գործողություններին այլ ուղղություն տալու համար:
Իրեն հիմնական և միակ ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ն էլ անընդհատ խոսում է արտահերթ ընտրություններից, փորձում է ապացուցել իր ծանրակշիռ դերը և համոզել իշխանությանը, թե միայն ինքը կարող է մարել մարդկանց հեղափոխական տրամադրությունները, եթե իշխանությունները նստեն բանակցությունների: Այսինքն` հարցը ոչ թե հասարակության կենսական շահերն են, այլ ՀԱԿ-ի` սեփական դիրքերն ամրապնդելու ցանկությունը: Ընդ որում, իշխանության առջև չեն դրվում հանրությանն իսկապես մտահոգող հարցեր, չեն շոշափվում հանրության բարեկեցիկ ապրելու, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու պահանջներ: Իսկ մարտի 1-ն օգտագործվում է ոչ այնքան իրականությունը բացահայտելու, որքան Քոչարյանի վերադարձի ստվերը չեզոքացնելու համար:
Սա քաղաքական խաղ է, որտեղ անվերջ կարելի է խոսել հանրության անունից, անգամ հայտարարել, որ հանրահավաքում հավաքված մարդկանցից ստեղծվում է ինքնակառավարվող ֆորում, սակայն ընդունել միանձնյա որոշումներ ու հրամցնել դրանք հավաքվածներին` նրանց կարծիքը հաշվի չառնելով, ստանալ քաղաքական դիվիդենտներ` չառաջարկելով որևէ իրատեսական լուծում շարքային քաղաքացու կյանքի բարելավման համար:
Ու, բնականաբար, պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում հենց ընտրությունների նախաշեմին:
Ավելին, այս ամենը հանգեցրեց նրան, որ ընդդիմությունը վերջնականապես պառակտվեց և ստեղծվեց մի իրավիճակ, որ ոչ թե ընդդիմությունն է
պայքարում իշխանության դեմ, այլ միմյանց դեմ պայքարում են ընդդիմության և իշխանության առանձին ուժերը:
Մասնավորապես, ՀԱԿ-ՀՀԿ հարաբերությունների ջերմացումը փորձում է օգտագործել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Խուսափելով հրապարակային քաղաքական հայտարարություններից երկրի ներքաղաքական գործընթացների շուրջ, նա հանդիպումներ է կազմակերպում մտավորականների, գիտնականների, մշակութային գործիչների հետ, լսում նրանց խնդիրները, պահանջում առաջարկել իրատեսական լուծումներ և որոշակի գումարներ տրամադրում տարբեր ծրագրերի իրականացման համար: Այս ամենը ոչ միայն որոշակիորեն բարձրացնում է ԲՀԿ-ի հանրային աջակցությունը, այլև հնարավորություն է տալիս շոշափելու հանրային տրամադրությունները և նախընտրական արշավի ժամանակ խոսելու հանրությանը հասկանալի խնդիրների լեզվով:
Դաշնակցությունն ու «Ժառանգությունն» էլ ակտիվ քննադատության են ենթարկում ՀՀԿ-ՀԱԿ հարաբերությունները, պնդում են, որ դա չի բխում հանրության շահերից, և փորձում
են պայքարել իրենց մարգինալացնելու քայլերի դեմ: Սակայն մի տարբերություն կա:Դաշնակցությունն առավելագույնս փորձում է ակտիվություն ցուցաբերել ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություններով, փորձում է ցույց տալ, որ կարող է արդյունավետ գործել Աժ-ում նաև փոքրամասնություն լինելով: Եվ պնդում է, որ փոփոխությունների միակ ճանապարհն ազատ, արդար ընտրություններն են: Այս ամենին զուգահեռ, արդեն ավանդույթ դարձած սովորության համաձայն, ընտրությունների նախաշեմին սկսել է էլ ավելի սուր քննադատության ենթարկել իշխանություններին բոլոր ոլորտներում: Այսինքն` դաշնակցությունն իր մարտավարությունն առանձնապես փոփոխության չի ենթարկել:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա բոյկոտելով ԱԺ նիստերը` նախընտրում է հանդես գալ հրապարակային քննադատությամբ և առաջարկություններով, որոնք ավելի շատ ուղղված են հասարակական ուժերին: Ենթադրաբար առավել լուրջ քայլեր արդեն ի հայտ կգան աշնանը:
Ինչևէ, քաղաքական ուժերից յուրաքանչյուրն առավելագույնս փորձում է
մանիպուլացնել հանրային կարծիքը, խոսել հասարակության անունից, լինել առավելագույնս բոցաշունչ ընտրություններից առաջ, իր ֆինանսական հնարավորությունների շրջանակում ցույց տալ բնակչությանն աջակցելու իր պատրաստակամությունը, որպեսզի կարողանա շահել հանրության համակրանքը:
Սակայն քանի դեռ ընտրությունները ոչ թե իրապես քաղաքացու սեփական ներկայացուցիչներին ընտրելու սահմանադրական իրավունքի իրացման, այլ ներքաղաքական ինտրիգների ու վերադասավորումների ձևաչափ ունեն, չի կարող իշխանությունը պատկանել քաղաքացուն: Շատերը պնդում են, թե 2008-ից հետո Հայաստանում իրավիճակը փոխվել է, սակայն ներքաղաքական վերջին զարգացումներն այնքան էլ լավատեսություն չեն ներշնչում:
Սպասենք աշնանային զարգացումներին:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
