Տնտեսական անկումը շարունակվում է, բայց ֆինանսների նախարարը դրական միտում է տեսնում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2009 13:43

Տիգրան ԴավթյանՏնտեսության 18.5 տոկոս անկումը, որ արձանագրվել է վերջին 7 ամիսներին, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը համարում է ակնկալված ցուցանիշ:

«Այն որոշակի ճշգրտումներով կանխատեսվում էր, որի հիմնական պատճառը ճգնաժամն է»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց նախարարը:

Դավթյանն ասում է, որ սպասումներ կան, որ մինչև տարեվերջ ՀՆԱ ցուցանիշը կբարելավվի:

Նա ասում է, որ այդ սպասումը հիմնված է այն բանի վրա, որ այս տարվա առաջին 7 ամիսների ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի նկատմամբ մեծ անկում է ապրել, քանի որ նախորդ տարի տնտեսությունում աճ էր արձանագրվում, իսկ ճգնաժամի ազդեցությունը երևաց միայն վերջին եռամսյակում:

Նախորդ տարի առաջին 7 ամիսների արդյունքներով արձանագրվել էր ՀՆԱ 10.6 տոկոս աճ, ընդ որում հուլիսը հունիսի նկատմամբ 21.4 տոկոս աճ, իսկ հունվար նոյեմբերի ամիսների դրությամբ 7.2 տոկոս աճ, ընդ որում նոյեմբերը հոկտեմբերի նկատմամբ 69.3 տոկոս անկում:

Առաջին 7 ամիսների կտրվածքով բյուջե է հավաքագրվել 359 մլրդ դրամ և իրականացվել է 426.5 մլրդ դրամ ծախս, բյուջեի դեֆիցիտը կազմում է 4.7 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ, թվային արտահայտությամբ 67 մլրդ  դրամ:

Դավթյանն ասում է, որ տարվա կտրվածքով դեֆիցիտը կանխատեսվում է 6.5 տոկոս:

«Իսկ մյուս տարվա համար ակնկալում ենք 5-5.5 տոկոս դեֆիցիտ,- ասում է Դավթյանը,- նկատի ունենալով, որ հաջորդ տարիներին մենք աստիճանաբար կվերադառնանք դեֆիցիտի 3 տոկոս ցուցանիշին»:

Ֆինանսների նախարարն ասում է, որ տնտեսությունում ներգրավված վարկերն ուղղված են մեղմելու ճգնաժամի հետևանքները:

Ռուսական վարկից մոտ 120մլրդ դրամ է ուղղվել տնտեսվարող սուբյեկտներին, որից 38.6 մլրդ արդեն հասել է հասցեատերերին:

Դավթյանն ասում է, որ գումարները հասցեատերերին հասցնելը բավական ժամանակ է պահանջում, որովհետև անցնում է տարբեր խողովակներով. կառավարություն, ԿԲ, մասնավոր բանկեր: Որոշակի ժամանակ է պահանջում նաև գրավադրման և երաշխիքների տրամադրման փաստաթղթերի ձևակերպումները:

«Այդ պատճառով էլ դրանց ազդեցությունը տնտեսության վրա դանդաղ է երևում,- ասում է Դավթյանը,- սակայն մենք այս հարցում շատ խիստ մոտեցում ենք որդեգրել, որովհետև սրանք վարկային ռեսուրսներ են և ենթակա են վերադարձման»:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply