Ունենք այն, ինչի արժանի չենք կամ ճակատագրով դատապարտվածները
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | July 7, 2011 15:00
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում խաղադադար է: Մասնակից 8 թիմերի կեսն էլ հանդես է գալիս կամ նախապատրաստվում է խաղալ եվրոպական գավաթային մրցաշարերում: Այսպիսի բան ոչ մի տեղ չես հանդիպի: Պատճառը թիմերի սակավությունն է: Այսինքն` կատարյալ պայմաններ են ստեղծված մասնակիցների զգալի մասի համար առանց մեծ ջանքերի միջազգային ստուգատեսներում իրենց կարողությունները դրսևորելու, երևալու համար: Ուշագրավ է, որ ընթացիկ մրցաշրջանի անդրանիկ կեսի չեմպիոնը` «Գանձասարը», այդպիսի «հոգսերից» զերծ է:
Թիմերն անցել են առաջնության կեսը և պայքարը կվերսկսեն հուլիսի 23-ին: 14 խաղից հետո մրցաշարային աղյուսակը 29 միավորով գլխավորող «Գանձասարը» իրականում ներկայումս ազատ է: Ընդ որում, թիմի հաջողությունն ամենևին էլ պատահական չէ: Նա անցկացրած հանդիպումներից 11-ում ոչ մի գնդակ չի ընդունել սեփական դարպասը: 27-ական միավորով այս ակումբին հաջորդում են Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն «Փյունիկը» և բրոնզե մեդալակիր «Ուլիսը», որոնք փոփոխակի հաջողություններով են հանդես գալիս: Ընդ որում, եթե «Փյունիկը» հիմնականում իր կազմում նոր խաղացողների է ընդգրկել, ապա այս հարցում «Ուլիսն» ավելի պահպանողական է , ապավինում է հին գվարդիայի ուժերին: 18-ական միավոր ունեն «Միկան» և «Իմպուլսը»: «Միկայի» համար սա լավագույն մրցաշրջանը չէ: Բոլոր հնարավորություններն ունեցող ակումբի միակ մխիթարությունն այն է, որ այս տարի նույնպես սակավաթիվ թիմերի մասնակցությամբ անցկացված Հայաստանի գավաթի խաղարկությունում դարձել է հաղթող: Լավ օրից չէ, որ կրկին թիմ է հրավիրվել մարզիչ Էդվարդ Մարգարովը: Աղյուսակը եզրափակում են «Շիրակը» (13 միավոր), «Բանանցը» (12) և «Արարատը» (9): Այս թիմերը գրեթե նույն վիճակում են: Տարբերությունն այն է, որ «Արարատը» Հայաստանի առաջնությանը մասնակցում է առանց նախապատրաստության և աստիճանաբար բարելավում է իր խաղը: Մասնավորապես, առաջնության վերջին տուրում նա տպավորիչ հաղթեց «Շիրակին» (2:1), որի համար նույնիսկ չափից ավելի խոսում են, թե մեծ փողեր են ծախսվում:
Ի դեպ, առաջնության անցած ժամանակահատվածը նշանավորվել է աղմկահարույց երկու միջադեպով: Մեկն այն է, որ որոշում էր կայացվել լավ հանդես եկող «Գանձասարին» մինչև աշուն զրկել սեփական հարկի տակ խաղեր անցկացնելու հնարավորությունից, իսկ մյուսն էլ այն է, որ մեր երկրի ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրեասյանին կրկին ցանկանում էին հայկական ֆուտբոլում անցանկալի անձ դարձնել: Իսկ թե ով կանխեց այս չար դիտավորությունների իրականացումը, հայտնի է բոլորին…
Ինչ վերաբերում է մեր թիմերի եվրոպական գավաթային մրցաշարերի խաղերին, ապա հարուստ ենք այն ամենով, ինչ ունենք: Թիմերի սեփականատերերն իրենց շահերն ունեն: Ցավալին այն է, որ նրանց ծրագրերի մեջ չի մտնում մեծ փողեր ծախսելը, բարձրակարգ մարզիչներ և խաղացողներ հրավիրելը: Եվ պարզ է, որ այդ պայմաններում միջազգային չափանիշներով որևէ ակնկալիք չի կարելի ունենալ: Պարզապես պետք է հրաշքի սպասել:
Մասնավորապես, հուլիսի 7-ին Եվրալիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում պատասխան խաղեր են անցկացնելու մեր երկու թիմեր: «Ուլիսը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է հունգարական «Ֆերենցվարոշին», իսկ «Բանանցը» արտագնա խաղ է անցկացնելու Վրաստանի Ռուսթավի քաղաքի «Մետալուրգի» հետ: Առաջին խաղում «Բանանցը» տանը պարտվել է (0:1), իսկ «Ուլիսը» հյուրընկալվելիս զիջել է անփառունակ (0:3) հաշվով և նույնիսկ չի կարողացել օգտագործել 11 մ-ոց տուգանային հարվածի օգնությամբ մրցակցի դարպասը գնդակ խփելու հնարավորությունը: Այնպես որ, պատասխան խաղերից առաջ մեր երկու թիմերն էլ դժվարին դրությունում են:
Կատարվածն անսպասելի չէ, քանի որ, ինչպես նշվեց, ակումբների տերերը չեն ցանկանում բացել իրենց քսակները, և այն տպավորությունն է, որ թիմերն ինչքան շուտ դուրս «թռչեն» մրցաշարերից, այնքան նրանց համար անելիք և մտածելու բան չի լինի: Ի դեպ, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որ Չեմպիոնների լիգայի մրցաշարը սկսելու է 2-րդ փուլից, խաղացողներ ձեռք բերելու փոխարեն, իր ունեցածն է դուրս տալիս: Մասնավորապես, Մարկոսը և Գևորգ Ղազարյանն այժմ Դոնեցկի «Մետալուրգի» կազմն են համալրել: Եվրալիգան որակավորման երկրորդ փուլից սկսող «Միկա» ակումբի ղեկավարությունն էլ, ինչպես երևում է, այդ առումով առանձնապես կտրուկ քայլեր կատարելու, բարձրակարգ ֆուտբոլիստների հրավիրելու ցանկություն չունի: Թիմի ներկայիս վիճակն էլ դրա արտոցոլումն է: Այնպես որ կարելի է ասել` եվրոպական գավաթային մրցաշարերում մեր երկրի ներկայացուցիչները ճակատագրով են դատապարտված անհաջողության: Մի՞թե դրան են արժանի մեր մարզասերները: Չէ՞ որ լավ ֆուտբոլ ունենալն ազգային արժանապատվություն է:






Facebook
Tweet This
Email This Post
