Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2009 10:03

mar_5794-3ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ:

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին:

Ներկայացված ստուգման արդյունքների վերաբերյալ ծավալվել է համակողմանի քննարկում. նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ամրագրել կատարման հստակ ժամկետներ:

Նշելով, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ և տեղյակ է ընթացիկ խնդիրներին, Հանրապետության նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել լսել նաև խորհրդակցությանը մասնակից գեներալներին ու սպաներին:

Կարևորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը` Նախագահն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին և անընդհատ կատարելագործվի:

«Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ և արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply