Նախատեսվում է Հայաստանում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2011 11:13
Հանրապետության ամբողջ տարածքով ուսումնասիրություններ են սկսվել երկրաջերմային էներգիայի աղբյուրների ճշգրիտ տեղանքների հայտնաբերման նպատակով. նպատակը երկրաջերմային էլեկտրակայան կառուցելն է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամից, այդ տեղանքներից մեկը Սյունիքի հրաբխային բարձրավանդակի հյուսիսային ծայրամասում տեղակայված Ջերմաղբյուրն է, որի երկրաբանական եւ երկրաֆիզիկական հետազոտությունները մոտ 2500-3000 մետր խորության վրա ջերմության մեծ պոտենցիալ են ենթադրում: Հստակ գնահատականը պարզ կլինի անհատ ներդրողի կողմից նախատեսվող որոնողահետախուզական հորատանցքը բացելուց հետո:
Հիմնադրամի մասնագետների պնդմամբ’ Հայաստանի տարածքում բարձր պոտենցիալով երկրաջերմային հնարավոր հանքավայրերի հայտնաբերումն իրատեսական է, օրակարգային, եւ այդ պաշարների ներառումն էներգետիկ բալանսում կարող է շոշափելի լինել:
Ներկայում հանրապետության տարածքում դեռեւս չկա ընդերքի ջերմության գործնական կիրառման ոչ մի օրինակ:
Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր երկրաջերմային կարողությունների նկատմամբ լավատեսությունը պայմանավորվում է երիտասարդ հրաբխայնության լայն տարածումով, հանքային ջրերի բազմաթիվ երեւակումների առկայությամբ, ժամանակակից տեկտոնամագմատիկ գործընթացների ակտիվությամբ:
Հայաստանում բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների մասին առկա բազմաբնույթ տվյալների հիման վրա հիմնադրամն իր Վերականգնվող էներգետիկայի ծրագրի արդյունքում առանձնացրել է առավելագույն հավանականությամբ երկու հեռանկարային հարթակները’ Գռիձորի եւ Կարկառի տեղամասերը:






Facebook
Tweet This
Email This Post
