«Հարյուրամյա ձվեր» արտադրողները վիրավորվել են CNN-ի լրագրողներից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 7, 2011 12:48Ձվից մթերք պատրաստելու մեջ մասնագիտացած, մասնավորապես, այսպես կոչված` «հարյուրամյա ձվեր» արտադրող չինական ընկերությունը բողոքել է ամերիկյան CNN հեռուստաընկերության դեմ: Փաստաթղթում, որի տակ ստորագրել են «Շենդան» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ու 3 հազար աշխատակից, ասվում է, որ CNN-ի լրագրողները վիրավորանք են հասցրել չինացիներին` «հարյուրամյա ձվերը» անվանելով ամենազզվելի ուտելիքն աշխարհում:
Փաստաթղթում ասվում է, որ ամերիկյան հեռուստատեսության աշխատակիցները եզրակացություն են արել առանց նույնիսկ համտեսելու նրբահամ ուտելիքը. «Եզրակացությունը խոսում է նրանց անկրթության, մեծամտության ու մյուս ժողովուրդների մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին»,- ասված է հայտարարության մեջ:
«Շենդան» ընկերությունը պահանջել է արտահայտության համար ներողություն խնդրել, սակայն CNN-ը դեռևս չի արձագանքել այս բողոքին: CNN-ը կազմել է ամենատարօրինակ, անհամ ու զզվելի ճաշատեսակների ցանկը, ուր «հարյուրամյա ձվերը» զբաղեցրել են «պատվավոր» առաջին հորիզոնականը:
«Հարյուրամյա ձվերը» պատրաստվում են մի քանի ամսվա մեջ օդի համար անհասանելի պայմաններում: Պատրաստման համար պիտանի են թե հավի, թե լորի և թե բադի ձվերը: Դրանք պատում են թեյի, կրի, աղի ու մոխրի շերտով, ապա թաթախում բրնձաթեփի ու կավի մեջ: Դրանից հետո ձվերը դասավորում են զամբյուղի մեջ ու այդպես թաղում հողում: Մի քանի ամսում սպիտակուցը շագանակագույն է դառնում, թափանցիկ ու ձիգ, իսկ դեղնուցը` փափուկ ու մոխրաերկնագույն, սուր ամոնիակի հոտով, ինչը վկայում է ուտեստի պատրաստ լինելու մասին:






Facebook
Tweet This
Email This Post
