Պարադոնտիտ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 10, 2011 15:01

Բոլորն էլ, առանց բացառության, ցանկանում են ունենալ ձյունաճերմակ հոլիվուդյան ժպիտ ու առողջ, ամուր ատամնաշար: Ու բնականաբար, առանց բացառության, բոլորն էլ կամենում են  բնական ատամնաշարը պահպանել հնարավորինս երկար: Սակայն  դրա համար հարկավոր է առողջ լնդեր ունենալ:  Ուրեմն արժե խոսել պարադոնտիտի մասին. ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջանում ու ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել:

Շատերը հավատացած են, որ բերանի խոռոչի հիգիենան մտացածին բան է, և փաստարկում են` իբր  մեր նախնիները ատամները չեն մաքրել ու ատամներից էլ  չեն զրկվել: Դեռ ավելին. մինչ խորը ծերություն ունեցել են  լիարժեք ատամնաշար: Մարդկության պատմության  բոլոր ժամանակներում էլ ատամների առողջությունն անմիջականորեն կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը համարվում է  բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման երաշխիք: Ատամների խնամքի մասին հիշատակություններ կան Հին Եգիպտոսի գրավոր արձանագրություններում (ի դեպ, Եգիպտոսում են առաջինը ստեղծել ատամի մաքրման փոշիներ):

Պարադոնտիտն ատամները կորցնելու գլխավոր պատճառներից է, այն հիմնականում պատահում է  հասուն մարդկանց 90%-ի մոտ, 35 տարեկանից հետո, ու քանի որ  հիվանդության վաղ փուլերում ցավեր չեն լինում, շատերն ավելի ուշ, հիվանդության  բարդացման դեպքում են դիմում ատամնաբույժի: Արյունահոսող լնդեր, ատամնաքար, շարժվող ատամներ, բերանի տհաճ հոտ, ցավոտ լնդեր ու ատամների մեջ առաջացած արանքներ.  ահա այն ախտանշանները, որոնք խոսում են  հիվանդության  մասին:  Թվարկվածներից մեկը կամ մի քանիսը հաստատ ծանոթ  են յուրաքանչյուրիս: Ու թերևս դժվար է հավատալ, որ այս ախտանշանների հարուցիչներն այն  մանրէներն են, որոնք ատամնանստվածք են   գոյացնում:

Հիվանդության սկզբնական փուլը կոչվում է լնդաբորբ կամ  գինգիվիտ, որն ուղեկցվում է  լնդերի բորբոքումով ու արյունահոսությամբ: Այս փուլում  հիվանդությունը բուժելու պարագայում ամեն ինչ կարելի է վերականգնել: Սակայն չբուժելու դեպքում բորբոքային պրոցեսը խորանում է,  ու հիվանդությունը վերաճում է պարադոնտիտի, որի դեպքում սկսում է քայքայվել  ծնոտոսկրը: Դրա հետևանքով ատամները սկսում են շարժվել, նույնիսկ թափվել: Կանխարգելման համար հարկավոր է միջին կոշտության ատամի խոզանակով առավոտյան ու երեկոյան մանրամասն մաքրել ատամները: Ի դեպ, խոզանակը պետք է փոխել տարեկան 2-3 անգամ, եթե նույնիսկ կարծում եք, որ այն լավ վիճակում է:

  • Ատամների արանքները հարկավոր է մաքրել հատուկ դրա համար նախատեսված թելով, ու ցանկալի է բերանի խոռոչի ողողման համար լուծույթներ կիրառել, որոնք նույնպես, ինչպես և  թելերը, վաճառվում են դեղատներում: Կարող եք կիրառել նաև տնական պայմաններում պատրաստած թուրմեր: Օրինակ` մեկ բաժակ գոլ ջրում թրմեք եղեսպակի, երիցուկի մեկ գդալ չոր հումք և սառչելուց հետո ողողեք այդ լուծույթով բերանի խոռոչը: Դրանք նաև հականեխիչ ազդեցություն ունեն:
  • Սնունդը պետք է հավասարակշռված լինի. անպայման կոշտ մթերք ընդգրկեք ձեր սննդաբաժնում: Հայտնի բան է, որ ինչ անպետք է, աստիճանաբար վերանում է. շարունակ փափուկ մթերք օգտագործելով` փաստորեն բթացնում ենք ատամները, և հակառակը` կոշտ ուտելիքները սրում են դրանք:
  • Աշնանն ու գարնանը ցանկալի է վիտամինային համալիր բուժումներ ընդունել: Եթե երբևէ եղել եք ատամնաբույժի մոտ, ապա անպայման լսած կլինեք նրանց խորհուրդը. եթե անգամ ատամնացավ չունեք, միևնույն է , տարեկան 2 անգամ այցելեք բժշկին, հետևեք լնդերի առողջությանը, հեռացրեք ատամնաքարերը:
  • Եթե կարող եք, հրաժարվեք ծխելուց, այն վնասակար ազդեցություն է ունենում լնդերի վրա ու նպաստում դրանց բորբոքմանը:

