Սերգեյ Մովսիսյանը լավատես է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 12, 2011 7:00

Չեխիայում բնակվող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Հայաստանում է: Նա եկել է կնոջ` նույնպես գրոսմայստեր Յուլյա Կոչետկովայի հետ: Սերգեյը Հայաստանի հավաքականի իր խաղընկերների հետ միասին նախապատրաստվում է առաջիկայում Չինաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը:

Չնայած ծանրաբեռնվածությանը` հանրածանոթ շախմատիստը սիրով պատասխանեց մեր հարցերին: Նրան խնդրեցինք նախ անդրադառնալ վերջին` Դավիթ Նավարայի հետ անցկացրած մրցամարտին:

– Անկեղծ ասած, արդյունքի առումով մեծ սպասելիքներ չունեի: Բանն այն է, որ վաղուց էի խաղացել: Վերջին անգամ հանդես էի եկել ապրիլին կայացած Ռուսաստանի ակումբային առաջնությունում: Այդ առումով ուրախ էի աշխարհի թիմային առաջնությունից առաջ մրցամարտի  մասնակցելու համար: Ի դեպ, սպիտակ խաղաքարերով անցկացրած պարտիաներում փորձում էի նորույթներ կիրառել: Մրցամարտը մեծ նշանակություն չուներ, և հետաքրքիր էր այդպիսի փորձարկումներ կատարելը: Նավարայի հետ շատ եմ խաղում տարբեր լիգաներում և մրցաշարերում: Պրահայում անցկացված մեր մրցամարտի 5 պարտիան խաղաղ ելք ունեցավ, մեկում պարտվեցի, սակայն դա ողբերգություն չեմ համարում:

Չորրորդ պարտիան տանուլ տվեցիր: Վրիպո՞ւմ էիր թույլ տվել:

– Այո, կոպիտ սխալ թույլ տվեցի: Ճիշտ քայլ կատարելու դեպքում պարտիան ոչ-ոքի կավարտվեր: Առաջին չորս հանդիպումների ընթացքում երկար ժամանակ էի վատնում  քայլերը կատարելու համար: Պատճառն այն է, որ երկար ժամանակ չէի խաղացել:

Պրահայում անցկացված մրցամարտի օրերին շարունակ հայտարարվում էր, որ խաղում են Սլովակիան և Չեխիան ներկայացնող լավագույն շախմատիստներ Նավարան և Մովսիսյանը: Պատահակա՞ն էր այդ ձևակերպումը:

– Բանն այն է, որ այդ մրցամարտի կազմակերպչի հետ պայմանավորվել էինք 2010-ի նոյեմբերին: Ինչպես հայտնի է, 2011-ի սկզբին ես վերադարձա Հայաստանի հավաքական: Ընդ որում,  նախապես հայտնել էի, որ այդպիսի տեղափոխությունը հնարավոր է: Բայց հետո կազմակերպիչն ասաց, որ  մեծ տարբերություն չկա, ինքը ցանկանում է, որ ես խաղամ: Փաստորեն, դա դերբի էր համարվում և մարզասերներին ավելի էր հետաքրքրում:

Դու բնակվում ես Պրահայում, իսկ Հայաստանում տուն ունե՞ս:

– Դեռ ոչ: Այդ մասին մտածելու ժամանակ էլ չկա: Բայց հետագայում միգուցե նաև այդ հարցն առաջնային դառնա:

Ճի՞շտ է, որ 9 լեզվով ես խոսում:

– Միայն` 8: Թերևս 9-րդը կարելի է սլովակերենը համարել, բայց  ես չեխերենը և սլովակերենը մեկ խմբում եմ  հաշվում, թեև դրանք տարբեր լեզուներ են: Իրականում չեխերենը և սլովակերենը շատ ընդհանրություններ ունեն, և այդ երկու լեզուներով խոսողներն իրար հասկանում են:

Իսկ որո՞նք են իմացածդ մյուս լեզուները:

– Հայերենին, վրացերենին, ռուսերենին փոքրուց վարժ տիրապետում եմ: Անգլերեն և գերմաներեն հետո եմ սովորել: Գիտեմ  նաև սերբախորվաթերեն, լեհերեն: Այդ ամենն ինձ հեշտ է տրվել, բայց հիմա դժվարանում եմ որևէ նոր լեզու սովորել:

Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին ի՞նչ կասես: Ի՞նչ վիճակում է մեր երկրի հավաքականը:

– Հայաստանի հավաքականի մարզավիճակի մասին նախապես դժվար է որևէ բան ասել: Երբ առաջնությունը սկսվի, այդ ամենն ակնհայտ կդառնա: Բանն այն է, որ մինչև առաջնությունը հնարավոր է` շախմատիստներն իրենց գերազանց զգան, սակայն մրցումներում չկարողանան լավ խաղալ: Հնարավոր է նաև հակառակը: Բայց ամեն բան արվել է այդ մրցաշարին լավ նախապատրաստվելու համար: Կանխատեսումներ անել հնարավոր չէ, քանի որ բոլոր  երկրների հավաքականների կազմերում շատ ուժեղ շախմատիստներ են: Կարևոր է, թե ինչպես կսկսենք մրցաշարը: Միայն վերջին` 9-րդ տուրից հետո պարզ կդառնա` առաջնությանը հաջո՞ղ ենք մասնակցել, թե՞ ոչ: Այդուհանդերձ, առավելագույնն անելու ենք, որ լավ խաղանք: Որ առաջին, երկրորդ տեղերի համար կպայքարենք, դժվար է ասել: Մրցումների մեկնարկից մի փոքր շուտ կմեկնենք մրցավայր, որպեսզի կլիմայափոխվենք:

Չինաստանում հնարավո՞ր է` սննդի հետ կապված խնդիրներ ունենաս:

– Թեև չինական խոհանոցն իր յուրահատկություններն ունի, սակայն այդ առումով ինքս խնդիրների չեմ հանդիպել: Նախկինում երկու անգամ Չինաստանում մրցաշարերի եմ մասնակցել, արտասովոր ոչ մի բան չի կատարվել: Դրանից է, որ այդ առումով երկյուղ չունեմ: Իմ մտահոգությունը միայն  ժամային գոտիների տարբերությունն է: Եվրոպայի համեմատ` տարբերությունը 7 ժամ է: Բայց մի քանի օրվա ընթացում դրան էլ կսովորեմ:

Գրեթե միշտ մրցաշարերի ժամանակ կինդ ուղեկցում է քեզ: Այս անգամ նա Չինաստան չի՞ գալու:

– Յուլյան լավ մարզավիճակում է: Վերջերս հաջող խաղաց Վրաստանում կազմակերպված միջազգային մրցաշարում, իսկ առաջիկայում մասնակցելու է Սլովակիայի բաց առաջնությանը, այդ է պատճառը, որ իմ կողքին չի լինի:

Ինչպե՞ս եք ծանոթացել, քանի՞ տարի է, որ ամուսիններ եք:

– 2007-ին Դրեզդենում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ ենք ծանոթացել: Նա Հայաստանի շախմատիստուհիների հետ լավ հարաբերություններ ունի, հատկապես մտերիմ է Լիլիթ Մկրտչյանի հետ: 2008-ին Յուլյան Չելյաբինսկից տեղափոխվել է Պրահա, և միասին ենք: Նա առաջին անգամ է  Երևան այցելում և շատ տպավորված է:

Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելուց հետո ի՞նչ ծրագրեր կան:

– Օգոստոսի վերջին հանդես եմ գալու Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Այն նոկաուտ համակարգով է, և հույս ունեմ, որ մրցաշարում երկար կխաղամ: Ապա Սլովենիայում կայանալու է Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությունը, կմասնակցեմ նաև Սլովենիայի թիմային  առաջնությանը, նոյեմբերին էլ Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեմ  Եվրոպայի թիմային առաջնությանը:

Հավանաբար ամենադժվարը Խանտի Մանսիյսկում կլինի:

– Ես հետագա մրցաշարերի մասին դեռ չեմ մտածել, այժմ հաստատ համոզված եմ, որ Չինաստանում լուրջ փորձություններ են սպասվում: Ինչ վերաբերում է Խանտի Մանսիյսկում կատարվելիք իրադարձություններին, ապա դա անհատական խնդիր է, և ինձ համար էլ շատ հետաքրքիր է, թե ինչի կարող եմ հասնել: Վերջին տարիներին այնքան էլ լավ չեմ հանդես եկել աշխարհի գավաթի խաղարկություններում, և կփորձեմ վերականգնել սասանված հեղինակությունս:

Իսկ աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանի կրած անհաջողության պատճառն ի՞նչն ես համարում:

– Դա ավելի ստույգ Լևոնը կարող է ասել: Բայց ինքս այն կարծիքին եմ, որ նա շատ լավ էր նախպատրաստվել, և ափսոս էր, որ չստացվեց: Ես զարմացած էի, որ այն դիրքերում, որոնցում նա 10 հնարավորից 10-ում պետք է հաղթեր,  չէր հաջողվում  առավելության հասնել: Շախմատում այդպիսի բաներ լինում են:

Ի՞նչ ես կարծում, Չինաստանում նա արդեն հաղթահարած կլինի՞ հոգեբանական արգելքը, կատարվածից հետո սթափված կլինի՞:

– Այն կարծիքին չեմ, որ տեղի ունեցածը մեծ ազդեցություն է ունեցել և կխանգարի Լևոնին: Թիմային մրցաշարը տարբերվում է: Եվ երբ տղաները հավաքվում են, բոլորն էլ համախված են գործում, լավ են խաղում: Հայաստանի հավաքականի հաջողությունների բանալին դա է, իսկ ինքս միշտ լավատես եմ:

 

Դիտվել է 1463 անգամ:
Print Friendly

Leave a Reply