Ընդունելության քննությունների 2-րդ փուլին հայտագրվել է 1486 դիմորդ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 6, 2011 14:04

Ընդունելության քննությունների լրացուցիչ` 2-րդ փուլին հայտագրվել է 1486 դիմորդ. 277 դիմորդով ավելի, քան քննությունների 1-ին փուլին:

ԳԹԿ տնօրեն Գագիկ Խաչատրյանի խոսքով` 2-րդ փուլի ակտիվությունը նաև ԶԼՄ-ների շնորհիվ է` պարբերաբար լուսաբանման շնորհիվ մարդիկ մտածել են, որ իրենք էլ կարող են օգտվել եզակի հնարավորությունից և բարձրագույն կրթություն ստանալ:

Երկրորդ փուլի դիմորդների թվում են ջավախքահայ 100 շրջանավարտներ, այս տարվա բանակից զորացրվածները,   հայազգի շրջանավարտներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հնդկաստանից, Իրանից, Թաիլանդից, Իսպանիայից և այլ երկրներից (Սփյուռքի ուսանողների համար,  նախնական դիմումի դեպքում, ԳԹԿ-ն ապահովել է նաև թեստերի թարգմանություն):

Քննություն հանձնողների թվում կան նաև ներկայիս ժամկետային զինծառայողներ, որոնց քննություն հանձնելու հնարավորություն է ընձեռվել: Դրական գնահատական ստանալու դեպքում  կրթությունը կշարունակեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, հակառակ դեպքում կշարունակեն ծառայել որպես շարքային զինծառայող:

«Սա բավականին ճկուն և խելացի մտածված քայլ է»,- ասում է Խաչատրյանը:

Հայտագրված առարկաներից մասսայականություն է վայելում հայոց լեզուն, որից հունիսի 8-ին քննություն կհանձնեն 842 դիմորդներ, 2-րդը մաթեմատիկան է` 615 դիմորդով:

Մաթեմատիկայի քննությանն այսօր ԵՊՀ քննական կենտրոն ներկայացել էին դիմորդներից  578 դիմորդներ, 37-ը բացակայում էին:

Այսօր քննություն հանձնողներից էր նաև 20-ամյա Հակոբը: Վերջինս բանակից աշնանն է զորացրցել:  Հակոբը քննությանը մասնակցում է բախտը փորձելու համար. դրական ստանալու դեպքում բուհում կսովորի, եթե ոչ, ապա կրթությունը կշարունակի քոլեջում: Երկրորդ փուլին է դիմել, քանի որ քննություն հանձնելու որոշում մի քանի որ առաջ է կայացրել. պարապելու համար հազիվ 2 օր ժամանակ է ունեցել:

Տիկին Գրետայի աղջիկն էլ, ով մանկավարժական համալսարանի դիմորդ է, քննությունների առաջին փուլին չի կարողացել մասնակցել առողջական խնդիրների պատճառով: «Անցած տարվա համեմատ այս տարի տարբերություն չեմ տեսնում, նույն բարդությունն է և խստությունը»,- ասում է Գրետան, ում դուստրն անցած տարի բուհ չի կարողացել ընդունվել ցածր գնահատականների պատճառով:

Մաթեմատիկայի առաջին փուլի միասնական քննությանը մասնակցել էր 431 դիմորդ: Մասնակիցների 67,1 տոկոսը կամ 289 դիմորդ անբավարար էր ստացել: Առարկայական միջին գնահատականը 6,3 էր:

«Անկախ»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք թեստերը հեշտացվել են քննությունների 2-րդ փուլի համար, Խաչատրյանը նշեց, որ բոլոր դիմորդների համար քննական հավասար պայմաններ են ապահովվում` անկախ քննության ժամանակահատվածից, ուստի և թեստերը նույն բարդությանն են:

Մաթեմատիկան այս քննաշրջանի երկրորդ քննությունն է.  հունիսի 4-ին տեղի է ունեցել Հայոց պատմության քննությունը:  Հայտագրված 279 դիմորդներից քննությանը մասնակցել են 259-ը (20-ը չեն ներկայացել): Հայոց պատմության միջին միավորը 9,16 է:  Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 37,1 տոկոսը, 48,6 տոկոսը ստացել է 7,5-13,25 միավոր: Առավելագույն 17-25-20 միավոր է վաստակել միայն 8 դիմորդ, ինչը ընդհանուր թվի 3,1 տոկոսն է կազմում:

 

 

Դիտվել է 2147 անգամ:
Print Friendly

Leave a Reply