Աշխատատեղերի ստեղծումը՝ առաջնահերթություն. Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2011 13:00

Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղավ Լճաշեն համայնքում, ծանոթացավ Սևանը Գավառի հետ կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ վերականգնվող հատվածի երկարությունը շուրջ 2.5 կիլոմետր է, աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:

Այնուհետև վարչապետն այցելեց Սևան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Սևանի պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1949թ.: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծու¬մով, կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների և ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշա¬նային համակարգի տեղադրում, շենքի ճակատային մասերի սվաղում և ներկում: Այդ աշխատանքների համար նախատեսված է շուրջ 80.8 միլիոն դրամ:
Վարչապետն այցելեց նաև Սևան քաղաքի ավագ դպրոց, որը վերականգնման կարիք ունի: Գործադիրի ղեկավարը հանձնարարեց այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները:
Տիգրան Սարգսյանը եղավ Սևան քաղաքի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակում, հանդիպեց ՀՀԿ ակտիվի հետ, այնուհետև վարչապետը անդամատոմսեր հանձնեց շուրջ 300 նորընծա կուսակցականներին:
Ելույթ ունենալով ներկաների առջև, Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն, լինելով կառավարող կուսակցություն, կրում է երկրի սոցիալ տնտեսական հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը. «Մեր առաջ ծառացած են լրջագույն չլուծված հիմնախնդիրներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ լուրջ հարված հասցրեց, առաջացան նոր բարդություններ, սակայն Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը պատվով կրում է իր բեռը»: Հանդիպման ավարտին, վարչապետը պատասխանեց սևանցիներին հուզող հարցերին, նշելով, որ կառավարության համար առաջնայնություն է նոր աշխատատեղերի ստեղծումը:
Վարչապետը նշեց, որ այս հարցը լուրջ է հատկապես Գեղարքունիքի մարզում և հավաստիացրեց, որ սևանցիների խնդիրների լուծումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

 

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply