Մի շարք անօթևաններ նույնիսկ փաստացի հաշվառում չունեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2011 15:50

«Շիրակ կենտրոնը» աղետի գոտում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքներին կացարան հատկացնելու խնդրի մասին դիմում-առաջարկ է ուղղել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան.Վարդանյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Դիմում – առաջարկի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Աղետի գոտում և հատկապես Գյումրիում կան պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա բազմաթիվ ընտանիքներ, որոնք չունեն նույնիսկ ժամանակավոր կացարաններ և բնակվում են վարձով կամ ազգ-բարեկամների տանը:

Տասնյակ ընտանիքներ էլ կան, որոնք թեև երկրաշարժին կորցրել են բնակարաններ, սակայն անօթևանների հերթացուցակում ընդգրկված  չեն միայն այն պատճառով, որ վերահաշվառման ժամանակ` մինչև 2008 թվականի ավարտը հանրապետությունից բացակայել են կամ ժամանակին չեն կարողացել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը պատրաստել ու հանձնել համայնքային իշխանություններին: Ինչպես գիտենք, նրանք ևս, աղետի գոտում բնակբաշխման գործընթացը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կանոնակարգի համաձայն, ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:

Այդ իսկ պատճառով մեր բազմաթիվ հայրենակիցներ, հատկապես` վերջին 2-3 տարվա ընթացքում արտերկրից վերադարձած ընտանիքները, հայտնվել են անելանելի վիճակում:

Մեզ են դիմում և այնպիսի անօթևաններ, որոնք կացարան չուենալու պատճառով զրկված են անգամ մշտական կամ փաստացի բնակության վայրի հաշվառում ունենալու հնարավորությունից (http://shirakcentre.org/hy/lurer/989-shirak-centre-ngo, http://www.youtube.com/watch?v=iyRs0ec62Es&feature=player_embedded#at=14):

Պարոն նախարար, պարոն մարզպետ և պարոն քաղաքապետ

Կարծում ենք` ներկայումս, երբ Հայաստանում և հատկապես աղետի գոտում մեծ են արտագաղթի  ծավալները,  անհրաժեշտ է անհապաղ անդրադառնալ փաստացի փողոցում և ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու խնդրին: Նրանցից շատերը համաձայն են անգամ բնակվել ժամանակավոր կացարաններում կամ հանրակացարաններում, միայն թե ծածկ ունենան իրենց գլխի վերև և որևէ տեղ փաստացի հաշվառվելու հնարավորություն:

Մենք տեղյակ ենք, որ Գյումրին տնակներից ազատելու խնդիրը Ձեր կողմից շատ է կարևորվում: Իսկ աղետի գոտում քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշումների համաձայն էլ բնակարան ստացած քաղաքացիները, բացառությամբ բազմանդամ ընտանիքների, պարտադիր կերպով պետք է քանդեն և տարածքներն ազատեն ժամանակավոր կացարաններից: Այդ թվում կան քանդման ենթակա, նախորդ և ընթացիկ տարում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից տնօրինվող քարաշեն կամ կիսաքարաշեն ժամանակավոր կացարաններ, որոնք միանգամայն պիտանի են երկարաժամկետ բնակության համար: Ուստի նպատակահարմար կլինի, եթե նման ժամանակավոր կացարանները քանդելու փոխարեն համապատասխան դրամական փոխհատուցում տրամադրվի դրանք փաստացի տնօրինողներին և կացարանները տրամադրվեն այն ընտանիքներին, որոնք  բնակվելու որևէ տեղ չունեն և պետության կողմից էլ բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

Այդ նպատակով առաջարկում ենք աղետի գոտում ստեղծել հանձնաժողով, ընդգրկելով նաև քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ: Այդ հանձնաժողովին տալ բնակության համար պիտանի, քաղաքաշինության նորմերին չխանգարող ժամանակավոր կացարանները բնակարան ստացած քաղաքացիներից որոշակի գումարային փոխհատուցմամբ վերցնելու, հաշվառելու և վերը նշած կարգավիճակում հայտնված ընտանիքներին բաշխելու լիազորություններ:

Միաժամանակ  կարծում ենք` անհրաժեշտ է մշակել և իրականացնել պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքներին կացարաններով ապահովելու այլ ծրագրեր ևս: Մասնավորապես.

1. խրախուսել, որ անհատ բարերարների կամ բարեգործական հիմնադրամների կողմից բնակարանների նվիրատվություններ իրականացվեն հատկապես վերը նշված կարգավիճակում հայտնված անօթևան ընտանիքներին,

2. համայնքին պատկանող բնակարանային ֆոնդից կատարվեն հատկացումներ,

3. հատկացումներ կատարվեն նաև  Հայաստանում պետական բյուջեի միջոցներով կառուցված սոցիալական բնակարանային ֆոնդից:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան

Գյումրի

04. հուլիսի 2011 թ.

 

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply