Թամանյանի անվան տակ թամանյանական գաղափարների աղավաղում. կառավարության շենքի թմբուկի հարցը վերածվում է թնջուկի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 4, 2011 19:32

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ոչ մի խնդիր չի տեսնում կառավարության շենքի բակում թմբուկ կառուցելու հարցում: Ավելին` նա կարծում է, որ այդ հարցը հանրային քննարկման կարիք չունի: «Կառավարության և Օպերայի շենքերը կառուցվել են առանց հանրային քննարկման»,- ասել է նա:

Այդ կարծիքին չեն, սակայն, «Պահպանենք հանրապետության հրապարակը» նախաձեռնության անդամներն ու ճարտարապետները կամ այն քաղաքացիները, որոնց վճարած հարկերից է աշխատավարձ ստանում Նարեկ Սարգսյանը: Եվ ընդհանրապես «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն` դա պարտադիր պայման է:

«Ինձ սկսում է ապշեցնել Նարեկ Սարգսյանի ինքնավստահությունն ու անսքող արհամարհանքը ոչ միայն ճարտարապետական հանրության, այլև  հենց Թամանյանի ստեղծագործության նկատմամբ,- ասում է ճարտարապետ Արտակ Ղուլյանը:- Թամանյանին այսպես «սիրելը» հավասարազոր է սիրեցյալին գրկելով խեղդելուն… Նույնն է, թե Զվարթնոցի ճակատին նոր պատուհաններ նկարես, որովհետև այդպես է ուզում գյուղի քահանան»:

Սակայն մոտ երկու ամիս առաջ` մայիսի սկզբներին, հանրությունը շատ անսպասելի քաղաքաշինության նախարարության կայքից  տեղեկացավ, որ արդեն Թամանյանի նախատեսած թմբուկը կառուցելու մասին որոշում կա: Դրանից ավելի շուտ` մարտի 18-ին, կառավարությունը որոշում էր կայացրել, որով ռուսական «Ռոսիչինվեստ» ընկերությունը պարտավորվում է 10 մլն դոլար արժողության շենք կառուցել կառավարության շենքի բակում, որի դիմաց նրանց է հանձնվում մոտ երկու տարի առաջ այրված արդարադատության նախարարության ողջ շենքը Վազգեն Սարգսյան փողոցում:

Իսկ հունիսին էլ քաղաքապետարանի կայքը տեղեկացրեց, որ  քաղաքաշինության խորհրդի նիստում ներկա գտնված 24 անդամից 21 կողմ ձայներով հավանություն է տրվել թմբուկ կառուցելու ծրագրին: Նախագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է: Նիստը վարել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Հայաստանի օրենքներով Երևանում շենք կառուցելու նախագծի տակ ստորագրում է Երևանի քաղաքապետը, սակայն պատշաճությունը պահելու, քաղաքապետին խորհուրդներ տալու և ուղղորդելու համար գոյություն ունի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհուրդ, որի անդամներին նշանակում է Երևանի գլխավոր ճարտարապետը:

Ի՞նչ է կատարվել քաղաքաշինության խորհրդի նիստում:

Նարեկ Սարգսյանը խորհրդի նիստում ներկայացնում է իր նախագիծը

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.  «Օրակարգում քննարկման է դրվել  ՀՀ կառավարական շենքի բակում Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը»:

Երևան քաղաքի 1926 թ.հատակագծով նախատեսված հրապարակը գոտեվորող կառույցներից մեկը` կառավարության շենքը, սկսել է ինքը` Թամանյանը, և ըստ գաղափարի` հրապարակի հիմնական շեշտը կրելու  էր այդ թմբուկը: Թմբուկն իրենից ներկայացնելու էր 44 մ բարձրությամբ,  54 մ արտաքին և 28 մ ներքին տրամագծերով շրջափակված սյունաշարերով հսկա աշտարակ, որը, ըստ էության, ճեմասրահ է:

Այդ շենքի  հիմնական գործառույթը կառավարական շենքի բոլոր վարչական տարածքները կենտրոնացնելն ու միմյանց հետ կապելն էր դեպի կառավարության հանդիսությունների սրահ, որն այսօր կա: «Իսկ շենքը, ըստ էության, գաղափարական նշանակություն ուներ,- մեկնաբանում է Թամանյանի թոռը` Հայկ Թամանյանը,- ենթադրվում էր, որ այս սրահում հայտնվելիս պետք է վեհ զգացողություններ արթանային, և այն պետք է մարմնավորեր Հայաստանի վերածնվող ճարատարապետության գաղափարը»:

Թամանյանը, սակայն, մոտ 10 տոկոսի ներդրում է ունեցել կառավարության շենքի կառուցման գործում, այն ավարտել է որդին` Գևորգ Թամանյանը, որից հետո ճարտարապետ Սամվել Սաֆարյանը նախագծել է ներկայիս արտաքին գործերի նախարարության շենքը: Եվ ժամացույցի աշտարակի առկայության պարագայում շեշտադրումը փոխվել է, թմբուկի հարցը համարվել է փակված: Այնուհետև Մարկ Գրիգորյանը, որը եղել է հաջորդ գլխավոր ճարատարապետը, կառուցել է պատկերասրահի շենքն ու շեշտադրումը տեղափոխել այդ շենքի վրա: Շենքերի այս դասավորության պարագայում, ճարտարապետների դիտարկմամբ, Թամանյանի թմբուկի հարցը միանգամայն օրակարգից դուրս է:

Ընդ որում, Սարգսյանի ներկայացրած նախագիծն  էապես տարբերվում է թամանյանական տարբերակից, քանի որ այն ենթադրում է վարչական շենքի գործառույթ, որտեղ կտեղափոխվեն վարչապետն ու կառավարության աշխատակազմը, իսկ կառավարության շենք կտեղափոխվեն սփյուռքի և արդարադատության նախարարությունները: Այդ շենքը ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը բնութագրում է որպես լրիվ այլ շենք` Թամանյանի նախագծի կեղևի մեջ:

«Անկախի» աղբյուրն ասում է, որ խորհրդի նիստի ժամանակ, երբ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է իր նախագիծը, ճարտարապետները չեն ընդունել, որից հետո Երևանի քաղաքապետը հարցրել է, թե կո՞ղմ են արդյոք, որ Թամանյանի թմբուկը կառուցվի: Անդամները կողմ են քվեարկել Թամանյանի գաղափարի իրագործմանը` պատճառաբանելով, որ Թամանյանին դեմ լինել չեն կարող: Սակայն հաղորդագրության մեջ այդ քվերակությունը նենգափոխվել է:

Ճարտարապետների միության անդամ Սաշուր Քալաշյանն ասում է, որ այդ որոշումը մեկնաբանվել է որպես հավանություն Նարեկ Սարգսյանի նախագծին. «Սակայն Թամանյանի նախագիծը խեղաթյուրված է: Դա նույնն է, ինչ կենդանի ձիուն սպանես, մեջը խոտ լցնես ու ասես` սա ձի է»:
«Պահպանենք հանրապետության հրապարակը» նախաձեռնության անդամ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն այս ամենի մեջ հստակություն մտցնելու նպատակով նախաձեռնության անունից նամակ է հղել Երևանի քաղաքապետարան` պահանջելով նիստի արձանագրությունը: «Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է եղել նիստի ժամանակ,- ասաց նա,- բայց նամակի պատասխանը դեռ չենք ստացել»:

Նախաձեռնությունը նամակ է գրել նաև քաղաքաշինության նախարարին` հարցնելով, թե ինչու նախարարությունը հանրային լսումներ չի կազմակերպել այդ հարցի շուրջ: «Նախարարությունից մեզ պատասախանեցին, որ դա Երևանի քաղաքապետարանի գործառույթն է, մենք էլ այդ նամակն ուղղել ենք քաղաքապետարան»,- ասում է Պետրոսյանը:

Լսումներ Հանրային խորհրդի նախաձեռնությամբ

Քննարկում Ճարտարապետների միության շենքում

Հարցը լուծելու համար նախաձեռնության անդամներ Սարհատ Պետրոսյանը, Անի Վերանյանն ու Մանե Թամանյանը դիմել են Հանրային խորհուրդ: ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի արտահերթ նիստում որևէ որոշում չի ընդունվել, սակայն քննարկվել է երիտասարդ ճարտարապետների նամակ-բողոքը: Իսկ ՀԽ ճարտարապետության և քաղաքաշինության հարցերով ենթահանձնաժողովը` Ճարտարապետների միության հետ համատեղ,  օրերս քննարկում էր հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի երկխոսության միջոցով կողմերն իրար հասկանային:

«Բացի այդ, Հանրային խորհուրդը կլսի  քննարկման ժամանակ հնչած առաջարկները և դրանց հիման վրա որոշում կկայացնի» ,- ասաց նիստը վարողը` Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:

Քննարկմանը հրավիրված Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չէին եկել:

Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց հրապարակի ձևավորման պատմությունը, որն ստեղծվել է տարբեր տարիների` տարբեր ճարտարապետների կողմից, և ըստ էության` այն հրապարակը, որ մենք ունենք, Թամանյանի նախագծած հրապարակը չէ: Սակայն ունենք այն, ինչ ունենք:

«1970 թ. հրապարակի ճարատարապետական անսամբլը արժանացել է պետական մրցանակի,- ասաց Պետրոսյանը, – իսկ 2004 թ. այդ տարածքը` բոլոր շինություններով հանդերձ, ընդգրկվել է պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում: Այն համարվում է մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկն ու պատմական ակնարկներով ներկայացնում է Հանրապետության հրապարակի կենսագրությունը»:

Այդ մասին կառավարության որոշումից համապատասխան հատվածներ է առանձնացրել ճարտարապետ Արեգ Ասատրյանը, որը ներկայացված է նախաձեռնության էջում:

«Որպես միասնական հուշարձան ներկայացված է Հանրապետության հրապարակի համալիրը: Իսկ կառավարության շենքը նրա ենթամասն է,- գրում է նա,- ասել է թե` կառավարության շենքի վրա առաջարկվող գմբեթը ենթադրում է ոչ թե մեկ հուշարձանի, այլ մի ամբողջ հուշարձան համալիրի փոփոխություն: Եվ բոլորին պարզ է, որ գմբեթակիր կառավարական շենքը թելադրելու է մեկ այլ հուշարձանի` պատկերասրահի քանդելը: Ընդ որում, 2004 թ., երբ հաստատվել է հուշարձանների ցանկը, Հյուսիսային պողոտայի նախագիծը հաստատված և իրականացման ընթացքում էր: Այսինքն` այն ժամանակվա գլխավոր ճարտարապետին (Նարեկ Սարգսյանին ) հայտնի էր, որ մի օր պատկերասրահի քանդման հարցը բարձրացվելու է որպես պողոտայի տեսողական առանցքը բացելու պարզ քաղաքաշինական հետևանք»:

Ճարտարապետ Բորիս Քոչարյանը ներկայացրեց կառավարության ընդունած որոշման իրավական հիմքերը:

«Կառավարության որոշման մեջ Թամանյանի անվան կամ գմբեթի, թմբուկի որևէ հիշատակում չկա,- ասաց նա:- Անհասկանալի է, թե որտեղից է հայտնվել «Ռոսինչինվեստ» ՍՊԸ-ի անունը: Բացի  դրանից, այդ որշումը «Ա» որոշում է, որը նշանակում է, որ որոշման հեղինակն անհատ է: Որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որից ամենակարևորը կառուցապատող ընկերության կապալառուի ընտրությունն է: Ըստ էության, որոշումը ոչ թե շենք կառուցելու մասին է, այլ կապալառու ընտրելու»:

Քոչարյանը ներկայացրեց օրենքի պահանջը, համաձայն որի, թե՛ կապալառուի, թե՛ նախագծի ընտրությունը մրցույթով պիտի լինի:

Ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որը քաղաքաշինության խորհրդում միակ դեմ քվեարկողն է եղել, ասում է, որ մրցույթ պետք է արվի. «Ընդ որում, մրցույթ, որին կմասնակցեն նաև բոլոր երևանցիները, իսկ ես դեմ եմ քվերակել, որովհետև Թամանյանի հրապարակը վաղուց է աղավաղվել»:

Ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանն էլ անդրադարձավ թամանյանական Երևանին` հռետորական հարց տալով, թե  ի վիճակի՞ ենք իրականացնելու այսօր  նման շենք:

«Ես մտավախություն ունեմ,- ասում է նա:- Թամանյանական նախագիծ ասելով՝ մենք պետք է պատկերացնենք այն վեհ գաղափարը, որի շուրջ կազմվել է թմբուկը: Թամանյանի մարմնավորած վեհ, հերոսական գաղափարն այսօր գոյություն չունի»:

«Պահպանենք հանրապետության հրապարակը» նախաձեռնության մոտ 900 անդամների ճնշող մեծամասնությունը` 700 հոգի, օնլայն հարցման  մեջ  դեմ է քվեարկել հրապարակում որևէ միջամտության:

Իսկ հանրային քննարկման ժամանակ շատ էին լսվում կարծիքներ, որ բավական է Թամանյանի անունը շահարկել:

«Ինչի՞, Միքելանջելոն փո՞քր ճարտարապետ էր, որ նրանից հետո եկած ճարտարապետները այլ ոճ են կիրառել,- հարցնում է Բորիս Դավթյանը,- Թամանյանի թմբուկը վերականգնելու պատճառ չեմ տեսնում»:

Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն էլ կարծում է, որ Թամանյանի անվան ստվերում թաքնված մարդիկ նրա մտահղացումներն օգտագործում են իրենց շահերի համար:

Նարեկ Սարգսյանի նախագծին կողմ է միայն  ճարտարապետ Լևոն Իգիթյանը, նա կարծում է, որ սա հանրային քննարկման հարց չէ:

Ինքը` Նարեկ Սարգսյանը, կարծում է, որ այս շարժումն անձնավորված է և ուղղված  իր դեմ: «Հասարակության մեջ ապատեղեկատվություն տարածող մարդիկ շատ չեն,- ասել է նա:- Եթե անկախ մարդիկ գալիս են քաղաքաշինական խորհուրդ և արտահայտվում են ի շահ թմբուկի կառուցման, ես այլ եզրակացություն չեմ կարող անել»:

Հարցը քննարկելու է նաև ՀԽ պատմական արժեքների և հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովում, որից հետո Հանրային խորհուրդը որոշում կկայացնի:

 

 

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply