Սուրբ Մեսրոպը միայն արևելահայերի՞ համար է ստեղծել այբուբենը
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | July 10, 2011 20:20
Վերջին շաբաթների ընթացքում հավանաբար շատերը կարդացած կլինեն լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի բաց նամակները՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, կրթության նախարարին: Այդ գրություններով հարգարժան գիտնականն արդարացիորեն ահազանգում է սեպտեմբերից հանրակրթական դպրոցներին սպառնացող վտանգի մասին: Զարմանալին այն է, որ շատերս լեզվաբանի նամակ-հոդվածների շնորհիվ իմացանք հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի մասին:
Համացանցի Ktak.am կայքում «գտա» «հաղթանակած» դասագրքերի էլեկտրոնային տարբերակները. անհրաժեշտ էր մինչև ս.թ. հունիսի 15-ն ուսումնասիրել այդ դասագրքերը և առաջարկներ ու դիտողություններ ներկայացնել. «Ձեր ակտիվ մասնակցությունը կարող է օգնել դասագրքերի բարելավմանը»: Հաղթելուց կամ «հաղթեցնելուց» հետո հանրային քննարկմա՞ն են դնում: Հայտնի մուլտֆիլմի հերոսի սկզբունքն է՝ ես անում եմ այն, ինչ ուզում եմ, հետո թույլտվություն եմ խնդրում… Կարելի էր մինչև մրցույթի մեկնարկը քննարկման դնել, լսել մասնագետների և ուսուցիչների կարծիքը:
Ծանոթացա մասնավորապես հայոց լեզվի 7-րդ դասարանի դասագրքին (Հովհ. Բարսեղյան, Փ.Մեյթիխանյան): Պիտի անկեղծանամ. նպատակս դասագրքի հեղինակ (ներ)ին քարկոծելը չէ. վերջին օրերին շատ են քարկոծվել: Նպատակս հիշյալ դասագրքի մեկ այլ դրվագի անդրադառնալն էլ չէ, բայց դրա մասին պետք է խոսեմ, որպեսզի հասնեմ խոսքիս բուն նպատակին: «Գոյականը որպես խոսքի մաս» թեմայի հենց սկզբնամասում (էջ 24) Ս. Մուրադյանի բանաստեղծություններից մեկի մի քառատողն է.
Մեր պատմությունն է այս գրերի մեջ,
Դրանք մեր ոգու գանձերն են անշեջ.
Հնձվորի նման ննջում են հոգնած,
Մաշտոցն է հսկում անդորրը նրանց:
Բանաստեղծական հատվածի տակ աշակերտներին ուղղված հարց կա` «ի՞նչ գրերի մասին է խոսքը»… Այս հարցը ես ուզում եմ տալ դասագրքի համահեղինակ տիկնոջը…
* *
*
«Ի՞նչ գրերի մասին է խոսքը». հետաքրքրական է՝ հեղինակ(ներ)ը չգիտե՞ն, թե ինչ «գրերի մեջ է մեր պատմությունը», որ «երկնել են» դասագրքի 6-րդ էջը՝ մեջբերելով լեզվաբան Ս. Աբրահամյանի կազմած և Հովհ. Բարսեղյանի խմբագրած անիմաստ, հակահայերենյան նախագծի անհեթեթ մի հատված: Այս պահին մտածում եմ, որ սա կանխամտածված դավադրություն է մեր լեզվի դեմ, մեր երեխաներին բթացնելու, մայր լեզվից շեղելու հատուկ քաղաքականություն: Եվ 6-րդ էջից հետո թող հարգելի հեղինակները դասագրքի էջերը չլցնեն Մաշտոցին նվիրված կեղծ տողերով:
6-րդ էջի նյութերը տրվում են երեք բաժնով՝
1. Հայերենի այբուբենը և տառերի թվային արժեքը,
2.«Արևելահայերենի այբուբենի և գրանշանների համապարփակ հավաքածուի մասին» նախագծի մի հատված (2000 թ.),
3. Արևելահայերենի այբուբենը:
Հաջորդ էջում էլ տրվում է մի հատված Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից, որով էլ «ապացուցվում է», որ Սուրբ Մեսրոպը միայն արևելահայերի համար է ստեղծել այբուբենը: Դե ե՛կ, 11-12 տարեկան աշակերտ, մտածիր՝ իսկ արևմտահայերենի այբուբե՞նն ով է ստեղծել… Կամ գուցե արևմտահայերենը գրանշանների համակարգ չունի՞… Արևմտահայերենի ուսումնական ձեռնարկներում երբեք հայերենի այբուբենը չի ներկայացվում իբրև արևմտահայերենի սեփականություն. նկատի առնենք, որ հասկանալի պատճառներով Սուրբ Մեսրոպի այբուբենը, թերևս, ավելի շատ արևմտահայերենինն է…
Անհասկանալի է՝ նախագծի այդ հատվածն ինչո՞ւ է այդպես մերկապարանոց զետեղվել քերականության (ձևաբանության) դասագրքում: 7-րդ դասարանցին չի՞ կարող առանց այբուբենին վերաբերող այդ հատվածի ըմբռնել խոսքի մասերի քերականական հատկանիշները:
Նախագծի հատվածի 1-ին կետով աշակերտներին տեղեկացվում է, որ «ւ» տառը չի կարող վերականգնվել արևելահայերենի այբուբենում, քանի որ դարեր առաջ դադարել է ինքնուրույն տառի արժեք ունենալուց, 2-րդ կետով էլ մեծարգո լեզվաբանների ձեռամբ ւ-ի թվային 7000 արժեքը շնորհվում է ու-ին:
Կուզենայի՝ դասագրքի հեղինակներ Հովհաննես Բարսեղյանը և Փառանձեմ Մեյթիխանյանը 6-րդ էջում պարզապես մեկ անգամ ևս հիշեցնեին աշակերտներին, որ մենք ունենք մեկ այբուբեն, որի օրինական տերը հայերենն է՝ ճակատագրի կամոք բաժանված երկու ճյուղի… Կուզենայի՝ հպարտությամբ պատմեին աշակերտներին այն մարդու մասին, որը «իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր եւ սքանչելի ծնունդներ՝ հայ լեզուի նշանագրերը…», հետո պատմեին 1922 և 1940 չարաբաստիկ թվականների մասին, գրեին, որ «ւ»-ը մեր ցավն է, զայրանային, որ խորհրդային ուղղագրական փոփոխության հետևանքով Սուրբ Մաշտոցի այբուբենից վտարվել է «ւ» տառը, մեկ անգամ ևս հիշեին ու հիշեցնեին, որ փոքրիկ, սիրելի «ւ»-ը՝ «հիւն» կամ «վիւն» (հյուն, վյուն) անուններով, առանձին տառ էր՝ 7000 թվային արժեքով: Այսօր նրա տեղը հանիրավի գրաված «ու» երկտառին Հուդայի ճակատագիրն է բաժին հասել՝ թվային արժեք չունի և «տիրացել է» «ւ»-ի արժեքին…
Իսկապես բարկացնող է՝ Մաշտոցի այբուբենն ի՞նչ գործ ունի Փառանձեմ Մեյթիխանյանի գզրոցում, որ իրեն իրավունք է շնորհել նման էջ զետեղել հանրակրթական դպրոցի դասագրքում: Նպատակը ո՞րն է. մեր վաղվա օրը կերտող դպրոցականին վերջնականապես զրկե՞լն է իր պատմությունից. ախր սրանով աշակերտին գրագետ մարդ դառնալու իրավունքից էլ են զրկում: Թող հանդգնությունս ների մեծավաստակ լեզվաբան Հովհ. Բարսեղյանը, բայց սա արդեն ոչ թե մասնագիտական, այլ ազգային խնդիր է, որը չի կարելի խցկել-տեղավորել դպրոցական դասագրքում:
…Տերմինաբանական կոմիտեի որոշումների ժողովածուն չունեմ, ցանկացա ամբողջությամբ կարդալ նախագիծը: Մտածեցի՝ հնարավոր է համացանցում ինչ-որ բան գտնել, դիմեցի փնտրող ծառայությանը: Փոքրիկ պատուհանիկի մեջ գրեցի «Արևելահայերենի այբուբենի և գրանշանների համապարփակ հավաքածուի մասին»: Եվ …հայտնվեց սույն դասագրքի համահեղինակ Փ. Մեյթիխանյանի մի գրվածքը (Մայիսի 16, 2008, 168 ժամ), որի մեջ հիշատակված էր փնտրածս արտահայտությունը: Կարդացի: Տիկին լեզվագիտուհու զայրույթի հեղեղը հորդում է լեզվաբան Յու. Ավետիսյանի վրա. վերջինս «համարձակվել էր» բուհական քննությունների օրերին անխուսափելի վիճաբանություններից մեկի ժամանակ հայտարարել, որ տերմինաբանական կոմիտեի՝ «ւ» տառի 7000 թվային արժեքը «ու»-ին շնորհելու որոշումը սխալ է… Ահա թե ում է ինչ-որ բան ուզում ապացուցել տիկին Մեյթիխանյանը: Յուրի Ավետիսյանի համարձակությունը, որ այդքան բարկացրել էր տիկին Մեյթիխանյանին, ինձ պարզապես հիացրեց. ո՞վ է ասել, որ Ս. Աբրահամյանը և Հովհ. Բարսեղյանը չեն կարող սխալվել կամ չեն կարող կատարել իրենց պարտադրվածը…
Սեպտեմբերից մեր աշակերտները պետք է սովորեն այդ դասագրքով: Արդյոք սա մի նոր արշավա՞նք չէ հայերենի դեմ, արդյոք կանխամտածված չէ՞ այս ամենը…
Եթե սույն դասագիրքը մտավ դպրոց, նշանակում է՝ մշակվել է հատուկ ծրագիր՝ միտված ազգի և լեզվի երկփեղկման խորացմանը, հայերենի վերջնական ավերմանը:
Դեռևս հույս ունեմ, որ որևէ բան կփոխվի, մրցույթն անվավեր կհամարվի, նոր մրցույթ կկազմակերպվի: Հակառակ դեպքում, խնդրում եմ, ո՛չ, պահանջում եմ այդ դասագրքից անհապաղ հանել 6-րդ էջը:
Մարո ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանասեր, մանկավարժ






Facebook
Tweet This
Email This Post