Սակայն, գոյություն ունեն ժողովրդական միջոցներ, որոնք կարող են  պահպանել ատամների ու լնդերի առողջությունը:

Սննդից հետո բերանը կարելի է  խոտաբույսերի թուրմերով ողողել (վերը նշված) կամ էլ` կանաչ թեյով:

  • Հրաշալի միջոց է ջրածնի գերօքսիդը: Շաբաթական մեկ անգամ կարելի է ատամները մաքրել նախապես  3%-ոց լուծույթի մեջ թրջած փափուկ  խոզանակով կամ էլ  բերանը ողողել  կես բաժակ ջրի և 1-2 ճաշի գդալ  գերօքսիդի խառնուրդով:
  • Լնդերի մերսումը նույնպես հրաշալի միջոց է. կարելի է մերսել աղի ու մեղրի  կամ էլ զեյթունի ձեթի ու կիտրոնահյութի խառնուրդով: Կամ  պարզապես ողողումներ անել սառը մզվածքի զեյթունի ձեթով:

Ծամոն. օգու՞տ, թե՞ վնաս

Ծամոնը հայտնագործվել է 140 տարի առաջ ԱՄՆ-ում:  Գյուտարարն ընդամենը  գրանցել է այն, սակայն երբեք չի փորձել արտադրել: Սակայն դա չի խանգարել, որ ողջ Ամերիկան, հատկապես` երիտասարդությունն անընդհատ ծամի: ԱՄՆ-ում ներկայումս վաճառվում է ծամոնի ավելի քան 100 տեսակ: Միջին ամերիկացին տարեկան օգտագործում է 300 շերտ ծամոն: Ծամոնի նորաձևությունը համակել է ողջ աշխարհը Երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ նախկին ԽՍՀՄ-ում այն սկսել են  արտադրել 1970-ականներից:

Գովազդները ծամոններին վերագրում են ամենատարբեր օգտակար հատկանիշներ` ատամների էմալի կարծրացում, ատամնաքարի առաջացման կանխում, բերանի տհաճ հոտի վերացում, թթվահիմնային հաշվեկշռի վերականգնում: Այս ամենը, մեղմ ասած, ճիշտ չէ: Եթե, օրինակ, ծամոնի բաղադրության մեջ շաքար կա, ապա բերանի խոռոչը վերածվում է  մանրէների բազմացման  պարարտ միջավայրի: Իսկ շաքարի փոխարինիչների կիրառումն էլ մեկ այլ դժբախտություն է. երկարատև օգտագործելու դեպքում դրանք առողջությանը լուրջ վնաս են հասցնում:

Ծամոնն օգուտ կարող է տալ ուտելուց անմիջապես հետո, 5-10 րոպեի ընթացքում, քանի որ նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, մարսողությանը ու մասամբ էլ մաքրում է բերանի խոռոչը ուտելիքի մնացորդներից (չնայած այս նպատակի համար դարձյալ նախընտրելի է ատամի խոզանակը): Անընդհատ ծամելը վերածվում է տգեղ սովորության, որը կարող է գաստրիտի պատճառ դառնալ ու այլ տհաճություններ առաջացնել:

Շատ վտանգավոր է ծամոնի հետ ծխելու սովորությունը, քանի որ այս դեպքում ծխախոտի քաղցկեղածին նյութերը թքի հետ ստամոքս են տեղափոխվում: Բոլոր առավելությունները, որոնց մասին խոսվում է, ինչպես և բոլոր գովազդներն իրականությանը մասամբ են համապատասխանում:

Երբ մարդը ծամոն է ծամում, բերանի խոռոչը մասամբ է մաքրվում, այն էլ` միայն ծամող մակերևույթները, իսկ կարիեսը  հաճախ առաջանում է միջատամնային արանքներում: Սրանից կարելի է հետևություն անել, որ ծամոնից էական օգուտ չկա, կանխարգելման նկատառումով էլ այն օգտակար չէ, իսկ վնաս` ինչքան ասես:

Երբ ծամոնը հայտնվում է բերանում, իր համային հատկանիշներով պայմանավորված, օրգանիզմում սննդի տեղ է ընդունվում, հետևաբար սկսում են արտադրվել նյութեր, որոնք սովորաբար քայքայում են սնունդը: Առողջ օրգանիզմն այս խաբկանքից կարող է գլուխ հանել, իհարկե, ոչ առանց հետևանքների, բայց եթե մարդը ստամքսի խոց կամ գաստրիտ ունի, ապա դրանք ուղղակի հակացուցված են: Ծամոնի պարունակած համային հավելումները վտանգավոր են: Ուրեմն մի հետևություն կարելի է անել. ծամոնի վտանգն անհամեմատ մեծ է օգուտից: Հետևաբար, պետք է անգամ ծամոն ծամելիս չափավորություն ցուցաբերել. ուտելուց հետո մի քանի րոպե ծամեք ու բավարարվեք դրանով: Իսկ  երեխաներին, առավել ևս, փորձեք հետ պահել ծամոնից ու  առաջարկեք  այլ օգտակար բաներ:

 

Դիտվել է 5396 անգամ:
Print Friendly

Leave a Reply