Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 4, 2011 15:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերն ու նշանակությունը՝ որպես զբոսաշրջության բնագավառում քաղաքականության և զբոսաշրջային գործու­նեության խնդիրների համար կենտրոնական համաշխարհային ֆորում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ զբոսաշրջային արդյունաբերությունը գնալով ավելի ու ավելի է կարևորվում ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման գործում, մշակութային և  քաղաքական բնագավառներում։

Սերժ Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքր-ինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:

«Բնականաբար, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը և շատ ուրախ ենք, որ շուրջ 15 տարի է անդամակցում ենք համաշխարհային կազմակերպությանն ու ունենք համագործակցության լավ ապագա»,-ասել է Հանրապետության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ ՄԱԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա այդ համագործակցությանը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԶՀԿ-ի և Ճամփորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի բաց նամակը, նշելով, որ  քարոզարշավի ընթացքում նման նամակներ հանձնում են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, ովքեր ի գիտություն և ի համաձայնություն են ընդունում զբոսա­շրջային արդյունաբերության տնտեսական, սոցիալական և քաղաքական կարևորությունը:

 

 

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply