Մոտ 83 000 տուն ապահովագրվեց գազի թունավորումից

ՄԱՐԴԻԿ | | June 5, 2009 13:36

gaz-12009 թ-ի մայիսի 1-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից բնակարաններում տեղադրվել է 82.533 անվտանգության սարք:

Հունիսի 1-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածի 3 բնակիչներ շմոլ գազի թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները դեռ պարզվում են: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության` ապրիլ-մայիս ամիսներին իրենց մոտ գրանցվել է շմոլ գազից մահվան մեկ դեպք:

Գազի թունավորումից խուսափելու համար 2008թ-ի ՀՀ կառավարության որոշումով` տներում պետք է պարտադիր տեղադրվեն գազի անվտանգության սարքեր, որոնք հսկում են այրվող գազերի(նաև շմոլ գազի) քանակը, աշխատում են ձայնային և լուսային ազդանշանով, որը միանում է որևէ վտանգի ժամանակ և հարկ եղած դեպքում ինքնուրույն փակում գազի մուտքը:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը տեղեկացնում է, որ տեղադրումն ընթանալու է 3 փուլով` բազմաբնակարան շենքերում, հետո` սեփական տներում և վերջում` արդյունաբերական ձեռնարկություններում: Չինական «PUHAI Corporation»-ից ձեռք բերված սարքավորումները բնակարաններում տեղադրվում են անվճար. սրանց ինքնարժեքը ներառված է գազի սակագնի մեջ: Ըստ Սարդարյանի` այս համակարգերն արդեն մի քանի անգամ կանխել են դժբախտ պատահարները:

Մինչև տարեվերջ տեղադրվելու է 250.000 անվտանգության համակարգ: Ծրագրի մեջ ներգրավված են նաև մարզերը:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply