Հայաստանում կան որակավորում ստացած 207 զբոսավարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2011 12:00

Հայաստանում կան որակավորում ստացած 207 զբոսավարներ, որոնցից գործում է 167-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, շուրջ 40 զբոսավարներ իրենց դիմումի համաձայն հրաժարվել են որակավորման վկայականին զուգահեռ ստացած լիցենզիայից: Ի դեպ,2011թ-ի հունվարի 1-ից դադարեցվել է զբոսավարների լիցենզավորման գործընթացը’ ոլորտն առավել ազատականացնելու նպատակով:

Մ. Ապրեսյանը նշեց, որ մշակվել է զբոսաշրջության մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է զբոսավարների որակավորման պարտադիր գործընթաց: Նշենք, որ օրենքի նախագիծը Կառավարությունում քննարկման փուլում է:

«Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ առկա պահանջներին համապատասխան զբոսավարներ ունենանք: Այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն կրթական հաստատությունների, այլեւ Զբոսավարների միությունների համաշխարհային ֆեդերացիայի հետ»,-ասաց Մ. Ապրեսյանը’ հավելելով, որ արդեն ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում հայ զբոսավարների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Դրանք ուղղված են զբոսավարի մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչը տեսական գիտելիքներից բացի, ենթադրում է նաեւ գործնական վարժանքներ: Դրանք կազմում են դասընթացի գերակշիռ մասը:

«Եթե ամեն ինչ արվում է, որ զբոսաշրջիկների թիվն ամեն տարի ավելանա, նշանակում է, որ պետք է ավելանա նաեւ զբոսավարների թիվը, բայց ոչ ի հաշիվ որակի»,-ասաց Մ. Ապրեսյանը:

 

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply