ՌԱՀՀԿ-ում Իրան-արաբական հեղափոխություններ կապի թեման արծարծեց պրոֆեսոր Ալի Գրանմայեհը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2011 14:31

Իրանի վրա արաբական հեղափոխությունների ունեցած ազդեցության թեման այսօր արծարծվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցած քննարկման ժամանակ, որին մասնակցում էին վերլուծաբաններ, քաղաքականությամբ հետաքրքրվող փորձագետներ եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով սեմինար-քննարկումը բացեց եւ հիմնական բանախոսին` միջազգային հարաբերությունների մասնագետ, Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ալի Գրանմայեհին ներկայացրեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Այն վերաբերմունքը, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում վերջերս տեղ գտած հեղափոխական շարժումների նկատմամբ ցուցաբերում է Իրանը, բանախոսը համեմատեց 30 տարի առաջ կապիտալիստական ճամբարում կատարվող փոփոխությունների հանդեպ նախկին Խորհրդային միության դիրքորոշման հետ, որն այլ կերպ, քան ժողովրդավարական արժեքների համար պայքարի էությունը խեղաթյուրելու եւ այն իբրեւ համակարգից ժողովրդի դժգոհություն ներկայացնելու փորձեր, չես անվանի:

«Իրանը պաշտոնական իր քարոզչամիջոցներով փորձում է սեփական հասարակությանը համոզել, որ արաբական աշխարհն ալեկոծած շարժումները ոչ թե ժողովրդավարության, ազատությունների կամ էլ սոցիալ-տնտեսական բարեփոխումների համար են, այլ` զուտ իսլամի: Իրանական գաղափարախոսության հիմնական ուղղություններից մեկը կոչված է ցույց տալու, որ հասարակություններն այլեւս հոգնել են ժողովրդավարական կոչերից ու կարգախոսներից, քանի որ դրանց մեջ տեսնում են պետության եւ կրոնական հանրակարգերի տարանջատման սաղմերը, ինչը վնաս է հասցնում ազգային շահերին»,- նշեց Ալի Գրանմայեհը` մանրամասնելով առանձին երկրներում, օրինակ` Թունիսում, Եգիպտոսում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Սիրիայում եւ այլուր տեղի ունեցած դեպքերի նկատմամբ Իրանի մոտեցումների յուրահատկությունները:

Դասախոսությանը հաջորդած հարցուպատասխանին մասնակցեցին «Ուխտ Արարատի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հրանտ Աշչյանը, Հանրային ռադիոյի լրատվական ծառայության աշխատակցուհի Աննա Նազարյանը, «Panorama.am» կայքէջի թղթակից Արկադի Մովսիսյանը, ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը եւ ուրիշներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

 

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply