Զախարյանի խնամին ջրից չոր է դուրս գալիս, բանկը ստանում է իր փողերը, իսկ ժողովուրդը կանգնում է կոտրած տաշտակի առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 7, 2011 13:23

Հայաստանում հերթական խառնաշփոթն է ստեղծվել նորակառույց բազմաբնակարանային շենքի շուրջ: Մամիկոնյանց 51/2 հասցեում գտնվող շենքը սկսել է կառուցվել դեռևս 2007 թ.: Մինչ օրս կառուցապատողը` «Սամոշ» ՍՊԸ-ն, նախնական պայմանագրերով 68 բնակարան է վաճառել (գրեթե բոլոր բնակարանները) և պարտավորվել շենքը շահագործման հանձնել 2010-ի ամռանը: 2009-ին Զարգացման հայկական բանկը վարկային պարտավորությունները չկատարելու համար դատի է տվել ՍՊԸ-ին: Վերջինիս ներկայացուցիչը` Սամվել Հովհաննիսյանը, որ  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետն է, ինչպես նաև նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի խնամին, շարունակել է նորանոր բնակարաններ վաճառել` պայմանագրեր կնքող քաղաքացիներից թաքցնելով բանկի և ՍՊԸ-ի միջև ընթացող դատական գործընթացները:

Բանը հասել է նրան, որ 2011-ի մայիսին շենքը հանվել է հարկադիր աճուրդի, իսկ նախնական պայմանագրեր կնքած և կառուցապատողին հսկայական գումարներ տրամադրած քաղաքացիները դրա մասին տեղեկացել են պատահաբար: Եվ մինչ նրանք, հանկարծակիի եկած, կփորձեին ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, դատարանը հունիսի 27-ին «Սամոշ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին վարույթ սկսեց:

Բնակիչներն ասում են, որ գործընթացը չկասեցվելու դեպքում շենքն աճուրդի միջոցով կվաճառվի շուկայականից շատ ցածր գնով, որով կմարվեն բանկի պարտքն ու լուծարային կառավարչի ծախսերը, իսկ իրենք կկորցնեն  նախնական պայմանագրերով ձեռք բերված բնակարանները` վճարած ողջ գումարի հետ միասին, որը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ: Լավագույն դեպքում բնակիչներին կվերադարձվի վճարած գումարների չնչին մասը:

Բնակիչներին հետաքրքրում է, թե ի՞նչ է եղել այդ 1,5 միլիարդ դրամը, որը, ըստ սովորական հաշվարկների, բավարար էր շենքն ամբողջությամբ ավարտելու, բանկի վարկն էլ մարելու համար:

«Փաստորեն, կառուցապատողը  մեր գումարները կերել է քիչ չի,  բանկի պարտքն էլ մեր ուսերին է գցել: Մեղավոր չլինելով ընդհանրապես` մենք պիտի պատասխան տանք բանկի և ՍՊԸ-ի միջև ծագած խնդիրների համար: Ինչու՞»,-հարցնում են բնակիչները:

Շատերը նախնական պայմանագրերը վավերացրել են Արաբկիրի նոտարական գրասենյակում: Բնակիչներից մեկն ասում է, որ նախնական պայմանագիր կնքելիս նոտար Վերա Աբաջյանն իրեն շնորհավորել է բնակարան ձեռք բերելու համար. «Մեզ չի ասվել, թե ինչ ռիսկեր է պարունակում նախնական պայմանագիրը, ինչպես նաև չի տեղեկացվել, որ շենքը գրավ է հանդիսանում, և դրա շուրջ դատական գործընթաց է սկսվել»,-նշեց նա:

Վերա Աբաջյանն «Անկախին» հայտնեց, որ ինքը իրավասու չէ տեղեկացնելու քաղաքացուն ռիսկերի և օրենքի սողանցքերի մասին, դա պետք է անի պետությունը: Ո՞վ է այս դեպքում պետությունը, նա չմանրամասնեց: «Ես ստուգում եմ միայն շենքի օրինականությունը, փաստաթղթերը, կառուցման թույլտվությունը, փաստաթղթային ձևակերպումների օրինականությունը, իսկ թե ապագայում այդ շենքը կկառուցվի կամ որտեղ ինչ կլինի, ես չեմ կարող երաշխավորել»,-ասաց նա:

Եթե նոտարը ստուգումներ է անցկացրել` պարզելու շենքի շինարարության թույլտվությունը, փաստաթղթերի օրինականությունը և այլն, ապա, ինչո՞ւ չի իմացել կամ չի տեղեկացրել բնակիչներին, որ շենքը գրավի և դատական գործընթացների առարկա է: Այդ հարցը Վերա Աբաջյանին ավելի քան զարմացրեց. «Ինչպե՞ս, 2009-ին շենքն արդեն վեճի առարկա՞ էր դատարանում, կտրամադրե՞ք ինձ այդ ինֆորմացիան»:

Ըստ բնակիչների տրամադրած փաստաթղթերի` 2009 թ. հոկտեմբերին արդեն եղել է դատարանի վճիռը` ընդդեմ «Սամոշ» ՍՊԸ-ի: Մինչդեռ դրանից հետո  կառուցապատողը, նույն նոտարի վավերացմամբ, բազմաթիվ պայմանագրեր է կնքել քաղաքացիների հետ:

Ուշագրավ է նաև այն, որ քաղաքացիներից մեկի պայմանագիրը վավերացնող մեկ ուրիշ նոտար` Հասմիկ Հովհաննիսյանը, պայմանագրում նշել է, որ գույքը գրավադրված է բանկում: Բնակիչներից մեկն ասում է, որ եթե իր պայմանագրում այս կետը գոնե լիներ, հնարավոր է, որ ինքը ռիսկի չգնար և պայմանագիր չկնքեր:

Վերա Աբաջյանը նաև ասաց, որ տվյալ պայմանագիրը կարելի էր կնքել նաև առանց նոտարի. «Նոտարական վավերացումն այս դեպքում պարտադիր չէ, և քաղաքացին ինքն է որոշում` դիմի՞ նոտարի, թե՞ ոչ»: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տվյալ դեպքում նոտարական վավերացումը պարտադիր է. հակառակ դեպքում քաղաքացին գույքային պահանջ ունենալ չի կարող:

Աբաջյանն իրեն մեղադրելու փոխարեն բնակիչներին խորհուրդ է տալիս դիմել դատարան: Բնակիչներն էլ ասում են, որ դիմելու են դատական ամենաբարձր ատյաններին` պարզելու, թե ովքեր են մեղավոր իրենց իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար և անելու են ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն:

Այժմ նրանց առջև երկու խնդիր է դրված` վերականգնել սեփականության իրավունքը և մտածել անավարտ շենքի շինարարության մասին:

«Աբսուրդ է, կառուցապատողը բանկի հետ խնդիրներ ունենա, բայց ջրից չոր դուրս գա, բանկը ստանա իր ողջ գումարը, իսկ մենք կորցնենք տարիների քրտինքով վաստակած մեր գումարներն ու բնակարանները»,-ասում է բնակիչներից մեկը:

Նշենք, որ 68 խաբված քաղաքացիները ձևավորել են «Ընդդեմ նորակառույց թալանի և խաբեության» հասարակական նախաձեռնությունը, որը նպատակ ունի համատարած դարձած այս խնդրին հասարակական հնչեղություն ու լուծում տալ:

 

 

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply