«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի կազմակերպած դրամահավաք ճաշկերույթը մեծ հաջողություն է գրանցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2011 17:51

Նվիրաբերվել է 130.000 ԱՄՆ դոլար Շուշիի մշակույթի տան վերակառուցման եւ եւս 300.000 ԱՄՆ դոլար անհատ բարերարի կողմից Երեւանում հիվանդանոցի ու ծերանոցի նորոգման համար

Հունիսի 26-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը հայկական համայնքի կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի ու Արցախի անկախության 20-ամյակին նվիրված դրամահավաք-ճաշկերույթ: Միջոցառման պատվավոր հյուր-բանախոսն էր հայազգի հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Ավելի քան 400 բարերար էր մասնակցում դրամահավաք-ճաշկերույթին: Հանգանակությունները կուղղվեն Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը:

Բացման խոսքով հանդես եկավ Թեննի Նիկողոսյանը, ով իր խոսքում նշեց.«Մենք բոլորս գնահատում ենք մշակույթի դերը համայնքի կայացման գործում: Մշակույթի շնորհիվ մենք կայացանք այստեղ, մշակույթն է, որ կանգուն կպահի մեր ազգը Շուշիում»:

Կանադայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արման Հակոբյանը, ով պաշտոնական այցով էր Տորոնտոյում, շնորհավորեց ներկաներին անկախության հոբելյանի առիթով եւ նշեց, որ Հայաստանի ու Արցախի անկախ տարիների ընթացքում մեծ է եղել «Հայաստան» հիմնադրամի դերը հայրենաշինության գործում:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին 2010թ. ընթացքում Հիմնադրամի շինարարական ծրագրերը ներկայացնող ֆիլմը, որից հետո սրահ բերվեց Հայաստանի ու Արցախի 20-ամյակին նվիրված տոնական տորթը` զարդարված 20 մոմերով:

Երաժշտական կատարումներից հետո Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի բոլոր բարերարներին ու աջակիցներին, ովքեր աջակցություն են ցուցաբերում տեղական մարմնին ամբողջ տարվա ընթացքում: Նա պատմեց նաեւ վերջերս Հայաստան ու Արցախ կատարած իր այցելությունների մասին եւ նշեց, որ այցելել է եւ’ ընթացիկ ծրագրեր եւ’ Տորոնտոյի համայնքի նվիրատվություններով կառուցված դպրոցը: Շուշիի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները 60 տոկոսով կատարվել են, եւ արդեն 2012թ. գարնանը մշակույթի օջախը նորովի իր դռները կբացի այցելուների առջեւ: Պարոն Մկրտիչյանը նշեց նաեւ, որ թե’ Հայաստանում, թե’ Արցախում աճում է ծնունդների թիվը, ուստի անհրաժեշտ է  նոր սերնդի համար հայրենիքում կրթական հաստատություններ կառուցել: «Մենք մեր ջանքերով օգնում ենք Արցախի մեր քույրերին ու եղբայրներին զգալ, որ իրենք միայնակ չեն»:

Մկրտիչ Մկրտիչյանը ներկայացնելով միջոցառման խոսնակին` Ատոմ Էգոյանին, խոսեց նրա նվաճումների մասին ու նշեց, որ նա ոչ միայն հանճարեղ ռեժիսոր է, այլեւ իսկական ինտելեկտուալ: Իր խոսքում ռեժիսորը խոսեց ղարաբաղյան շարժման, անկախության ձեռքբերման ու այդ տարիներին երկրում ստեղծված դժվարությունների մասին: «Բոլորս ականատես ենք եղել պատմության ընթացքին եւ պետք է ամեն ինչ անենք պահպանելու հայրենիքի անկախությունը, որի մասին երազում էին մեր նախնիները»: Պարոն Էգոյանն իր խոսքը եզրափակեց` կոչ անելով ներկաներին նվիրատվություններ կատարել «Հայաստան» հիմնադրամին, որն այս տարիների ընթացքում մեծապես աջակցել է հայրենիքի շենացմանը:

Ատոմ Էգոյանի ոգեւորիչ ելույթին եւ բուռն ծափողջույններին հաջորդեցին նվերները. Ատոմ Էգոյանին հանձնվեցին 1994թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արծաթե հուշադրամը, Հայաստանում արտադրված «Դեսպան» ժամացույցը, որը խորհրդանշում է, որ ռեժիսորը ամենուր հանդես է գալիս նաեւ հայ մշակույթի դեսպան: Ընդառաջելով ներկաների խնդրանքին` Ատոմ Էգոյանն իր փողկապը փոխարինեց եռագույն վզկապով:

Հանգանակությունների մեկնարկից առաջ խոսքով հանդես եկավ Տորոնտոյի տեղական մարմնի փոխատենապետ Հուռի Նաջարյանը: Նա ներկայացրեց մշակույթի տան վերանորոգման կարեւորությունը: Երեկույթի ավարտին հավաքվեց 130.000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը: Եւս 300.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց անհատ մի բարերար, ով չցանկացավ հայտարարել իր անունը: Նրա ցանկությամբ նվիրատվությունը կուղղվի Երեւանում հիվանդանոցի եւ ծերանոցի նորոգման ծրագրերին:

 

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply