Սահմանադրագետ. «Խնդիրը ոչ թե Սահմանադրության տեքստի, այլ նրա կատարման մեջ է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 5, 2011 15:02

Երկրի առջեւ կանգնած առաջին մեծ հրամայականն այսօր սահմանադրականության հաստատումն է: Սահմանադրության ընդունման 16-րդ տարեդարձի առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Միջազգային համագործակցության ընկերության իրավական ծրագրերի ղեկավար, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը` ավելացնելով, որ դեռեւս աշխատանք կա կատարելու սահմանադրական իրականությունը ՀՀ սահմանադրության բուն տեքստի հետ համապատասխանեցնելու ուղղությամբ: Նրա խոսքով’ մայր օրենքում չկա որեւէ դրույթ, որը որեւէ կերպ կարող է խոչընդոտել բարեփոխումների իրականացմանը որեւէ բնագավառում: «Ամենամեծ խնդիրը Սահմանադրության կատարումն է, որը հետ է մնում բուն տեքստից»,- նշեց Վ.Պողոսյանը:

Սահմանադրագետի կարծիքով’ շատ դեպքերում Սահմանադրության ոչ միարժեք իրականացումը պայմանավորված է նաեւ ժողովրդի մտածողությամբ: «Մենք կարծում ենք, թե Սահմանադրությունը միայն քաղաքական եւ հռչակագրային փաստաթուղթ է, ոչ թե իրավական, սակայն իրականում այն նախ եւ առաջ իրավական փաստաթուղթ է»,- շեշտեց Վ.Պողոսյանը:

Երկրում սահմանադրականության ամրապնդման համար փորձագետը կարեւորեց նաեւ դատական իշխանության «շտկումը», որը մարդու հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման կարեւորագույն կառույցն է:

Հարցին, թե կարիք կա՞ այսօր փոխել Սահմանադրությունը, Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե սահմանադրական փոփոխությունների որեւէ անհրաժեշտություն կա:

 

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply