Ալեքսանդր Իսկանդարյան. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բեկումնային փոփոխություններ դեռ չեն լինի»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 4, 2011 14:53
Այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բեկումնային փոփոխությունների սպասելու որեւէ հիմք չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հատնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Չեմ կարծում, որ ընդհանրապես Մինսկի խմբի ձեւաչափը փոխելը հնարավոր է: Այն բավարար հաստատված է, եւ փոխելը հիմարություն կլիներ: Իմ կարծիքով, իր առաջադրանքը Մինսկի խումբը բավական լավ կատարում է»,- նշեց Ա.Իսկանդարյանը:
Անդրադառնալով հակամարտության վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանը’ Ա. Իսկանդարյանն ասաց, որ, իրականում ԵՄ-ն փորձում է մտնել ինչ-որ դաշտ, որտեղ Հայաստանին, Ադրբեջանին եւ նույնիսկ նրանց միջեւ հակամարտությանը վերաբերող հարցերում կարող է լինել ավելի ակտիվ:
«Պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, խնդիրը լուծվել չի կարող: Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է ոչ թե որպես լուծում գտնելու փորձ, այլ որպես ճնշման միջոց: Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ նստելը կնշանակի, որ Ադրբեջանը պատրաստ է զիջումների»,- հավելեց քաղաքագետը:
Ա. Իսկանդարյանը գրեթե անհնար է համարում Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի վերսկսումը: Նրա խոսքով’ շփման գծում փոխհրաձգությունը կշարունակվի, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է պահպանել լարվածությունը: «Պատերազմ սկսելու համար պետք են այլ պայմաններ, այլ ռեսուրսներ, ուժերի այլ հարաբերակցություն, իսկ դա չկա ու չի լինելու»,- ընդգծեց քաղաքագետը: Նրա կարծիքով’ եթե այդուհանդերձ, Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, այն կտեւի 5 օր, հետո կդադարի’ ստեղծելով բազմաթիվ նոր խնդիրներ եւ չլուծելով առկա խնդիրներից եւ ոչ մեկը: «Դա հսկայական ռիսկ է, իսկ շահը զրոյական է»,- եզրակացրեց քաղաքագետը:






Facebook
Tweet This
Email This Post
