Վրաստանում փակում են ռուսական դպրոցները, Լիտվայում լիտվերեն չխոսելու համար տուգանք են նախատեսում, իսկ Հայաստանում բացում են ռուսական գիմնազիա

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 13, 2011 15:00

Վերջին օրերին օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ ծավալվող քննարկումները ծայրահեղ լարվեցին, երբ հայտնի դարձավ Կապանում ռուսական գիմնազիա բացելու մասին տեղեկությունը:

Բանն այն է, որ հունիսի 28-30-ը Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն և մարզպետ Ս. Խաչատրյանը ստորագրեցին մի արձանագրություն, որով համաձայնություն ձեռք բերվեց Սյունիքի մարզի  Կապան քաղաքում ռուսերեն դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծել:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շտապեց «հանգստացնել» խնդրի վերաբերյալ անհանգստություն արտահայտած հանրությանը` հայտարարելով, որ տեղյակ է այդ համագործակցության մասին և կարծում է, որ դրա շուրջ «աղմուկ չարժե բարձրացնել»։

«Որքանով տեղյակ եմ, արձանագրությունը ցանկությունների կուտակում է, և միջազգային կրթական ծրագիրը Հայաստանում կարող է իրականացվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ոչ ուրիշ կերպ։ Հետևաբար, ակնհայտ է, որ այս արձանագրությունը չի կարող հիմք ծառայել նման միջազային կրթական ծրագիր իրականացնելու համար»,-հայտնեց Աշոտյանը news.am-ի թղթակցին։

Փաստորեն, Սյունիքի մարզպետի և Ռուսաստանի դեսպանի «ցանկություններն այն աստիճանի են կուտակվել», որ նրանք արդեն նախատեսել են, թե երբվանից է գործելու գիմնազիան (եկող տարվանից) և ինչ տարածք է տրամադրվելու ( քաղաքի Ձորք թաղամասի թիվ 13 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը): Ավելին, դեսպանն այնքան գործնական է գտնվել, որ անձամբ այցելել է այդ դպրոց, ծանոթացել պայմաններին և կարծիք հայտնել, որ տարածքը գոհացուցիչ է, սակայն պետք է կատարվեն նորոգման աշխատանքներ, տեղադրվեն համակարգչային տեխնիկա, գույք, կահույք և այլն: Դեսպանը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանում ինչքան շատ երեխաներ տիրապետեն լեզուների, ծանոթ լինեն աշխարհի ժողովուրդների մշակույթին, գիտությանը, այնքան հարուստ կլինեն ու այնքան շատ օգուտ կտան իրենց հայրենիքին:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի բուռն քննարկումներում հնչեց. «Աշոտյանը կարծում է, որ դրա շուրջ աղմուկ չարժե բարձրացնել: Իհարկե, ինչպես ցանկացած հանցագործություն կատարող, չի ցանկանում` աղմուկ բարձրանա իր հանցանքի շուրջ…»: Կամ. «Ամբողջ խնդիրն այն է, որ օրը ցերեկով մարզպետը ՀՀ օրենսդրությունը ոտնահարում է, խախտում օրենքը, իսկ նախարարը դրա մեջ «խնդիր չի տեսնում»: Ասենք, նույն հաջողությամբ, Սյունիքի մարզպետը կարող էր ՌԴ դեսպանի հետ արձանագրություն ստորագրել, որ Մեղրու շրջանը հանձնում է Ռուսաստանին: Աշոտյանն այդ դեպքում էլ էր ասելո՞ւ` «Դա ընդամենը ցանկություն է…»:

ՌԴ դեսպանատան և ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջև ստորագրված համագործակցությունը, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, ապօրինի է և հակասում է Հայաստանի օրենսդրությանը. «Երբ մենք մեկ տարի առաջ խոսում էինք օտարալեզու դպրոցների վերաբացման մասին, շատերը հանդարտ ասում էին` ինչո՞ւ եք անհանգստանում, ընդամենը այսքան դպրոց կարող է բացվել, այն էլ` կառավարության որոշմամբ և այլն, սակայն սա դեռ սկիզբն է, պանդորայի արկղը բացվեց»:

Աշոտյանի այն հայտարարությունը, թե այդ արձանագրությունն ընդամենը ցանկությունների ոլորտից է և չի կարող հիմք ծառայել նման միջազգային կրթական ծրագիր իրականացնելու համար, Հելսինկյան կոմիտեի ղեկավարը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Կա՛մ նա խաբում է հասարակությանը, կա՛մ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր թիկունքում»:

Իշխանյանի կարծիքով, արդեն էական չէ` մարզպետն օրենքի սահմաններում է գործել, թե ոչ, քանի որ օրենքն արդեն իսկ խախտվել է` օտարալեզու դպրոցներն արտոնող նոր օրենքների ընդունումով. «Ի սկզբանե կար մի պարզ հարց, որը գիտակցում էին թե՛ օտարալեզու դպրոցների դեմ պայքարողները, թե՛ այդ դպրոցները բացողները. կարևորը օրենքի արգելքը վերացնելն է, մնացածը տեխնիկայի գործ է»:

Նա համոզված է, որ շուտով Աշոտյանի կամ մեկ ուրիշի միջոցով այդ հարցը կկարգավորվի, և կհայտարարվի, որ ամեն ինչ  օրենքին համապատասխանում է. «Սա հերթական բացահայտիչն է անկախության նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի և անկախությունը որպես արժեք դիտելու»,-ասաց Իշխանյանը` ուշադրություն հրավիրելով այն փաստերի վրա, որ Վրաստանում պատրաստվում են փակել ռուսական դպրոցները, Լիտվայում լիտվերեն չխոսելու համար տուգանք են նախատեսում, իսկ Հայաստանում բացում են ռուսական գիմնազիա:

Իրավապաշտպանը նշեց, որ միանալու է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» հասարակական նախաձեռնությանը, որը պատրաստվում է հանդես գալ Կապանում ռուսական գիմնազիա բացելու դեմ բողոքի ակցիաներով:

 

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply