Ամբողջ սեզոնին չենք կարողանում միրգ «պրոբ անել», էլ ուր մնաց պահածո պատրաստենք. Տանտիրուհիները բողոքում են մրգի թանկացումից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2011 12:49

Ամռան հատկապես այս ամսին հայաստանյան մրգի ու բանջարեղենի շուկայում եռուզեռ է տիրում, ինչը հուշում է, որ մեկնարկել է նաեւ պահածոների պատրաստման սեզոնը: Շուկաներից  ու խանութներից արդեն կարելի է գնել այն մրգերն ու բանջարեղենները, որոնցից հայ տանտիրուհիները ավանդաբար կոմպոտներ, մուրաբաներ ու այլ պահածոներ են պատրաստում: Օրինակ` ծիրան, բալ, կեռաս, մորի, ելակ, հաղարջ, լոլիկ, պղպեղ, վարունգ եւ այլն:  Սակայն, ինչպես պարզեցինNEWS.am-ի հարցումները, հայ տանտիրուհիներից ոչ բոլորն են, որ լծվել են պահածոների պատրաստման գործին: Բայց ոչ այն պատճառով, որ հետեւում են մասնագետների խորհրդին ու ձեռնպահ մնում տնային պայմաներում ամառային բարիքներն ամբարելուց, այլ քանի որ…«բալը թանկ է»: Ի դեպ, թանկ է ոչ միայն բալը, այլ մյուս մրգերը նույնպես: Ընդ որում, այնքան թանկ, որ, ինչպես նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրուցած տնային տնտեսուհիներից մեկը, «ձեռքներս չի գնում լցնենք բանկաները»:

«Պատահում է, որ ամբողջ սեզոնի ընթացքում չենք կարողանում միրգ «պրոբ անել», էլ ուր մնաց պահածո պատրաստենք: Այդ պատճառով էլ պետք եղած դեպքում խանութից ենք գնում մեր ուզած մուրաբան ու մարինադը: Ճիշտ է, խանութում նույնպես թանկ է, բայց երբ կարիքը ստիպում է, ոչինչ անել չես կարող»,-նշեց 45-ամյա տանտիրուհին:

Մեկ այլ տանտիրուհի էլ նշեց, որ բանջարեղենի ու մրգերի թանկացման հետեւանքով հազիվ կարողանում է մի քանի բանկա պահածո պատրաստել, ամեն մեկից` մեկ-երկու հատ: «Նախկինում ամեն պահածոյից 10-20 բանկա էինք պատրաստում, իսկ այժմ մեկ-երկու բանկայով բավարարվում ենք, որ գոնե համը չմոռանանք: Աշխատում ենք` միրգը հնարավորինս թարմ վիճակում ճաշակել, պահածոյացնելու մասին չենք էլ մտածում»:

«Հիմա, փաստորեն, Թումանյանի Գիքորի ժամանակներն ենք ապրում` բալ չենք ուտում ու հյուրասիրում, քանի որ այն թանկ է`կրակի գին: Աֆրիկաներում ու իսպանիաներում աճած բանանի ու նարինջի մեկ կիլոգրամն ավելի էժան է, քան մեր տեղական մրգերինը: Օրինակ` ծիրանի գինը 600 դրամից չի իջնում: Ծիրան, ի դեպ, չենք կերել արդեն երեք տարի: Երեւի այս տարի էլ չենք ուտի, ուր մնաց թե մուրաբա պատրաստենք»,-դժգոհեց շուկաներից մեկից առեւտուր անող մի տղամարդ: Նա, ի դեպ, ներկայացրեց սննդամթերքի այն ցուցակը, որոնք ճաշակելու հնարավորությունից իրենց ընտանիքը զրկված է արդեն երկար ժամանակ` խոզի միս, ձուկ, պանիր, կարագ, ձիթապտուղ, ընդեղեն…:

«Մսի փոխարեն` ձու ենք ուտում, կաթնամթերքից` միայն մածուն: Կարտոֆիլն ու սոխն էլ ենք դժվարությամբ գնում, բայց չգնելու դեպքում սովահար կլինենք: Մեկ-մեկ էլ վարունգ ու պոմիդոր, երբ դրանք համեմատաբար էժանանում են: Հիմնականում սնվում ենք մակարոնեղենով ու ձավարեղենով»,-ասաց նա:

NEWS.am-ը եղել է երեւանյան մի քանի խանութներում ու շուկաներում եւ   ուսումնասիրել մրգի ու բանջարեղենի գները: Ըստ այդմ` պոմիդորի 1 կիլոգրամն արժե 250-300 դրամ, պղպեղինը` 500, սմբուկն  արժե 600-1000 դրամ, վարունգը` 250-300: Կարտոֆիլն արժե՝ 200-250 դրամ,  ծիրանը` 500-600 դրամ,  խնձորը՝ 400-600 դրամ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի մրգի ապրանքախմբում 2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ արձանագրվել է 19.9%, իսկ 2011թ. ապրիլի համեմատ`0.8% գնաճ: 2011թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է տանձի 3.6%, նարնջի` 4.4%, խաղողի 10.4%, մանդարինի` 11.8% գնաճ: Միաժամանակ, ելակի գինը նվազել է 10.6%-ով, ադամաթզինը` 2.2%-ով, խնձորինը` 1.3%-ով, կիտրոնինը` 0.1%-ով: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 0.7%-ով:

Եւ չնայած ըստ ԱՎԾ-ի տվյալների գնաճն այնքան էլ բարձր չէ, սակայն քաղաքացիները դժվարությամբ են համակերպվում գների` անգամ չնչին բարձրացմանը:

 

Պատրաստեց Ելենա Գեւորգյանը


 

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply