Իրական ֆանտազյոր Բելա Տարը «Ոսկե ծիրանի» հյուրն է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 5, 2011 14:43

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարևորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Հռչակավոր ռեժիսորի երևանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և նրա վերջին` «Թուրինյան ձի» ֆիլմերը: Վերջինս Բեռլինում ներկայացնելով և արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին՝ Բելա Տարը հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին:

«Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորը այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Իսկ Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև` հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են կազմում: Ինքը Բելա Տարը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքվ, այլ «հավատալ աչքերով ու լսել սրտով»:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:

 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոն

 

Դիտվել է 1933 անգամ:
Print Friendly

Leave a Reply