Սփյուռքում կստեղծվեն մեկօրյա դպրոցներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2011 16:33

Աշխատանքներ են տարվում Սփյուռքի մի շարք տարածաշրջաններում նոր, մեկօրյա դպրոցներ ստեղծելու ուղղությամբ: Ինչպես այսօր կիսամյակային ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մեկօրյա դպրոցներ կստեղծվեն Գերմանիայի Բրեմեն քաղաքում, Շվեդիայում, Ամստերդամում, Սինգապուրում, ՌԴ Դոնի Ռոստովի, Պերմի, Կեմերովոյի մարզերում, Վրաստանի Ռուսթավելի, Քոբուլեթի քաղաքներում ու Չաքվի բնակավայրում եւ այլն: Առաջիկա ամիսներին կստեղծվեն ընդհանուր առմամբ 20-ից ավելի մեկօրյա դպրոցներ:

«Բնականաբար, այդ դպրոցներին կտրամադրենք մեթոդական օգնություն, ինչպես նաեւ գրականություն: Եթե կլինեն ուսուցիչներ, ովքեր ցանկություն կունենան վերապատրաստվելու, այդ հարցում նույնպես կաջակցենք»,-ասաց Հ. Հակոբյանը:

Նրա խոսքով’այս տարվա ընթացքում վերապատրաստման նպատակով արդեն 40 հայտ է ստացվել:

Շարունակվում է դպրոցների քույրացման աշխատանքը: Արդեն Ավստրալիայի եւ Արգենտինայի մի քանի դպրոցներ քույր դպրոց են դարձել հայաստանյան համապատասխան կրթական հաստատության հետ:

Սփյուռքի կրթօջախների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրել է հայաստանյան հրատարակչությունների կողմից հրատարակված եւ Սփյուռքի համար անհրաժեշտ ուսումնական գրականության, ուսումնաօժանդակ նյութերի ցանկ: Առաջարկված ուսումնական եւ օժանդակ նյութերի մի խումբ ընդգրկվել է 2011թ-ի Սփյուռքին տրամադրվող գրականության ցանկում: Աշխատանք է տարվում ԿԳՆ-ի կողմից Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության եւ օժանդակ նյութերի առաքման ուղղությամբ: Մոլդովայից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ի Լոս Անջելեսից ստացվել է 13 կրթօջախի հայտ’ շուրջ 21 հազար 100 կտոր գրքի եւ ուսումնաօժանդակ նյութերի պահանջով:

ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով տպագրված, ինչպես նաեւ հավաքագրված շուրջ 7 հազար կտոր ուսումական եւ գիտահանրամատչելի գրականություն է առաքվել սփյուռքյան կառույցներին, համայնքներին, կրթամշակութային հաստատություններին, անհատներին:

Ընթացիկ տարում ստեղծվել է ստեղծվել է Սփյուռքի Էլեկտրոնային գրադարան, ուր հավաքվում են գիտահանրամատչելի, հայագիտական, ուսումնական, գեղարվեստական, մանկական գրականություն, տեսագրություններ, այլ նյութեր: Գրադարանում արդեն տեղադրված է 200 գիրք, տեսագրություն:

Հ. Հակոբյանը նշեց, որ ընթացքի մեջ են Սփյուռքի էլեկտրոնային թանգարանի ստեղծման աշխատանքները: Անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում նախատեսվում է սեպտեմբերին շահագործման հանձնել Հայ բարերարների ճեմուղին:

 

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply