Ի՞նչ իրավունքներ ունեն ամուսինները
ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | ankakh | July 13, 2011 7:00Ամուսինների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելու պահից:
Ամուսնության շնորհիվ ամուսինների ձեռք բերած իրավունքները բաժանվում են երկու խմբի`
- ամուսինների անձնական ոչ գույքային իրավունքներ,
- ամուսինների գույքային իրավունքներ:
Ամուսինների անձնական ոչ գույքային իրավունքները, չունենալով նյութական, տնտեսական բովանդակություն, չեն կարող գնահատվել դրամական ձևով, այսինքն` արժեքային ձև չունեն: Դրանք են` ամուսինների ազգանվան իրավունքը, պատվի, արժանապատվության իրավունքը, երեխաներ ունենալու, ծնողական իրավունքներ ձեռք բերելու, ամուսնալուծվելու, երեխա որդեգրելու և այլ իրավունքներ: Իրավունքների այս խումբը կազմում է ընտանեկան իրավունքի կարգավորման առարկան: Մինչդեռ ամուսինների գույքային իրավունքները նյութական, տնտեսական բովանդակություն ու արժեքային ձև ունեն և կարող են գնահատվել դրամական արտահայտությամբ: Դրանք ամուսինների սեփականատիրական իրավունքներն են, ինչպես նաև մեկը մյուսից ապրուստի միջոց` ալիմենտ պահանջելու իրավունքը:
ՀՀ ընտանեկան օրենսդրությունն ամուսինների փոխհարաբերությունների հիմքում դնում է տղամարդու և կնոջ լիակատար իրավահավասարության սահմանադրական սկզբունքը:
ՀՀ ընտանեկան օրենսդրության մեջ ամուսինների իրավահավասարության սկզբունքի մասին են վկայում հետևյալ կանոնները.
- Ամուսնությունը գրանցվում է ամուսնանալ ցանկացող տղամարդու և կնոջ կողմից ներկայացված դիմումի հիման վրա:
- Ամուսնանալիս ամուսիններն իրենց ցանկությամբ են ընտրում ամուսնական ազգանունը:
- Ամուսինները հավասար իրավունքներ ունեն ընտանեկան կյանքի բոլոր հարցերը, այդ թվում նաև երեխաների դաստիարակության հարցերը լուծելու գործում: Հայրը և մայրն իրենց զավակների նկատմամբ հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն: Նրանք այդ իրավունքներն ու պարտականությունները կրում են նաև ամուսնալուծությունից հետո:
- Ամուսինները փոխադարձ համաձայնությամբ են լուծում երեխաների անվան, ազգանվան, նրանց բնակության վայրի հարցերը, ուսման ու դաստիարակության մեթոդի հարցերը: Եթե ամուսիններն առանձին են ապրում, դարձյալ իրենք պետք է որոշեն, թե ծնողներից որի մոտ պետք է մնա երեխան:
- ՀՀ ընտանեկան իրավունքը չի ճանաչում ընտանիքի գլուխ հասկացությունը:
- Ամուսնաընտանեկան օրենսդրությունն ապահարզանի իրավունք է տալիս երկու ամուսիններին էլ, և նրանք այդ իրավունքն ազատորեն իրացնելու հնարավորություն ունեն:
Տղամարդու և կնոջ իրավահավասարությունն ապահովված է նաև ՀՀ Սահմանադրությամբ նրանց համահավասար աշխատանքի, հանգստի, սոցիալական ապահովության, կրթության և այլ իրավունքներ տալով, մոր և մանկան շահերի պետական պաշտպանությամբ, բազմազավակ և միայնակ կանանց տրվող պետական օգնությամբ, կանանց հղիության ժամանակ վճարովի արձակուրդ տալով, երկրում ստեղծված ծննդատների, նախադպրոցական հաստատությունների լայն ցանցով:
Ավետիք Հարությունյան