Կլինեն՞ արդյոք ԱԺ նախագահի մրցանակներ. «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը ապստամբում է վատ վերաբերմունքի դեմ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 6, 2011 11:59

Խումբը Արտակ Դավթյանի հետ քննարկում է առաջարկությունները

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» երիտասարդ գիտնականների նախաձեռնությունն օրերս հայտարարել է հասարակագիտական ոլորտում ազդեցության գործակցով միջազգային գիտական ամսագրերում  տպագրություններ ունեցող` 2005-2011թթ. ընթացքում մինչև 41 տարեկան հեղինակների խրախուսման ծրագիր:

Յուրաքանչյուր հեղինակ, կախված հոդվածից, կստանա 100-500 հազար դրամ պարգև:  Հայտարարության վերջնաժամեկտը մոտենում է արդեն ավարտին, սակայն ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել  ընդամենը 7 հեղինակ:

Դրանից առաջ նախաձեռնությունը նույնանման ծրագիր էր հայտարարել  առհասարակ գիտության  բոլոր ոլորտների, սակայն 2010 թ. ընթացքում տպագրված հոդվածների համար: Ծրագրին դիմել էին 133 երիտասարդ գիտնականներ և ներկայացրել էին 298 հրապարակման հղում: Դրանցից պայմաններին բավարարել և խրախուսվել էր 172 հրապարակում, ընդհանուր առմամբ 95 երիտասարդ գիտնական միջինում ստացել է 250 հազար դրամ պարգև 2010 թ. ընթացքում ծավալած  գիտական գործունեության համար: Այդ 95 գիտնականներից 53-ը ֆիզիկոսներ են, մեկը` պատմաբան, մնացածները` դարձյալ բնական գիտությունների ոլորտից. մաթեմատիկա, կենսաբանություն և այլն:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունն ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ, սակայն երկար տարիների նախապատմություն ունի: «Մենք միշտ էլ խմբով քննարկել ենք, թե ոնց կարելի է գիտության նկատմամբ վերաբերմունքը փոխել,- «Անկախին» ասում է նախաձեռնության անդամ Խաչիկ Գևորգյանը,- երիտասարդ մասնագետները գնում են Հայաստանից, որովհետև ծիծաղելի վարձատրություն ունեն»:

Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ռուզան Սոխոյանի աշխատավարձը, օրինակ, 37 հազար դրամ է: Նա աշխատում է  մեկ դրույքով, ընդ որում, այդ 37 հազարից 10 հազար դրամը գիտական աստիճան ունենալու համար է:

Նախաձեռնության համար հիմք է ծառայել փետրվար ամսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած ՄԱԿ-ի անդամ 92 երկրներում գիտության վիճակի ուսումնասիրության զեկույցը վերջին 10 տարվա կտրվածքով:

«Ամենաբարձր հղման ինդեքս և ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված հայ գիտնականների 544 հրապարակումների բերած գիտական արդյունքը մեկ անձին ընկնող հաշվարկով 1,7 անգամ ավելի է  եղել, քան ճապոնացիներինը, գերմանացիներինը կամ ամերիկացիներինը, այսինքն` այն երկրներում, որտեղ գիտության  վիճակը լավագույնն է,- «Անկախին» ասում է նախաձեռնության անդամ, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը,- այսինքն` 10 տարի շարունակ հայ գիտնականն իր արդյունավետության ցուցանիշով զբաղեցրել և զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: Սա ցնցող արդյունք է»:

Այս արդյունքը լուրջ խորհելու առիթ է այն համատեքստում, թե ինչպիսին է վերաբերմունքը Հայաստանում գիտության նկատմամբ:

Հայաստանի բյուջեում գիտությանը հատկացվում է 9,4 մլրդ դրամ, որը կազմում է 1 տրլն բյուջեի 0,94 տոկոսը: Այդ գումարը կազմում է ՀՆԱ-ի 0,25 տոկոսը: ՄԱԿ-ի անդամ 92 երկրների ցանկում ՀՆԱ-ում գիտության զբաղեցրած չափով Հայաստանը գտնվում է 82-րդ տեղում, որին զիջում է այնպիսի երկիր, ինչպիսին Մոզամբիկն է:

«Սա իռացիոնալ ցուցանիշ է,- մեկնաբանում է Իշխանյանը,- ստացվում է, որ գիտության նկատմամբ չափազանց վատ վերաբերմունքի արդյունքում ստացվել է չափազանց պրոդուկտիվ արտադրանք: Սա օրինաչափությունից դուրս է և որևէ տրամաբանության չի ենթարկվում»:

Հայաստանում մեկ միավոր գիտական արդյունքի վրա բյուջեից հատկացված գումարը տարեկան կազմում է 3 հազար դոլար, Վրաստանում և Ադրբեջանում այդ թիվը 5 անգամ ավելի է: «Իսկ զարգացած երկրներում այդ արդյունքի վրա ծախսում են տարեկան 300 հազար եվրո,- ասում է Իշխանյանը,- Հայաստանը միակ երկիրն է զեկույցում, որը դուրս է տրամաբանությունից, մյուս երկիրը Իսրայելն է, որտեղ գոյություն ունի իռացիոնալ լավ վերաբերմունք»: Իսրայելում մեկ միավոր գիտական արդյունքի վրա պետությունը տարեկան ծախսում է 2 մլն դոլար: Հայաստանն ու Իսրայելը, փաստորեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում զբաղեցնում են երկու հակադիր բևեռներ գիտության նկատամբ վատ և լավ վերաբերմունքի տեսանկյունից:

Հաջորդ ցցուն փաստը, որ բխում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցից այն է, որ մոտ 4000 հայ գիտնականների արտադրած` միջազգային մրցունակ արդյունքի 93%-ը բնական ոլորտից է. այդ թվի մեջ էլ գերակշռում են ֆիզիկոսները, և մնացած 7%-ը բաժին է ընկնում հումանիտար գիտություններին. հայագիտություն, տնտեսագիտություն, հասարակագիտություն, իրավաբանություն և այլն:

«Ստացվում է, որ աշխարհում գիտության մեջ ունեցած ներդրման մեջ ամենամեծ  դեր ունեն ֆիզիկները, սակայն Հայաստանում`դեռ սովետական տարիներից սկսած ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու- դոկտորների թիվը տարեկան 50-55 է,- ասում է նա,- իսկ տնտեսագետ-իրավաբանների թիվը 15-ից դարձել է 180»:

Որտե՞ղ է Հայաստանի` 10 տարվա կտրվածքով արտադրած 1800 իրավաբանների ու տնտեսագետների տված արդյունքը, երբ նրանց արտադրանքը, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի, կազմում է 7%: Այս հարցը Իշխանյանն ուղղում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին ու ինքն էլ պատասխանում. «Այդ տնտեսագիտության և իրավագիտության դոկտորներն ու թեկնածուները կառավարությունում և Ազգային ժողովում գրավել են տարբեր դիրքեր, և հասկանալի չէ, թե ինչպես 3 տարվա  ընթացքում տպագրեցին տասնյակ գիտական հոդվածներ,- ասում է նա:- Նրանք վխտում են երկրում և հանդիսանալով քաղցկեղ մեր հասարակությունում` ձևավորում և թելադրում են իրավիճակը, որում ապրում ենք մենք»:

Ֆեյսբուքը, որը վերջին մեկ տարվա ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել հարցեր առաջ քաշելու համար, երիտասարդ գիտնականներն օգտագործեցին իրենց խնդիրները երկրի բարձրագույն օղակներին հասանելի դարձնելու համար:

Խումբը շատ արդյունավետ է աշխատում. այս պահին ունի 2634 անդամ և զբաղվում է կոնկրետ թիրախային գործունեությամբ: Նրանք իրենց խնդիրները գրեցին Գագիկ Ծառուկյանի և կրթության ու գիտության  նախարար Արմեն Աշոտյանի էջերին: Երկուսն էլ արձագանքել, ընդունել և լսել են խմբին, իսկ Ծառուկյանը հատկացրել է 20 մլն դրամ, որից 14 մլն 200 հազարն արդեն բաշխվել է 95 գիտնականին հատկացված խրախուսման ծրագրում:

Խմբի գործունեությանը արձագանքել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որ երիտասարդներին հրավիրել էր մասնակցելու 2012 թ. բյուջեի քննարկումներին: «Կոչ եմ անում հանձնաժողովի քննարկումների ընթացքում լինել ակտիվ և ներկայացնել ձեր շահագրգիռ առաջարկները` օգտագործելով ինչպես այս սոցիալական ցանցի հարթակը, այնպես էլ այլ մեխանիզմներ»,- գրել էր ԱԺ նախագահը:

Սոցցանցի միջոցով նաև խումբը հրավիրվեց ԱԺ` լսելու երիտասարդ գիտնականների առաջարկությունները: Մոտ 20 հոգանոց ակտիվիստների խմբին ընդունեց գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նրանց հետ էր նաև «Անկախի» լրագրողը:

Ֆեյսբուքի նշանակությունը դեռևս լավ չի գիտակցվել հասարակության այն շերտերի համար, ովքեր այնտեղ պարզապես զվարճանում են, թեպետ այդ նպատակների համար այն ևս նախատեսված է:

«Ձեզ հետ հանդիպելով` ես լուրջ պատասխանատվություն եմ ստանձնում, որովհետև այսուհետ ֆեյսբուքում ես  նույնպես թիրախ եմ լինելու,- հանդիպման ժամանակ ասաց Արտակ Դավթյանը,- այն անընդատ լուրջ վերահսկողության տակ է, քանի որ մարդիկ կարդում են, և կարդում են այն մարդիկ, որոնք հասարակական ընկալման վրա լուրջ ազդեցություն ունեն»:

Գիտնականները հանձնաժողովի նախագահին ներկայացրեցին մոտ 15 կետից բաղկացած ցուցակ, որից յուրաքանչյուրը, ըստ նրանց, հրատապ լուծման անհրաժեշտություն ունի:

Խումբն առաջ քաշեց «Անկախ գիտական փորձաքննության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը տարիներ շարունակ պտտվում է կառավարության տարբեր օղակներում և տարբեր պատճառաբանություններով հետ է գալիս: «Այսօր ֆինանսավորվում են մոտ  700 գիտական խմբեր, որոնց ավելի քան կեսը ֆիկտիվ է, -պատճառաբանում է Իշխանյանը,- մարդը  10 տարի առաջ մի գյուտի արտոնագիր է ստացել` վճարելով 40 հազար դրամ և ամեն տարի այն վերաձևակերպելով որպես հաշվետվություն  է ներկայացնում  ու 10 տարի շարունակ դրա համար ֆինանսավորում ստանում: Մարդիկ որպես գիտական աշխատանք ներկայացնում են մահախոսականներ, թերթերում տպագրված հարցազրույցներ, իսկ դրսում գտնվող փորձագետին դրանով չես խաբի»:

Այս օրենքի ընդունմամբ կբացառվի տեղական մասնագետի փորձագիտական եզրակացությունը, որն անհրաժեշտ է ծրագիրը հաստատելու համար: Քանի որ Հայաստանը շատ փոքր երկիր է, և նեղ մասնագիտական ոլորտի մասնագետները շատ լավ ճանաչում են միմյանց, այդ ոլորտի ծրագրի համար Հայաստանում գրեթե անհնար է անկախ և անկանխակալ փորձագետի եզրակացություն ստանալ: Ամբողջ աշխարհում` փոքր երկրներում, նման երևույթը բացառելու համար բյուջեում գումար է հատկացվում` գործող օրենքի համաձայն (որը Հայաստանում չկա) և հատկացվում է` ասենք Ճապոնիայի այն գիտնականի փորձագիտական եզրակացության համար, որն այդ ոլորտի մասնագետ է:

Արտակ Դավթյանը խոստացավ, որ օրենքը ԱԺ մուտք գործելուն պես հետամուտ կլինի, որ այն հետ չուղարկվի: «ԱԺ  մուտք լինելուն պես մենք օրենքի տերն ենք,- ասաց նա,-  իսկ եթե դա շատ ձգձվի` մենք այնքան քաջություն  կունենանք, որպեսզի պատգամավորներով վերցնենք, ու ինքներս շրջանառության  մեջ դնենք»:

Խմբի անդամների առաջարկություններում էր նաև գիտական սարքավորումների ներկրման մաքսատուրքի ազատումը: «Գիտնականին մոտ 4000 դոլար արժողությամբ սարք են նվիրում, որի մաքսազերծումն արժե 2500 դոլար,- ասում է Իշխանյանը,- որտեղի՞ց նրան այդքան փող, երբ նրա աշխատավարձը 30-40 հազար դրամ է»:

Խոսվեց նաև  2000 թ. ընդունված` գիտնականի թոշակին վերաբերող օրենքի մասին, որը,  դե յուրե ընդունվելուց հետո, դե ֆակտո 10 տարի չի գործում: Համաձայն այդ օրենքի` գիտնականի թոշակին ավելացվում է նրա աշխատավարձից ինչ-որ մաս` 30 հազար դրամի չափով: «Ո՞վ է պատասխանատու 10 տարի չկիրառված օրենքի համար,- հարցնում է Իշխանյանը,- չէ՞ որ մենք ունեցել են տնտեսական երկնիշ աճի երանելի տարիներ, իսկ այդ թիվը Հայաստանի գիտնականների թվի պարագայում փոքր գումար է կազմում, շատ փոքր»:

Խումբը Դավթյանի միջոցով ԱԺ նախագահին առաջարկում էր ստեղծել, օրինակ, ԱԺ նախագահի մրցանակ` խրախուսելու  գիտության այս կամ այն ոլորտում նշանակալի ներդրում ունեցող գիտնականին, ֆինանսավորել հայ նշանավոր գիտնականների մասին պատմող ֆիլմեր, ստեղծել նրանց անվան մրցանակներ:

«Ո՞վ է այսօր ճանաչում Հակոբ Չամիչյանին,- հարցնում է Իշխանյանը,- մինչդեռ նա քիմիայի ոլորտում հսկայական ներդրում ունի և մի քանի անգամ երկու տարբեր նոբելյան մրցանակակիրների կողմից առաջադրվել է Նոբելյան մրցանակի»:

Այս առաջարկը նախաձեռնողական խումբն արեց կոնկրետ Դավթյանին, քանի որ Չամիչյանը եղել է Իտալիայի սենատոր և զբաղվել է գիտությունը կարգավորող օրենքների մշակմամբ և ընդունմամբ, այսինքն զբաղեցրել է մոտավորապես այն պաշտոնը, ինչը համապատասխանումէ Դավթյանի պաշտոնին:

Բոլոր այն խնդիրների լուծումը, որոնք նշում էին գիտնականները, բերելու են ՀՆԱ-յում գիտության ունեցած մասնաբաժնի անուղղակի աճի, որի համար միջոցներ չեն ծախսվում, այլ պարզապես տեղի է ունենում ծախսված միջոցների վերաբաշխում:

Ընդհանրապես, գիտնականներն այսօր չեն պահանջում բյուջեում զգալիորեն մեծացնել գիտությանը հատկացվող գումարը:  Խաչիկ Գևորգյանն ասում է, որ դա երկարաժամկետ ծրագիր է և ՀՆԱ-ում 0.25 տոկոսից հասնել 2 տոկոսի, կարելի կլինի հասնել մոտավորապես 5 տարում: «Մեր այսօրվա պայքարն ուղղակի նրա համար է, որպեսզի վաղը իմ երեխայի համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն գիտությամբ զբաղվելու համար, և նա չլքի երկիրը»,- ասում է նա:

Արտակ Դավթյանը գրառեց բոլոր առաջադրված հարցերն ու առաջարկեց մինչև բյուջեի քննարկումներն սկսելը, պարբերաբար հանդիպումներ կազմակերպել, որի ընթացքում ինքը կներկայացնի, թե ինչ հաջողություններ կամ դժվարություններ է ունեցել 15 կետերից յուրաքանչյուրում: Հանձնաժողովի նախագահը նորմալ է ընդունում խմբի որոշ ձևակերպումների կոշտությունը` նկատելով, որ կոշտ արտահայտչաձևը ինչ-որ տեղ դրդում  և հանգեցնում է գործնական քայլերի:

«Մեր բոլորի նպատակը մեկն է,- ասաց նա,- և այդ նպատակը սահմանված է Սահմանադրությունում: Իսկ հանդիպումների մասին կտեղեկացվի Ֆեյսբուքով»:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply