Դավիթ Գյուրջինյան. «Կրթության նախարարությունը նախրի մեջ պաչեց էշի ճակատը»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 5, 2011 17:22

Տարեցտարի օտար երկրներից վերցրած դասագրքեր են ներմուծվում դպրոց:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Համլետ Միքայելյանն ասում է, որ մեխանիկորեն թարգմանված դասագրքերը չեն համապատասխանում մեր երկրի կրթական խնդիրներին և երկրի նպատակներին. «Մեր մասնագետներին այս երկրում պահելու խնդիր ունենք: Մեզ մոտ մաթեմատիկայի պարագայում ընտրում են մի քանի ուժեղ երեխաների, նրանց համար կազմակերպում ուսուցումը, մնացածը մնում են տեսադաշտից դուրս:  Այդ  երեխաները, ավարտելով դպրոցը, իրենց համար դրսում լավ աշխատանք են ճարում, մեզ մնում է մնացածը: Այսնիքն՝ մաթեմատիկական կրթությունը չի անդրադառնում մեր քաղաքացու վրա: Սա կարևորագույն խնդիր է»:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշում է, որ  Հայաստանն անկախ պետություն է և, որպես այդպիսին, պետք է ունենա իր կրթական համակարգը. «Հստակ է, որ անկախ պետությունն  իր մշակույթով, պատմությամբ, ժողովրդի հոգեկերտվածքի առանձնահատկություններով  պիտի ունենա իրեն բնորոշ դասագրքրեր, որոնք պիտի խոսեն այդ դասագրքով սովորող երեխաների սրտի ու մտքի հետ»:

Մասնագետները նշում են, որ  կրթական ոլորտի ղեկավարների մեջ  կան մարդիկ, որոնք հայերենը, հայերին, հայ մտածողությունը և ավանդույթները ստորադասում են, ինչի հետևանքով  ենք հանգել ներկա  վիճակին:

«Այս տարի կրթության նախարարությունը, ժողովրդի խոսքով ասած, նախրի մեջ պաչեց էշի ճակատը»,- ասում է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը` անդրադառնալով հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների համար  Փառանձեմ Մեյթիխանյանի և Հովհաննես Բարսեղյանի հեղինակած դասագրքերին, որոնք հաղթել են մրցույթում և այժմ հանրային քննարկման են դրված:

Գյուրջինյանը նշում է, որ հայոց լեզվի դասագրքերը օտարներից վերցնել հնարավոր չէ, փոխարենը ընտրվել է խորհրդային տարիների, այսինքն` մոտ 40 տարվա պատմություն ունեցող դասագիրք, որի վրա «Մեյթիխանյանը նոր շոր է ձևել»:

Լեզվաբանը դասագիրքը համարում է անորակ ու մատնանշում օրինակներ. հեղինակը 7-րդ դասարանցուց պահանջում է սովորել և հիշել այնպիսի բառեր, ինչպիսիք են գորտակնյունազգիները, այծատերևազգիները, ակնկորը և այլն: «Սա ճահճային մտածողության դրսևորում է: Ինչո՞ւ է նման գիրքը մատուցվում 7-րդ դասարանցի երեխային: Արմատախիլ անելու հայերենը, զզվեցնելու հայերենից, որ հետո ասեն, թե հայերն անգամ հայերենի գիրք չեն կարողանում գրել, եկեք միանգամից օտարալեզու դպրոց բացենք, հարցը փակվի»:

Գյուրջինյանը Բարսեղյանի նախորդ գրքից վերցված հատվածը ընդունելի է համարում, իսկ մնացածը կրթություն չէ, այլ միտվածություն ընդունելության քննություններին. «Անառողջ մթնոլորտը, որ տեսնում ենք ընդունելության քննություններին, անցած տարվա թեստերի հեղինակն ուզում է տեղափոխել դպրոց: Սա վկայում է  սեփական կրթական համակարգի նկատմամբ հոգածության պակասի, սեփական ուժերի նկատմամբ անվստահության և անձնական դրդապատճառների մասին»:

Գյուրջինյանը նշում է, որ նամակ է հղել ՀՀ նախագահին, վարչապետին, կրթության նախարարին` ուշադրություն հրավիրելով խնդրի վրա: Բայց պատասխան չի ստացել, միայն ԶԼՄ-ներից տեղեկացել է, որ ԿԳ նախարարն իրեն լավ է վերաբերվում. «Դա ի՞նչ կապ ունի կրթական համակարգի հետ»:

Բողոքներին ի պատասխան լեզվաբանը հաճախ լսում է, թե «դժգոհում են, որովհետև պարտվել են»:  «Ես ինձ պարտված չեմ համարում երբեք և հետո խոստացել եմ 7-րդ դասարանի գիրքը սեպտեմբերին լույս ընծայել և դնել հաղթած գրքի կողքին, որ տեսնեն, թե որտեղ է լավ հայերենը և որտեղ են գորտակնյունազգիները»:

Լեզվաբանը նշում է, որ կրթական համակարգը ենթադրում է շարունակականություն. տարրական դպրոց` խոսքային գործունեություն, 5-6-րդ դասարան` ընթերցարանի և հայոց լեզվի զուգակցում, ընթացքի շարունակականությունը կընդհատվի նոր դասագրքով: «Հեղինակը կարծում է, թե 7-րդ դասարանից սկսած` պետք է պատրաստվեն ընդունելության քննության, այնինչ հայերենի դասավանդման խնդիրն այլ է` տիրապետել լեզվին, տարբեր ոճական հնարավորություններին, ձևավորել և զարգացնել  խոսքը տարբեր իրադրություններում, որպեսզի անձը կարողանա դիմում կամ նամակ գրել, գեղարվեստական ոճի  շարադրություն գրել: Այս ամենը հիմա կտրուկ ընդհատվելու է: Եվ կունենանք շրջանավարտներ, որոնք գուցե լուծեն առաջադրանքներ, բայց հայերեն լավ չիմանան, չխոսեն ու չգրեն»:

«Անկախի» հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մայրենիի ոլորտում շարունակաբար տարվող քաղաքականությունն արտաքին պատվեր լինի, Գյուրջինյանը նշեց. «Դավադրության տարր տեսնում եմ, բայց դա արվում է հայաստանյան ուժերով: Մեյթիխանյանը քննությունների հերն անիծել է, հիմա էլ հայերենի դպրոցական ուսուցման հերթն է: Լայն բացում ենք դռները օտարալեզու դպրոցների առջև»:

Փառանձեմ Մեյթիխանյանի հեղինակած դասագրքերի շուրջ ծավալված քննարկումների ու քննադատությունների մասին «Անկախ»-ը փորձեց ճշտել նաև հեղինակի կարծիքը: Մեյթիխանյանը  հրաժարվեց մեկնաբանությունից` նշելով. «Այդ ամենը զազրախոսություն է, սեպտեմբերի մեկը կգա, գիրքը կմտնի դպրոց, կտեսնեք»:

Գյուրջինյանը նաև նշում է, որ դասագրքերի մրցույթում իր հեղինակած դասագիրքն անօրինական կեպրով է մերժվել. մրցութի պայմաններով պահանջվում է ներկայացնել դասագրքի 60 տոկոսը, ինչը և արվել է: Սակայն մերժման մեջ որպես հիմնավորում նշված է եղել, որ դասագիրքն ամբողջական չէ: «Հաղթած գիրքը ևս համացանցում 100 տոկոսով չի ներկայացված»,- ասում է Գյուրջինյանը:

Թե որքանով են արդյունավետ դասագրքերի հանրային քննարկումները, Միքայելյանը և Գյուրջինյանը նշում են, որ շահագրգիռ քննարկումներ մեր երկրում չեն անցկացվում կամ անցկացվում են, երբ ճաշն արդեն պատրաստ  է և մատուցման շեմին է:

«Մինչև հաղթող գիրքը որոշելը հանրային քննարկումներ չեն իրականացնում, քանի որ դա նրանց ձեռնտու չէ»,- ասում է Միքայելյանը:

 

 

Դիտվել է 2751 անգամ:
Print Friendly

Leave a Reply